17 / Հունիս / 2020 : 22-03

Մահացել է լրագրող, թարգմանիչ Նելսոն Ալեքսանյանը

Այսօր մահացել է լրագրող, թարգմանիչ Նելսոն Ալեքսանյանը: Լուսավոր ու պայծառ մարդ, ով բարությամբ էր լցնում շուրջբոլորը:

Ծնվել է 1952թ. հունվարի 1-ին, Էջմիածին քաղաքում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժնում: 1979թ. ավարտել է ԽՍՀՄ Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի (Մոսկվա) թարգմանչական բաժինը։

Աշխատել է ՀԳՄ «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսում, «Նոյյան տապան» և «Արմենպրես» լրատվական գործակալություններում, «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթում։ 1989թ-ից Հայաստանի գրողների նիության անդամ է: 

Նրա թարգմանությամբ առանձին գրքերով և ժողովածուներով լույս են տեսել հայաստանյան և սփյուռքահայ արդի և դասական տասնյակ գրողների ստեղծագործություններ ինչպես Հայաստանում և Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսրայելում, Լեհաստանում և այլուր։ Ռուսերենից հայերեն է թարգմանել գիտական և իրավաբանական բնույթի դասագրքեր։ Հայաստանյան մամուլում հրապարակել է տասնյակ հրապարակախոսական հոդվածներ։

Հեղինակել է շուրջ 50 թարգմանական գիրք, որոնցից են՝ Ռուբեն Հովսեփյանի «Ամենատաք երկիրը» (1983թ.), «Ապրիլ» (1985թ.), Կարեն Սիմոնյանի «Միքայել Նալբանդյան» (1984թ.), Ռազմիկ Դավոյանի «Եթե աստված կամենա» (2009թ.), Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» (2012թ.) և այլն:

Արժանացել է ՀՀ ՊՆ մրցանակի:

Դիտվել է 9541անգամ
Վերջին լուրեր