«...Երկարափեշ եթե լիներ հագուստը քո`
Ես կասեի». Պարույր Սևակ
Անցնում էիր:
Ողջ երեկոն քոնն էր կարծես,
Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ:
Երկարափեշ եթե լիներ հագուստը քո`
Ես կասեի,
Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից`
Քո հագուստի փեշի նման:
Սակայն կարճ էր հագուստը քո:
Եվ երեկոն
Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ`
Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո…
Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ
Ու շուլալվել քո հագուստի կոճակներին:
Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ
Երկարում էր քո ստվերը` հմայքի՛դ պես,
Ու քայլում էր քեզնի՛ց առաջ` հմայքի՜դ պես…
Եվ արթնացավ մեջս հանկարծ
Ինքնաձաղկման և ամոթի
Տարօրինակ մի ցանկություն.
Եթե կյանքում կա քեզ նման մի թանակություն
Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով`
Ոչ թե անո՜ւշ մի հիացքով,
Այլ մի տըտի՛պ,
Հաճախ դա՛ռըն,
Նաև կծո՜ւ մի հայացքով:
Եվ ինչպե՛ս եմ հաճախ իջել-ստորացել`
Բարկանալու և դատելու աստիճանի,
Չարանալու և ատելու աստիճանի,
Ու թույլ տվել, որ նողկանքը տեղից հանի
Հիացմունքի՜ն:
Հոգով-սրտո՜վ ներողություն…
Այսուհետև, ինձ հավատա՜,
Է՜լ չպիտի ես խառնվեմ ո՛չ իմ գործին.
Է՜լ չպիտի այսուհետև
Հակվեմ կյանքի աղտ-աղարտի ծանրության տակ:
Առանց այն էլ ես հակված եմ բեռան ներքո
Ա՛յն վիթխարի երգեհոնի, որ ի ծնե
Սապատվել է իմ շալակին:
Թող հնչի նա՛:
Եվ անցիր դո՛ւ:
Միայն թե դու … «մե քիչ կամա՛ց գնա, գոզա՜լ»,
Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի
Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված,
Որ քո տեսքից հանգստանան աչքերը մեր,
Եվ քեզ թաքուն ունենալուց
Ջղերը մեր քիչ խաղաղվեն,
Ու երկարի այս անդորրը` շուքի՛դ նման,
Ու կարճանա հոգնությունը` փեշերի՛դ պես…
ՊԱՐՈՒՅՐ ՍևԱԿ
«ԲԵՌԱՆ ՆԵՐՔՈ»
Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։