Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հունիս / 2020 : 18-15

Թե ինչպես Գոհարը դարձավ «ԱԼՄԱՍՏ». համաշխարհային դասականը

Հեղինակ՝ Մարիա Մարկոսյան 

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԳՈՀԱՐԸ ԴԱՐՁԱՎ «ԱԼՄԱՍՏ»

 

«Ոգևորված քայլում էր ու արտասանում.

- Հեյ, պարոններ, ականջ արեք թափառական աշուղին…

Եւ խնդրում էր հայրիկին, որ պեոմը նորից կարդա»:

Նվարդ Թումանյանի հուշերը՝

«Ալմաստ» օպերայի ստեղծման պատմությունից

 

- «Ալմաստ» օպերան առաջին անգամ բեմադրվել է 1930 թվականի հունիսի 23ին Մոսկվայի Մեծ թատրոնի մասնաճյուղում։

- Գրական նյութը (libretto), ըստ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի, ռուսերենով գրել է Սոֆյա Պառնոկը 1917-1918 թթ.-ին։

- Հայերեն է թարգմանել Տիգրան Հախումյանը 1930 թվականի սկզբին։

«Ալեքսանդր Սպենդիարյանը հաճախ էր այցելում հայրիկին. ճաշերին երբեմն մեր տուն էր գալիս, երեկոները հայրիկի հետ անցկացնում:
Սպենդիարյանը հետաքրքրվեց «Անուշ» պոեմով. ուզում էր ձայնագրել, բայց ծանոթանալուց հետո՝ նյութը գտավ միանգամայն անծանոթ: Որոշեցին ամռանը միասին Լոռի գնալ: Հետո հայրիկը կարդաց «Փարվանան». երգահանը հավանեց և ավելի հարմար գտավ օպերայի համար, բայց նկատեց, որ գործողությունների զարգացումը բավարար չէ.- հուշեր՝ Ն. Թ.)։

- «Ալմաստ» օպերան երաժշտական դրամա է, որն արտացոլում է հայ ժողովրդի հերոսական-ազատագրական պայքարը։

- Թիֆլիսում, 1916 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի եւ Հովհաննես Թումանյանի կայացած հանդիպման ժամանակ է ընտրվել ստեղծագործության նյութը եւ հիմքը։

 

«Խնդրում էր՝ հայրիկը որոշ հատվածներ ընդարձակի, երգեր ավելացնի և այսպիսով իրեն հնարավորություն տա օպերա գրելու: Հայրիկը կարծես թե գլխի ընկավ նրա ցանկացածը և կարդաց «Թմկաբերդի առումը.- հուշեր՝ Ն. Թ.»:

- Ոգեշնչված «Թմկաբերդի առումը» պոեմով՝ Սպենդիարյանը գրեց իր «Ալմաստ» օպերան՝ բաղկացած 4 գործողությունից։

- Դաշնամուրի համար մշակված երաժշտությունը (կլավիրը) Սպենդիարյանը ավարտել է 1923ին, իսկ գործիքավորման աշխատանքները շարունակել է մինչև իր կյանքի ավարտը՝ 1928 թվականը։

«Սպենդիարյանն ուրախացած տեղից վեր թռավ ու սկսեց սենյակում ոգևորված շրջել: Նա խնդրեց, որ հայրիկն ամբողջ պոեմը բառացի թարգմանի իր համար: Առանձնապես հավանել էր նախերգանքը: Ոգևորված քայլում էր ու արտասանում.

«Հեյ, պարոններ, ականջ արեք թափառական աշուղին…»

և խնդրում էր հայրկին, որ պեոմը նորից կարդա.- հուշեր՝ Ն. Թ.»:

- «Ալմաստ»ը բեմադրվել է Մոսկվայում, Օդեսայում, Թիֆլիսում, Փարիզում (հայերեն, ռուսերեն, վրացերեն, ուկրաիներեն) եւ մի շարք այլ երկրներում։  

- 1933 թվականի հունվարի 20-ին բացվել է Երեւանի պետական օպերայի եւ բալետի թատրոնը՝ «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ, ապա՝ 1939, 1969, 1971, 1983, 2009 թվականներին վերաբեմադրվել է։

 

 

«Երկուսով նստած՝ մինչև ուշ գիշեր պոեմը արարների էին բաժանում, պատկերներ գծում:
…Հայրիկի ցանկությամբ օպերան պիտի կոչվեր «Գոհար»՝ իշխանուհու անունով: Բայց, ինչպես հետագայում Ալեքսանդր Սպենդիարյանն է բացատրել՝ երկու ձայնավորների՝ օ-ի և ա-ի հարևանությունը խանգարել է երաժշտությունը գրելիս, ուստի և «Գոհարը» փոխարինել է այդ անվան հոմանիշ «Ալմաստ» անվամբ.- հուշեր՝ Ն. Թ.)։

1939 թվականին Երևանի օպերայի և բալետի թատրոնը կոչվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անունով։

Իսկ...
Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան երաժշտական արտահայտչական միջոցների, ձեւի, բովանդակության, երաժշտական հագեցվածության, ծանրակշիռ բարդ ու լուրջ հանգույցներով՝ դրամատուրգիայով, ինչպես նաև արհեստավարժ կատարելությամբ փառահեղ մի ստեղծագործություն է՝ համաշխարհային օպերային արվեստի լավագույն դասական նմուշներից:

Նյութի աղբյուր՝ www.yelaket.am 

 

 

 

 

 

 

 

Author's cover photo
Ամսաթիվ 23 / Հունիս / 2020 : 18-15
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 125768անգամ
Վերջին լուրեր