03 / Ապրիլ / 2020 : 12-23

Տխուր էի ես ... Իսկ փողոցներում գիշերվա քամին
Ինչ-որ մոռացված երգ էր նվագում...

Վահագն Դավթյան

ՏԽՈՒՐ ԷԻ ԵՍ ... Իսկ փողոցներում գիշերվա քամին
Ինչ-որ մոռացված երգ էր նվագում...
Չգիտեմ ինչու հանկարծ այդ ցրտին ու տարաժամին
Ուզեցի տեսնել աչքերդ մաքուր...

Աչքերդ ու քեզ, որ աղջիկ էիր վայրի ու բարակ,
Քեզ, որ խուսափող խաղ էիր ու բոց,
Քեզ, որ հոգուս մեջ ծավալվում էիր որպես պատարագ
Ու ապրում որպես սրբության սրբոց:

Քեզ, որ ողջ կյանքում տարա իբրև ցավ, իբրև առեղծված
Ու պահ տվեցի իմ երազներին,
Եվ նման դարձար մեր մատյաններում հավիտյան լռած
Ու չվերծանված մեր հին խազերին:

Գինով էի ես... Ու իմ կարոտը հեծկլտում էր խուլ,
Այրվում էր իբրև ծարաված մի տենդ,
Բայց քամին հանկարծ ճակատիս դրեց մատներն իր տխուր
Եվ ասաց. Այդ ո՞ւր, իմ հիմա՜ր, իմ խե՜նթ...

Ինչո՞ւ ես խառնել երկինք ու գետին, կրակ ու մոխիր,
Ինչո՞ւ ես խառնել վայրկյան ու տարի,
Դու մոռացե՞լ ես, թե նրան այդ երբ ու որտեղ թողիր
Այդպես գեղեցիկ ու այդպես վայրի...

Լսի’ր ասացի, չկա ժամանակ ու չկա տարի,
Կա միայն վայրկյան, կա թախիծ ու թույն,
Կա միայն կարոտ, կա միայն ծարավ, կա տենդ մի վայրի,
Ու կա աստղային մի հավերժություն:

Հարբած էի ես... Ու գնում էի աստղերի միջով,
Ու ինձ հետ էր նա վայրի ու բարակ,
Եվ թեև քամին հետքերս էր ջնջում մի չար քրքիջով,
Բայց և հնչում էր մի սուրբ պատարագ...

Վահագն Դավթյան

Author's cover photo
Ամսաթիվ 03 / Ապրիլ / 2020 : 12-23
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 31211անգամ
Վերջին լուրեր