Google Maps-ը համավարակի ֆոնին կգործարկի նոր գործառույթ, որը կզգուշացնի տեղաշարժման սահմանափակումների մասին

Google Maps քարտեզային ծառայությունը կորոնավիրուսի համավարակի ֆոնին կգործարկի նոր գործառույթ, որը կզգուշացնի այս կամ այն երկրում տեղաշարժման սահմանափակումների մասին: Այս մասին հայտնում է Google ընկերության կայքը:
Ընկերության մամուլի տեղեկագրում ասված է, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում կարևոր է իմանալ, թե «որքան մարդաշատ է երկաթուղային կայարանը, կամ արդյոք ավտոբուսն աշխատում է ըստ գրաֆիկի»։
«Android-ի և iOS-ի համար Google Maps-ի մեր վերջին տարբերակում մենք ներկայացնում ենք այնպիսի գործառույթներ, որոնք կօգնեն հեշտությամբ կարևոր տեղեկություններ ստանալ, եթե ցանկանում եք ուղևորություն կատարել՝ լինի մեքենայով, թե հասարակական տրանսպորտով»,- ասված է մամուլի տեղեկագրում:
Google Maps քարտեզները կցուցադրեն տեղական տրանսպորտային վարչություններից ստացած համապատասխան տեղեկությունները: Գործառույթն ի սկզբանե հասանելի կլինի Կանադայում, ԱՄՆ-ում և Մեքսիկայում։ Այնուհետեւ այն հասանելի կլինի Արգենտինայի, Ավստրալիայի, Բելգիայի, Բրազիլիայի, Կոլումբիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Մեքսիկայի, Նիդեռլանդների, Իսպանիայի, Թաիլանդի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի բնակիչներին: Նշվում է, որ մոտ ժամանակներս երկրների ցանկը կընդլայնվի: