Ռուսական պատվաստանյութը կորոնավիրուսից կպաշտպանի առնվազն երկու տարի․ Գամալեայի անվան ազգային հետազոտական կենտրոն
Ռուսաստանում Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը redstar.ru կայքին տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ ՌԴ պաշտպանության նախարարության հետ համատեղ ստեղծված պատվաստանյութի ազդեցությունը կպահպանվի երկու տարուց ավելի։
Գինցբուրգը պարզաբանել է, որ դեղամիջոցն ադենովիրուսային կոնտեյներների միջոցով վիրուսում «կորոնայի» սպիտակուցը կոդավորող գեներ է փոխանցում։ Այն ներարկվելու է երկու անգամ:
Նրա խոսքով՝ այդ պատվաստանյութի՝ նման «ուժեղ» չափաբաժնով ընդունումը մարդուն «գոնե երկու տարի և հնարավոր է՝ ավելի երկար ժամանակով» կպաշտպանի կորոնավիրուսի հնարավոր վարակումից։
Գինցբուրգը հավելել է, որ դեղամիջոցի նման երկարատև ազդեցությունը հնարավոր է եղել ապացուցել ՌԴ պաշտպանության նախարարության բժշկական հաստատությունների և Ազգային հետազոտական կենտրոնի՝ աֆրիկյան Գվինեայում Էբոլայի վիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման ուղղությամբ տարված համատեղ աշխատանքների ընթացքում։
Խոսելով դեղամիջոցի պահանջված քանակի մասին՝ Գինցբուրգը նշել է, որ Ռուսաստանի բնակչության զանգվածային պատվաստման համար այդ դեղամիջոցից 70 միլիոն չափաբաժին անհրաժեշտ կլինի։
Երկրի ղեկավարությունը և առողջապահական կազմակերպություններն արդեն միջոցներ են ձեռնարկում արտադրանքը զանգվածային դարձնելու համար։
Հայտնի է, որ այս պատվաստանյութի կլինիկական փորձարկումները Բուրդենկոյի անվան հոսպիտալում սկսվել են հունիսի 18-ին։ Ծրագրվում է դրանք ավարտին հասցնել հուլիսի վերջին։