13 / Հունիս / 2020 : 22-31

Նախագահը հարցնում էր՝ ինչ ալտերնատիվ ունենք, եթե դպրոցներում սովորեցնեն, որ հոմոսեքսուալությունը նորմալ բան է, որ մաստուրբացիան լավ բան է․ Նարինե Ներսիսյան

Նախագահը ալտերնատիվ հակակշիռ օղակ է այն իմաստով, որ եթե կառավարությունը Լանզարոտի կոնվենցիայի շրջանակներում դպրոցներում ներդնի ծրագրեր, չափորոշիչներ, որոնց մի քանի տասնյակ հազար ծնողներ դեմ են լինելու՝ բողոքելու փոխարեն՝ մենք մեր մշակված այլընտրանքային տարբերակը կներկայացնենք, որը նախագահի հովանավորությամբ հնչեղություն կստանա։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց սեքսապաթոլոգ Նարինե Ներսիսյանը՝ անդրադառնալով նախօրեին Լանզարոտի կոնվենցիայի կիրառման հետ կապված՝ տարրական կրթության շրջանակներում երեխաների սեռակրթությանը վերաբերող վտանգների մասին նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հրավիրված քննարկմանը։

Նա նշեց, որ նախագահն ընդգծել է, որ մեծամասնության ճնշման տակ կառավարությունը չի կարող հակառակ քայլ անել և առաջարկում է մշակել ծրագիր, որը մեծամասնության ուժի ճնշման տակ որպես հակակշիռ կարող է ընդունվել որպես ուղեցույց։

 «Խոսքն այն մասին է, թե ինչ պետք է երեխաներին սովորեցնեն, այսինքն, եթե դպրոցներում պետք է սովորեցնեն երեխաներին, որ, օրինակ, հոմոսեքսուալությունը նորմալ բան է, որ մարդիկ ունեն գենդեր, որ քո գենդերային ինքնությունը դու ես ընտրում, որ դու ես որոշում, ում հետ սեռական հարաբերություն ունենաս, որ մաստուրբացիան լավ բան է, սա բողոքի մեծ ալիք կբարձրացնի, ոչ մի ծնող դրան համաձայն չի լինի։

Նախագահը հարցնում էր, թե ինչ ալտերնատիվ ունենք, որը պատկերացնում ենք երեխաներին որպես առողջ սեռական դաստիարակություն, որովհետև մենք էլ չենք հերքում, որ երեխաների սեռական շահագործման երևույթը կա, որ սեռական անգրագիտությունը վատ բան է, որ բոլորս ուզում ենք, որ այդ գրագիտությունը լինի։ Հիմա հարցն այն է՝ թե ինչ ձևով դա պետք է արվի, ինչպես ենք մենք պատկերացնում, ինչ ծրագրով, ինչ մեթոդով, ինչ առաջարկներ ունենք։ Նախագահն առաջարկում է ձևավորել առաջարկությունների փաթեթը, որ երբ բանը հասնի նրան, որ տեսնենք, թե ինչով են մտնում դպրոց՝ ունենանք հակառակն առաջարկելու տարբերակ»։

Ներսիսյանն ընդգծեց, որ դեռ հստակ չէ, թե հատկապես ինչ ծրագիր է նախատեսվում ներդնել և երբվանից։

 
«Ամեն դեպքում, եթե չեմ սխալվում, հուլիսից հանրային քննարկման է դրվելու, և եթե պարզվի, որ Կանանց ռեսուրս կենտրոնն է մտնելու դպրոցներ ու սովորեցնելու է, որ մարմինն անձնական է, երեխայի գենդերն էլ դեռ որոշված չէ, եթե հանկարծ նման բան լինի՝ անհնար է, որ դա հալած յուղի տեղ գնա, այս դեպքում՝ միանշանակ, բոյկոտ լինելու է»։

Հարցին, թե արդյոք իրենք կնախաձեռնեն նման ծրագրի մշակումը՝ սեքսապաթոլոգը նշեց, որ դա թողնված է իրենց էնտուզիազմի վրա։ Այսինքն, նախագահն այդ խմբին ոչ ֆինանսավորելու է, ոչ էլ պայմաններ է ստեղծելու, դա ամբողջությամբ թողնված է բարի կամքի վրա։

«Մենք մեր հանապազօրյա հացի խնդիրը լուծելուն զուգահեռ գիշերը պետք է նստենք ու այդ ամենի վրա աշխատենք, բայց դե ճարն ինչ, պիտի անենք, հո չենք թողնելու, որ էդ կարգի այլանդակություններ մտնեն դպրոց»,-ասաց Ներսիսյանը։

Դիտվել է 30269անգամ
Վերջին լուրեր