29 / Հունիս / 2020 : 20-21

«Գույքահարկի մասին օրենք». ե՞րբ և որքանո՞վ է բարձրանալու գույքահարկը

Տևական ժամանակ է, ինչ հանրային և փորձագիտական շրջնակներում քննարկվում է Ազգային ժողովի կողմից ընդունված «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու» մասին կառավարության ներկայացրած նախագիծը, որը համացանցում ավելի հայտնի դարձավ՝ որպես «գույքահարկի մասին օրենք»:

Քննարկումներում հաճախ կարելի է նկատել կեղծ և/կամ մանիպուլյատիվ թեզեր, որոնք օրենսդրական այս փոփոխության հետ որևէ աղերս չունեն։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հակիրճ ներկայացնում է օրինագծով նախատեսվող փոփոխությունները, դրանց կիրարկման ձևերն ու ժամկետները։

Անշարժ գույքը հարկվում է ոչ թե շուկայական, այլ՝ կադաստրային արժեքով

Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին Ազգային ժողովը ընդունեց «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» նախագիծը, որը սահմանում է անշարժ գույքի կադաստրային արժեքի հաշվարկման ճշգրիտ մեթոդաբանությունը։ Այժմ գործող կարգավորումներով անշարժ գույքի կադաստրային արժեքը պատիկներով ավելի ցածր է գույքի իրական՝ շուկայական արժեքից, ինչը բերում է հարկման ոչ համաչափ և ոչ հավասարաչափ արդյունքների։

Նախագծով շեշտադրվել է հատկապես թանկարժեք և շքեղ անշարժ գույքի կադաստրային արժեքի բարձրացումը։ Ներկայում գործող կարգավորումով հարկվում է շինությունը։ Նոր կարգավորումով գնահատվում է նաև մի շարք այլ գործոններ՝ հողամաս, շքեղություն, նորակառույց շենքեր և այլն։

Այս կարգավորումը ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունվարի մեկից։

Հարկային փոփոխությունները որևէ կապ չունեն «բնիկ երևանցի» հասկացության հետ

Գույքահարկի կադաստրային արժեքը գնահատվում է մի շարք պարամետրերով՝ մակերես, տեղակայման վայր և այլն։ Այստեղ որևէ նշանակություն չունի, թե գնահատվող գույքի սեփականատերը ծնունդով որտեղից է կամ որտեղ է բնակվում։ Օրենքը գործում է ոչ միայն մայրաքաղաք Երևանի, այլ ՀՀ ողջ տարածքի համար։

Օրինակ՝ 30 մլն դրամ շուկայական արժեք ունեցող բնակարանի կադաստրային արժեքը այսօր 7-8 մլն դրամ է և դրանից գանձվում է տարեկան 5000 դրամ գույքահարկ։
Այս փոփոխությունների արդյունքում 2021 թվականի հունվարի 1-ից նման բնակարանի կադաստրային արժեքը կազմելու է մոտավորապես 25 մլն դրամ, իսկ տարեկան գույքահակը՝ 20 հազար դրամ։

 

Գույքահարկը կբարձրանա աստիճանաբար
Նկատի ունենալով, որ գույքահարկի կտրուկ աճը (ինչպես տեսանք 5000-ից 20.000 դրամի անցման օրինակում) կարող է ֆինանսական հավելյալ բեռ դառնալ քաղաքացիների համար, նախատեսվում է բարձրացումը կատարել աստիճանաբար՝ 6 տարվա ընթացքում։

Այսպես, նախկինում 5000 դրամ վճարող քաղաքացին 2021 թվականին գույքահարկի բարձրացում իր վրա չի զգա և կշարունակի վճարել 5000 դրամ։ 2022 թվականից վճարը կկազմի տարեկան 6000 դրամ՝ աստիճանաբար բարձրանալով և 2026 թվականին դառնալով 20 հազար դրամ։

Շատ է հարկվելու թանկարժեք գույքը

Այս փոփոխություններով մինչև 10 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող գույքը հարկվելու է 0.05 տոկոսով։ Այսինքն, օրինակ, 10 մլն դրամ կադատրային արժեքով գույքի սեփականատերը պետք է տարեկան վճարի 5000 դրամ։

Բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող բնակարանի 10 մլն դրամից մինչև 25 մլն դրամ արժողությամբ բնակարանի համար գույքահարկը կկազմի 5000 դրամ + 10 մլն դրամը գերազանցող արժեքի 0.1 տոկոսը։ Այսպիսով, օրինակ, 20 մլն դրամ արժողությամբ բնակարանի գույքահարկը կկազմի տարեկան 15 հազար դրամ, սակայն աստիճանաբար՝ 6 տարվա ընթացքում։

 

Ակնկալվող արդյունքները

Ֆինանսների նախարարության հիմնավորմամբ՝ այս փոփոխությունների արդյունքում ակնկալվում է համայնքային մուտքերի ավելացում, քանի որ գույքահարկը մուտքագրվում է ոչ թե համապետական բյուջե, այլ տվյալ համայնքի բյուջե։ Մուտքագրվող նոր գումարները հնարավորություն կտան համայնքներում ունենալու ավելի բարվոք միջավայր, ավելի որակյալ համայնքային ծառայություններ, այդ ծառայությունների ավելի լայն շրջանակ՝ սկսած ճանապարհաշինարարությունից մինչև կանաչապատում, վերելակային տնտեսություն, աղբահանություն և այլն։

Տեղեկատվության ստուգման կենտրոն

Դիտվել է 8196անգամ
Վերջին լուրեր