27 / Հունիս / 2020 : 18-18

Հայուհին. ռուսական բալետի փառքը՝ Ագրիպինա Վագանովան

ՀԱՅՈՒՀԻՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱԼԵՏԻ ՓԱՌՔԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ, ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔ՝ ԱՄԵՆՈՒՐԵՔ...

«ՆԱ ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՏԵՐ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ...»

Վագանովա՝ նույն ինքը ռուսական դասական բալետի տեսության հիմնադիր, ժողովրդական արտիստուհի, մանկավարժ։

Ռուսական արվեստի պատմության մեջ իր բացառիկ դերը եւ ներդրումը ունեցած հայկական ծագում ունեցող Ագրիպինա Յակովլեւնա (Հակոբի) Վագանովան-Վահանյան ծնվել է 1879թ.-ի հունիսի 26ին, Սանկտ-Պետերբուրգ՝ հայի ընտանիքում: Նրա հայրը` Հակոբ Վահանյան-Վագանով, արմատներով պարսկահայ է եղել։ Ծառայել է որպես ենթասպա Աստրախանում: Ընտանիքը ունեցել է երեք դուստր, Ագրիպինա Վագանովան կրտսեր զավակն էր. ապրել են վատ, ծանր, դժվարին պայմաններում։ Նրա հայկական ծագումի մասին շատ քիչ է խոսվել եւ նշվել, սակայն հայուհու նրա շեշտակի դիմագծերը եւ աշխատասիրությունը «խոսել» են այդ մասին։

Վագանովան այն մեծությունն է եղել, որ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո շունչ է տվել ռուսական բալետին. «Այդ դժվարին տարիներին շատերը մեկնեցին ու լքեցին երկիրը, իսկ Վագանովայի մնալը փրկություն էր ռուսական բալետի զարգացման համար։ Ասում են, որ Լենինը հատուկ նշանակություն չտալով՝ նույնիսկ ցանկացել է փակել տալ բալետի դպրոցները։ Սակայն, Վագանովայի պայքարը, որ բալետը կայսերական խաղալիք - հաճույք չէ, այլ՝ արվեստ, մեծ ջանքերի շնորհիվ արժանի նպատակին է հասել, եւ նրա շնորհիւ էլ կայացել է ռուսական բալետի դպրոցը»,- ասել է ռուսական ժող. արտիստ Նիկոլայ Ցիսկարիձեն հարցազրույցներից մեկում։


ԾԱՂՐԱՆՔ ԵՒ ՆՎԱՍՏԱՑՈՒՄԻՑ՝ ԴԵՊԻ ՓԱՌՔ

10 տարեկանում Ագրիպինան ընդունվել է Սանկտ Պետերբուրգի թատերական ուսումնարանի բալետի բաժինը, որտեղ աշխատում էր նաեւ նրա հայրը՝ որպես տոմսակների ընդհանուր հսկիչ: Իրականությունն այն էր, որ աղքատ ընտանիքների երեխաներին անվճար գիշերօթիկ կեցություն էին տրամադրում: Համառ եւ պայքարող Վագանովայի համար, ուրեմն, պարուհի դառնալը մանկության երազանք չի եղել, սակայն, ժամանակի ընթացքում նա սաստիկ սիրել է բալետը եւ իրեն համեմատելով իր հարուստ պարընկերուհիների հետ՝ հասկացել, որ հաջողության հասնելու իր միակ ելքը աշխատասիրությունն է: Այսպիսով, նրա համար ո՛չ թե երազանք, այլ նպատակ է դարձել բալերինա դառնալը։ Նա ապագայում առանց բալետի իրեն չի պատկերացրել:

Իսկ կյանքի ճանապարհը բարդ էր անխուսափելիորեն եւ դժվարություններով լի...

Կարճահասակ, ուժեղ ոտքեր, ծանր ձեռքեր... Սաստիկ անհամապատասխան մարմնի տվյալներ ուներ նա բալետի պարուհու չափանիշների համար։ Եւ բոլոր քննադատներից ավելի լավ գիտեր ինքն իր թերությունները, սակայն՝ հաղթահարեց. մեծ կամք, բացառիկ տաղանդ եւ հիմնականը՝ համառ աշխատասիրություն։ Նրա վրա նույնիսկ ծիծաղել են, նվաստացրել. բնությունը նրան չէ՛ր պարգեւել բալետային կատարյալ կազմվածք։ «Թերություններ», որ կարծես թե խոչնդոտ կարող էին հանդիսանալ, բայց խոր գիտակցության եւ մեծ ջանքերի շնորհիվ, հատկապես ներշնչանքի, որ ինքը ծնվել է բալետի համար՝ հաղթահարել է բոլոր իր առջեւ ծագած դժվարությունները՝ հասնելով մեծ հաջողության եւ արժանացել փառքի. հայուհին՝ ԽՍՀՄ-ում:

«ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԵՒ ՍԱՐՍԱՓԵԼԻ»

Ավարտելով ուսումնարանը, 1897-1916ին նա կրթությունը շարունակել է կայսերական Մարիինյան թատրոնի բալետի բաժնում, ապա մի քանի տարի անց ստացել է դասական պարուհու կարգավիճակ՝ միշտ փայլուն հաջողությունների հասնելով իր անհատական ելույթներում: Նրան կոչել են վարիացիայի (փոփոխություն) թագուհի իր շարժումների սահունության, հմտության շնորհիվ։ Բայց նա ավելիին էր ձգտում՝ մենակատարի, իսկ կյանքը բեմում՝ դժվարին էր։

Բալետում հիմնական դերերը նրան վստահել են իր գործունեության ավարտից կարճ ժամանակ առաջ միայն՝ 36 տարեկանին. 1915-ին նա ստացել է բալետի մենակատարուհու կոչում, իսկ1916-ին արդեն ժամանակն էր թողնել բեմը, ապա զբաղվել է մանկավարժությամբ: «Ճակատագիրը ինձ երբեք երես չի տվել, եւ ահա, հանկարծ, նա ինձ ժպտաց, իմ համարձակությունը հաղթեց, եւ հաջողությունը մեծ էր», - ասել է Վագանովան, երբ մեկ անգամ բացառիկ հնարավորություն էր նրան ընձեռնվել ներկայացման մենակատարին փոխարինելու: Այդ պատահական առիթի շնորհիվ ահա, նա հանդես է եկել ժամանակի լավագույն, բալետի վաստակավոր պարուհու՝ Աննա Պավլովայի կողքին եւ, բարեբախտաբար, աննկատ չէր մնացել հանդիսատեսի ու քննադատների կողմից: Ինքնատիպ, խորապես անձնավորված կատարումներ, հմուտ շարժումներ, անհատականություն՝ նա երբեք ոչ մեկին չէր կրկնում. «Վագանովան հանդիսատեսին հմայել է հատկապես իր թռիչք - ցատկով՝ օդի մեջ մի քանի վայրկյան այդ դիրքը պահելու (կարծես թե օդից կախված լիներ) բացառիկ հմտությամբ, վարպետությամբ ու տաղանդով՝ արժանանալով ծայրից ծայր լեցուն դահլիճի ծափահարություններին», - ասել է բալետի քննադատ Ակիմ Վոլոնսկին։

Սակայն կար մեկը, որ չէր կարողանում հանդուրժել Վագանովայի ելույթները. «Շատ անհաջող պարուհու ընտրություն է, Տիկին Վագանովան, սարսափելի՛ է, ես չեմ ցանկանում գնալ ներկայացման»,- ասել է Մարիուս Իվանովիչ Պետիպան, ռուսական բալետի արտիստ, բալետավար, ծագումով՝ ֆրանսիացի: Այդ ժամանակ նա նույնիսկ չէր կարող պատկերացնել, որ տարիներ անց այդ կինը՝ Ագրիպինա Վագանովան, իր տեղը պիտի զբաղեցնի Մարիինյան թատրոնում, դառնա հանրահայտ մանկավարժ եւ ռուսական բալետի փառքը տարածի ամբողջ աշխարհում:

Վագանովայի լավագույն դերապարերից են եղել՝ Օդետա (Չայկովսկու «Կարապի լիճը»), Մլադա (Մինկուսի «Մլադա»)։

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՎԱԳԱՆՈՎԱՆ

1917ի Հոկտեմբերյան հեղափոխության տարիներին Վագանովան դժվարին կացության մեջ է ապրել. մահացել է ամուսինը, նա պետք է ընտանիքի եւ տղայի ապրուստը հոգար միայնակ։ 36 տարեկանում, որպես պարուհի թոշակի անցնելուց հետո, երկար ժամանակ աշխատանք չի ունեցել: Ելքը գտել է. որոշ ժամանակ ելույթ ունենալով համերգներում՝ նրան ուտելիք են տվել, մինչեւ կգար սպասված 1921 թվականը, երբ իրականացավ նրա վաղեմի ցանկությունը. նա դարձավ պարարվեստի ուսումնարանի հաստիքով ուսուցչուհի։

Վագանովան դասավանդել է նշանավոր բալետի պարուհիների սերունդներ` անուններ, որոնք նույնպես մեծ հաջողությունների են հասել՝ Մարինա Սեմյոնովա, Գալինա Ուլանովա եւ այլք: «Նա ամեն ինչ գիտեր մարմնի մասին». - ասել են հետագայում նրա աշակերտները։ Նա զգացել, հասկացել է մարդկային մարմինը՝ ինչպես հասնել կատարյալ ճկունության եւ շարժումների ճշգրտության։ «Վագանովան արտասովոր ուղեղ ուներ: Նա ինձ համար Միքելանջելոն էր՝ բալետում»,- իր տված հարցազրույցներից մեկում ասել է ռուսական բալետի ժողովրդական արտիստուհի Մայա Պլիսեցկայան։


«ՎԱԳԱՆՈՎԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ»

Հայտնի է, որ 20-րդ դարի բալետի ստեղծման գործում վճռական դեր է խաղացել «Վագանովայի համակարգը»: Ագրիպինա Վագանովան մշակել էր մի ուրույն մանկավարժական ծրագիր-տեսություն, որը մինչեւ այսօր էլ կիրառում են դպրոցներում եւ հայտնի է ողջ աշխարհում: Որն էր նրա համակարգի հիմքը. նա շատ մեծ ուշադրություն էր դարձնում ձեռքերի, իրանի եւ գլխի համակցված շարժումներին (կորդինացիա), ինչպես ճիշտ մարզել ոտքերի մկանները։ Նույնպես, հատուկ աշխատանք էր տանում ձեռքերի շարժումների վրա (հավանաբար, ինչու ոչ, հայկական ժող. պարերի շարժումներից ներշնչված. հայկական ծագումի արտահայտություն, - Մ. Մ.)։ Նրա համար առաջնային էր պարի մաքրությունը. ներդաշնակություն, ձեռքերի արտահայտչականություն, թեթեւություն, փափկություն, հնազանդ ճկունություն, միաժամանակ մարմնի պողպատե կեցվացք, գլխի ազնվական եւ բնական դիրք, ապա զարկերակի հարաբերականությամբ՝ հավասար, ամու՛ր թռիչք։ Եւ ամենագլխավորը՝ ունենալ անհատականություն ու գիտակցաբար մոտեցում բալետին։ Ահա՛ Վագանովայի դպրոցի տարբերակիչ առանձնահատկությունները, ահա այս էր նրա արվեստի եւ համակարգի հաջողության հիմնասյունը։

Իսկ ո՞րն էր Վագանովայի կերպարի հաջողության գաղտնիքը. նա անցկացրեց իր առաջին դասը, ապա երկրորդ, երրորդ եւ հանկարծ հասկացավ. «Ես ծնվել եմ որպես բալետի ուսուցչուհի, այլ ոչ թե պարուհի: Ի՜նչ հաճելի է ուսուցանել»: Նրա խստությունն ու անմիջականությունը, ինչպես նաեւ ոչ հաճախակի գովասանքները աշակերտներին քննարկման նյութ էին դարձել ռուսական բալետի աշխարհում: «Նրա համբավը որպես ուսուցիչ վերելք է ապրել եւ մինչեւ այսօր շարունակում են փառաբանել նրան»,- գրել է ռուսական մամուլը:

«ԴԱՍԱԿԱՆ ՊԱՐԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» ԳԻՐՔԸ

1931ին Ագրիպինան դառնում է Մարիինյան թատրոնի բալետի բաժնի գեղարվեստական ղեկավար։ Երկու տարի անց բեմադրում է «Կարապի լիճ»ը, որը մեծ հաջողություն է ունենում: 1934ին նա արժանանում է ԽՍՀՄ ժող. արտիստուհու բարձր կոչման եւ պետական մրցանակի։ Նույն թվականին լույս է տեսնում իր «Դասական պարի հիմունքներ» գիրքը, որն ունեցել է վեց հրատարակություն եւ թարգմանվել է տարբեր լեզուներով։ Գրքում նա մանրամասնորեն ներկայացնում է իր մանկավարժական եւ մասնագիտական հայացքները։ Նա համակարգել եւ մշակել էր երկար ժամանակ ոչ մեկի չիրականացրածը։ Եթե մինչ այդ դասավանդում էին առանց տեսական համակարգի, ինքնաբուխ, ապա նա համատեղել եւ դասակարգել է դասական բալետի՝ ֆրանսիական նրբությունը, իտալական կոկիկությունը եւ ստեղծել է միջինը՝ կառուցելով ռուսական դպրոց. «Նա նորություն չէ, որ ներմուծեց, այլ համախմբեց եւ կազմեց տարբեր դպրոցների եւ ուսուցիչների բալետի ուսմունքը։ Դասական բալետի հանդեպ նրա մոտեցումն էր նորությունը. գիրք, որ պետք է իր գրապահարանում ունենա յուրաքանչյուր բալետի մասնագետ», - ասել են բալետի քննադատները:


«ՇԵՇՏՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

«Ընդամենը մեկ տարի եւ դա բավական կլիներ մի ամբողջ կյանքի համար»,- այսպես է արտահայտվել Մայա Պլիսեցկայան հարցազրույցներից մեկի ժամանակ: Ապա նա պատմել է, որ երբ մանկավարժ Վագանովայի դասավանդման, ասել է թե՝ խստության, պահանջկոտության դեմ պայքարի մթնոլորտ էր ստեղծվել Մարիինյան թատրոնում որոշ մանկավարժների եւ նույնիսկ մի քանի աշակերտների կողմից եւ նրան ազատել էին գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, նա ընդամենը երկու ամսվա նրա աշակերտուհին էր. «Վագանովայի պարարվեստի սկզբունքները առաջին հերթին ընդգծում էին արվեստագետի անհատականությունը, աշխատասիրությունը, իսկ նրանք, որ կողմնակից չէին այդ խիստ տեսական սկզբունքներին, չէին կարողանում դիմանալ եւ հանդուրժել: Նա հղկում եւ ժամերով ստիպում էր կրկնել արդեն անցած դասը, ապա նրա աշակերտների մոտ, վաղ, թե ուշ, սկսում էր ի հայտ գալ սեփական տաղանդով շեշտված անհատականություն: Ժամանակի ընթացքին սակայն, մանկավարժները սկսեցին հետաքրքրվել այդ խիստ նորաոճ դասավանդման ոճով: Հաճախ նրանց կարելի էր հանդիպել Վագանովայի դասասենյակի դռների մոտ գրառումներ անելիս: Ես ցավում եմ, որ այդ անարդար վերաբերմունքի պատճառով անգամ մեկ տարի նրա աշակերտը չարժանացա լինելու՝ այդ պակասը զգացել եմ միշտ, չէ որ անգամ ես այդ երկու ամսվա դասերից հետո անճանաչելիորեն նկատելի աճ էի ապրել»,- ասել է Մ. Պլիսեցկայան:

1951ի նոյեմբերի 5ին Լենինգրադում (Սանտ Պետերբուրգ) մահանում է Վագանովան: Հրաժեշտի ընթացքում հնչում է «Կարապի լիճ» բալետից մի հատված:

6 տարի անց՝ 1957ին, Լենինգրադի օպերայի եւ բալետի թատրոնը ի պատիվ նրա կոչվում է՝ Ա. Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա (Vaganova Academy of Russian Ballet)։

Տեղեկություններ գրեթե չկան, թե Վագանովան արդյոք խոսել, արտայայտվել է իր հայկական ծագումի մասին, բայց մեկ անգամ նա ասել է՝ «Իհարկե, հայկական մշակույթը ունի մեծ թվով կարկառուն դեմքեր։ Հայ ժողովուրդը Խորհրդային Միության մշակույթի գանձարան բազմաթիվ ընծաներ է բերել, որոնցից լավագույնը, սակայն, հայկական ժողովրդական պարն է: Այն ողջ խորությամբ արտահայտում է հայի ոգին, հոգին եւ նրա բազմակողմանի զգացմունքները»։ Այս խոսքերը նա արտահայտել է, երբ նրա աշակերտուհին առաջին անգամ բեմադրել էր Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը (Պեռմ, 1942թ.)։

«Երկրորդ Վագանովա չի եղել, եւ ես չգիտեմ՝ կլինի արդյոք...», - հարցազրույցներից մեկում ասել է Մայա Պլիսեցկայան (Ռուսական ժող. արտիստուհի):

Հ. Գ. – Երբ իմ դստերս 5 տարեկանից Հունաստանում տանում էի բալետի դասերի, մի քանի դպրոցների հետ առիթ եմ ունեցել առնչվելու։ Ընդունելության ժամանակ, առաջինը, որ շեշտում էին իբրեւ առավելություն. «Մենք դասավանդում ենք «Վագանովայի համակարգով» արտահայտությունն էր՝ իբրեւ գովազդ եւ պարծանք։ Նույնիսկ սրահներն էին ձեւավորված Վագանովայի պատկերներով, մի հայացք, որ ամեն հայ նայելով՝ կասեր՝ ինչ նման է հայուհու: Նույնը պատահեց եւ ինձ հետ, սակայն ցավոք դեռ չէի բացահայտել Վագանովայի հայ լինելը, որ հպարտությունս պիտի շարժեր կրկնակի: Այսօր արդեն՝ ուրախ եմ:

Մարիա Մարկոսյան 

Նյութի աղբյուր՝ www.yelaket.am 

 

yelaket.am -ի այս նյութը արեւմտահայերենով հրապարակվել է նաեւ «Ազատ Օր» օրաթերթում (Հունաստան), հոկտեմբերի 2, 2019թ

 

Author's cover photo
Ամսաթիվ 27 / Հունիս / 2020 : 18-18
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 52331անգամ
Վերջին լուրեր