ՆԱՍԱ-ն իր հաջորդ մարսիական առաքելությամբ յուրահատուկ հարգանքի տուրք կմատուցի կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին

ՆԱՍԱ-ն մտադիր է հուլիսի 20-ին հատուկ արծաթյա ցուցատախտակ ուղարկել Մարս՝ նվիրված կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող բուժաշխատողներին:
Ինչպես ներկայացնում է Fox News-ը, ցուցատախտակը, որի վրա 11 մլն անուն նշված կլինի, կարմիր մոլորակ կուղարկվի Perseverance մարսագնացով: «Ցանկանում ենք մեր գնահատանքը ցույց տալ նրանց, ովքեր մի կողմ են դրել իրենց անձնական բարեկեցությունն ուրիշների բարօրության համար: Հուսով ենք, որ երբ ապագա սերունդներն ուղևորվեն Մարս և ուսումնասիրեն մեր մարսագնացը, կհիշեն, որ 2020թ․ նման մարդիկ են ապրել Երկրի վրա»,- ասել է առաքելության փոխղեկավարը:
7.6 սմ լայնությամբ և 12.6 սմ երկարությամբ ցուցատախտակի վրա պատկերված է առողջապահության և բժշկության ոլորտի խորհրդանիշ հանդիսացող գավազանի շուրջ փաթաթվող օձը և Երկիր մոլորակը, որին պահում է գավազանը: