Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Հունիս / 2020 : 23-23

Հայտնիները՝ Սունդուկյանի մասին. Պեպո

 

Հեղինակ՝ Մարիա Մարկոսյան

Գաբրիել Սունդուկյան (1825-1912). դրամատուրգ, հայ թատերգության իրատեսական ուղղության սկզբնավորող։ 

Քաղաքային կյանք ու կենցաղ, մարդկային հոգեբանություն, ընտանիք եւ ամուսնություն (կնոջ ճնշված վիճակ, հայրերի ու որդիների փոխհարաբերություն)։ Ապա նաև՝ հասարակության ստորին խավ, ազնվություն ու մարդկայնություն՝ Սունդուկյանի ստեղծագործություններում արծարծված հիմնական թեմաներն են իր ստեղծած կերպարների ամբողջականությամբ։

Սունդուկյանը ճանաչված հասարակական գործիչ էր. նամակագրական կապ է ունեցել Վիկտոր Հյուգոյի, Վիկտորիեն Սարդուի, Ալեքսանդր Դյումայի որդու հետ: Նա հայկական բարեգործական և թատերական ընկերությունների երախտավոր, Ներսիսյան դպրոցի հոգաբարձու, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի էր:
Պիեսները թարգմանվել ու բեմադրվել են վրացական, ռուսական և այլ թատրոններում։
Առաջին ստեղծագործությունն է՝ «Գիշերվան սաբրը խեր է», ապա՝ «Պեպո», «Խաթաբալա», «Քանդած օջախ» եւ այլ կատակերգություններ:

ՀԱՅՏՆԻՆԵՐԸ ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ ԱՍԵԼ ԵՆ.

«Աշխարհիս մեջ քիչ գրագետ կա, որ Սունդուկյանին չափ զուտ անխառն, իրապաշտ եղած ըլլա. իր մեջ ոչ մեկ հետք ռոմանտիզմի, ոչ մեկ ջանք իրականությունը շտկռտելու, ոսկեզօծելու, ոչ մեկ փափագ տարօրինակ, խորհրդավոր կացություններ ու էակներ ստեղծելու: Սունդուկյանը նստած է կյանքին դիմացը ... զայն դիտած ու տեսած է ինչպես որ է ան, և վերարտադրած է իր գործին մեջ»:

ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ 

***

Հասարակության սիրված ու ճանաչված դրամատուրգը Սունդուկյանն է։

ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆ 

***

Ես մի վրացի, իսկ դու հայ ես մի,
Բայց մենք երկուսով եղբայր ենք հիմի,
Երկուսս էլ զավակ նույն հողի, ջրի,
Ե՛վ նույն բնության, և՛ նույն լեռների։

ԱԿԱԿԻ ԾԵՐԵԹԵԼԻ 

Ես չգիտեմ և չեմ ճանաչում բովանդակ հայ գրականության մեջ ավելի գեղարվեստական և ավելի անկեղծ մի ուրիշ երկ, քան «Պեպոն»։

ՇԻՐՎԱՆԶԱԴԵ 

1871թ.-ի ապրիլի 30-ը շրջադարձային է եղել հայ թատրոնի տարեգրության մեջ. Թբիլիսիի հայկական թատրոնում առաջին անգամ ներկայացվել է «Պեպոն»: Կատակերգությունը՝ բաղկացած երեք արարից, գրվել է 1870ին։ Հետագայում այն էկրանավորվել է՝ եղել է առաջին հայկական հնչյունային ֆիլմը։

Անդրանիկ ցուցադրությունը տեղի է ունեցել 1935ին, բեմադրիչ՝ Համո Բեկնազարյան, Պեպոյի կերպարը մարմնավորել է Հրաչյա Ներսիսյանը, Զիմզիմով` Ավետ Ավետիսյան։ Ֆիլմի երաժշտության հեղինակն է Արամ Խաչատրյանը, երգի բառերի հեղինակը՝ Եղիշե Չարենցը:

 

Երևանի «Անգլիական» այգում, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի հարեւանությամբ,

Պեպոյին նվիրված արձան է տեղադրվել 1976 թվականին, Սունդուկյանի ծննդյան 125ամյակի առթիվ։ 

 

«...Ու անվերջ էն Մեծ Պեպոն (Սունդուկյանը), կյանքի բեմի վրա մաքուր, հաղթական, Զիմզիմովի դեմը կանգնած՝ իր հալալ աշխատողի կոշտ ձեռքը կզարկի մուրհակին ու Թիֆլիսի բարբառով կորոտա.– Բաս քու սրտի դավթարումն ի՞նչ ի գրած... Ու կվարի իր ազնիվ կռիվը ոչ թե մուրհակի համար, այլ ճշմարտության համար, արդարության համար»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ 

***

Ազգիս դարավոր վերքը  լվանալ,
Լիրբ մեծատունին անվախ ապտակել,
Գոհարով ծածկած կեղտերը բանալ,
Կեղծավորների դիմակը պոկել,
Ու խեղճ կինտոյին դընել մարդու շար՝
Այս ամեն զորեց միայն քո՜ հանճար:

ՌԱՓԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ

***

Ես բացակայում էի, վերադարձիս գտա Ձեր հիանալի նամակը։ Մեծ հոժարությամբ ընդունում եմ այն առաջարկությանը, որ բարեհաճում եք ինձ անել, և Ձեզ հղում եմ հաջողության բոլոր ցանկությունս։

ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ 

***

Մարդկության ատամների կրճտոցի այս դարում, որքան հրաշալի նվեր էր այն ջերմ եղբայրական համերաշխությանը, որով ռուսը, վրացին, հայը գալիս էր սրտաբուխ, անկեղծ հարգանք մատուցանելու օրվա հերոսին...

ԼԵՈ 

Author's cover photo
Ամսաթիվ 29 / Հունիս / 2020 : 23-23
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 605820անգամ
Վերջին լուրեր