23 / Հունվար / 2020 : 13-57

Հայաստանի ջրվեժներ  

Աշխարհում կան բազմաթիվ ջրվեժների՝ գեղեցիկ, հետաքրքիր, նույնիսկ վտանգավոր: Հայաստանի ջրվեժներն առանձնանում են իրենց յուրահատկությամբ։ Թվում է` այն վայրում, որտեղ ջրվեժն է գոյացել, տեղանքի տրամաբանությամբ միանգամայն կբավականացներ առվակը։ Բայց ոչ, հենց ջրվեժն է, որ անհասկանալի է, թե ինչ սկզբունքներով է իրեն գրավել ժայռերի ճանապարհը, որն ուժ է հավաքում հոսանքների ընթացքում։ 

Թռչկան՝ Հայաստանի ամենաբարձր ջրվեժը  

Հայաստանի բնական գեղեցկություններից մեկը՝ Թռչկանի ջրվեժը, գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանին՝ Գյումրիից` Հայաստանի մշակութային մայրաքաղաքից 33 կմ հեռավորության վրա։ Հայաստանի ամենաբարձր ջրվեժը՝ 23 մետր բարձրությամբ գեղեցիկ Թռչկան ջրվեժը, շարժվում է դեպի Չիչխան գետը, Փամբակ գետի ձախ վտակը, որն իր հոսքն է սկսում Շիրակ լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերին և հոսում դեպի արևելք։  

Գեղարոտի Ջրվեժ

Գեղարոտի ջրվեժը բացառիկ բարձրլեռնային Ջրվեժ է, որը գտնվում է Հայաստանում Արագած լեռան լանջին, Արագած գյուղից մոտ 12 կմ հեռավորության վրա: Ջրվեժը գտնվում է Քասախ գետի Գեղարոտ վտակի վրա՝ ծովի մակերևույթից 3000 մետր բարձրության վրա։  

Շաքիի ջրվեժ

Շաքիի ջրվեժը գտնվում է Հայաստանում՝ Շաքիի գետի վրա։ Բարձրությունը 18 մ է: Ջրվեժը գտնվում է Սիսիանի քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք, Որոտան գետի կիրճում: 

Ջրվեժի անվան հետ կապված մի գեղեցիկ առասպել կա: Շաքին մի գեղեցիկ աղջիկ է եղել, նա այնքան գեղեցիկ է եղել, որ նրա գեղեցկությանը չի դիմացել մեր երկիրը նվաճելու եկած արաբ զավթիչներից մեկը, սիրահարվել է Շաքիին: Զավթիչը հրամայել է աղջկան գալ իր մոտ, Շաքին էլ չի հնազանդվել ու իրեն նետել է բարձունքից ցած: Այդ պահին նրա հագուստի ճերմակ փեշերը տարածվել են ու դարձել ջրվեժ: Ջրի հիմնական մասն օգտագործվում է Շաքիի հիդրոէլեկտրակայանում, ինչը ջրվեժից հսկայական ջուր է խլում և հնարավորություն չի տալիս նրան փայլել իր ողջ շքեղությամբ: 

Ջերմուկի ջրվեժ

Ջրվեժը գտնվում է Վայոց ձորի Ջերմուկ քաղաքում՝ Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի վրա: Սկզբնավորվում է աղբյուրներից, մոտ 68 մ բարձրությունից 3 գմբեթաձև դարավանդներով թափվում Արփա գետ։ Ջրվեժի մասին կա մի հետաքրքիր ավանդություն, իբրև ջրվեժի վերևի հատվածում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի իշխանի ամրոց, որն ուներ շատ գեղեցիկ դուստր, նրա ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանի որ նրա սիրտը պատկանում էր քաջարի ու գեղեցիկ մի երիտասարդի` հովվի որդուն: Աղջիկն ամեն օր կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր իր մոտ: Երբ օրերից մի օր իշխանը գտնում է պարանը, նրա համար ամեն ինչ պարզ է դառնում:

Զայրույթի պահին հայրը անիծում է աղջկան ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»: Աղջիկը հերթական հանդիպման ժամանակ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար վարսերը: Սակայն նույն ակնթարթին իրականանում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»: 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am  

Author's cover photo
Ամսաթիվ 23 / Հունվար / 2020 : 13-57
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 44945անգամ
Վերջին լուրեր