15 / Հունիս / 2020 : 20-40

Թուրքիան վերաբացում է օդային սահմանը Իրանի հետ

 

Թուրքիան պատրաստվում է վերսկսել կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցված ավիահաղորդակցությունն Իրանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ Ստամբուլում կայացած հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Չավուշօղլուն նշել է, որ հանդիպման ընթացքում երկկողմ հարաբերությունների քննարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև միջպետական սահմանների վերաբացման խնդրին։

Ավիահաղորդակցության վերսկսումը նախատեսվում է օգոստոսի 1-ից։ Չավուշօղլուն հայտնել է նաև, որ Սիրիայի հարցով հաջորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա Իրանում։

Հիշեցնենք, որ Իրանը կորոնավիրուսի համավարակից ամենից շատ տուժած երկրների ցանկում է։ Մինչ օրս Իրանում կորոնավիրուսից մահացել է 8․950 մարդ, հաստատված դեպքերի թիվը հասել է 189․876-ի։ Ներկայումս դեռևս ամեն օր երկրում վարակվածության հազարավոր նոր դեպքեր են արձանագրվում։

Դիտվել է 7887անգամ
Վերջին լուրեր