Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Հունիս / 2020 : 20-49

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվեց Արևմտահայ գրականությանը նվիրված
միամսյակը

Օրերս ավարտվեց 2020 թ. մայիսի 11-ից Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում
մեկնարկած Արևմտահայ գրականությանը նվիրված միամսյակը: Ծրագիրն անցկացվել է ՀՀ Կրթության,
Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության ենթակայության ներքո գտնվող գրադարաններում: 
 
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ միամսայակի շրջանակներում նախատեսված
միջոցառումներն անց են կացվել առցանց հարթակում՝ գրադարանի ֆեյսբուքյան էջում: Առցանց
հրապարակումների միջոցով ընթերցասեր հետևորդներին ներկայացվեց հետաքրքիր և ուսուցողական
միջոցառումների շարքը:
 
Ընդգծենք, որ դեռևս 2010 թ. փետրվարին արևմտահայերենը մտցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի
վտանգված լեզուների էլեկտրոնային ատլասի» մեջ` ստանալով վտանգվածության առկա մակարդակներից
«հաստատապես վտանգված» կարգավիճակը: 
 
Կարևորելով արևմտահայերենը վերակենդանացնելու առաքելությունը, Խնկո Ապոր անվան գրադարանն իր
ընթերցողներին ներկայացրեց արևմտահայ լեզվի ստեղծման, արևմտահայ գրականության ձևավորման ու
զարգացման նախապատոմությունը: Այս ամենն ուղեկցվեց գրադարանի աշխատակիցների և ակտիվ
ընթերցողների կողմից պատրաստված տեսահոլովակներով: Ներկայացվեց արևմտահայ բանաստեղծների,
արձակագիրների կենսագրությունը, գրական ժառանգությունը: 
 
Որպես արևմտահայ լեզվի կրող և այդ լեզվի պահպանության ջատագովներ միջոցառմանը մասնակցեց
սփյուռքում բնակվող հայ հանրությունը: Ընթերցումների շարքը նվիրված էր Սիամանթոյի, Միսաք
Մեծարենցի, Ռուբեն Սևակի, Դանիել Վարուժանի, Պետրոս Դուրյանի և Զահրատի
ստեղծագործություններին: 
 
Արևմտահայ գրականության միամսյակի շրջանակներում կազմակերպվեցին նաև առցանց վիկտորինաներ,
ցուցադրվեցին արևմտահայերեն տեքստերի հիման վրա գրված երգերի տեսահոլովակներ, արևմտահայերեն
մուլտֆիլմեր:
 
Գրադարանի՝ ավանդական դարձած հեքիաթի ընթերցման ժամին երեխաները հնարավորություն ունեցան
ունկնդրել արևմտահայերեն հեքիաթներ:
 
Առցանց միջոցառումներին ընթերցողների մասնակցությունը ևս մեկ անգամ հաստատում է Արևմտահայ
գրականության քարոզչությանն ու ընթերցանության խթանմանը նպաստելու անհրաժեշտությունը։

Դիտվել է 8563անգամ
Վերջին լուրեր