Վարկած կա, որ այսպես թե այնպես կորոնավիրուսով շատերս ենք վարակվելու, եթե ոչ բոլորս. Նիկոլ Փաշինյան
Եթե մենք խուճապի ռիսկը հաղթահարենք, հիմա ընկնում ենք մեկ ուրիշ ծայրահեղության մեջ: Մենք շատ հանդարտ ենք վերաբերվում հարցին։ Երեկ ես մի քանի ռեպորտաժ եմ նայել բակերում զբոսնող մեր հայրենակիցների մասին: Մարդիկ այն համոզմանն են, որ կորոնավիրուսն իրենց չի հասնի: Ես ուզում եմ կիսել այդ լավատեսությունը, սակայն իրականությունն այդպիսին չէ: Եթե մենք միջոցներ չձեռնարկենք, կորոնավիրուսը կհասնի մեզ: Չնայած կա վարկած, որ այսպես թե այնպես կորոնավիրուսով շատերս ենք վարակվելու, եթե ոչ բոլորս: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայատարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ պետք է պրոցեսը կառավարելի պահեն, պացիենտների թիվն այնքան մեծ չպետք է լինի, որ Հայաստանն այլ երկրների նման փողոցներում ծառերի տակ մահճակալներ դնի. «Մի եզրը խուճապի մատնվելն է, մի ծայրն անլուրջ վերաբերվելը: Ես կոչ եմ անում լուրջ վերաբերվել հարցին»:
Փաշինյանը հայտարարեց, որ այսօր հաստատված դեպքերի 424-ը նույնիսկ ջերմություն չունեն. «Բայց մյուս կողմից 97 անձ թոքաբորբ ունեն: Այս պահին թոքաբորբով հիվանդ քաղաքացիներից 30-ը գտնվում են ծանր վիճակում:
Իրականում իրավիճակը շատ ռիսկային է: Մենք շատ լուրջ պետք է վերաբերվենք խնդրին: Մանավանդ, որ աշխարհի վիճակագրությունը շատ ավելի վատ է, քան՝ մեզ մոտ: Կանխատեսելի է, որ աշխարհում հաստատված դեպքերի թիվը կհասնի մեկ միլիոնի»: