Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Հունիս / 2020 : 22-06

«Ռոսկոմնադզոր»-ն ապաարգելափակել է Telegram մեսենջերը Ռուսաստանի տարածքում

ՌԴ կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսկոմնադզոր») իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ Գլխավոր դատախազության հետ համաձայնեցնելուց հետո որոշում է կայացվել երկրի տարածքում ապաարգելափակել Telegram մեսենջերը:

«Դրական ենք գնահատում Telegram-ի հիմնադրի՝ ահաբեկչությանը և ծայրահեղականությանը հակազդելու պատրաստակամությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Ռոսկոմնադզոր»-ից հայտնել են, որ պատրաստ են երկրի տարածքում գործող բոլոր համացանցային ընկերությունների հետ աշխատել, որոնք կօգնեն ահաբեկչական և ծայրահեղական տեղեկատվության, մանկական պոռնոգրաֆիայի, ինքնասպանության և թմրամոլության քարոզի տարածումը կանխելու հարցում։

Հունիսի 15-ին հայտնի էր դարձել, որ Պետդումայի մի քանի պատգամավոր Telegram մեսենջերի արգելափակման արգելքի մասին օրինագիծ են ներկայացրել։

Telegram-ը Ռուսաստանի տարածքում արգելափակվել էր 2018 թվականի գարնանը։ Պատճառն այն է եղել, որ Telegram-ի ղեկավարությունը Անվտանգության դաշնային ծառայությանը հրաժարվել է օգտատերերի նամակագրության վերծանման բանալին տրամադրել։

2019 թվականի հոկտեմբերին գերատեսչությունից հայտնել էին այլ համակարգի ստեղծման մասին, որը թույլ կտա 1 տարվա ընթացքում ամբողջովին արգելափակել Telegram-ը Ռուսաստանում։
 

Դիտվել է 7312անգամ
Վերջին լուրեր