Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Հուլիս / 2020 : 21-42

«Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է». Մհեր Մկրտչյան 

 

 

Հեղինակ՝ Մարիա Մարկոսյան

Երբ առաջին անգամ ծիծաղեցրեց հանդիսատեսին, այդ օրվանից էլ սկսվեց նրա թատերական կյանքը։
Իսկ ինչպե՞ս հայտնվեց բեմում առաջին անգամ. օր ու գիշեր փակվում էր մի գործարանի կինոխցիկում, որտեղ պատերազմի տարիներին աշակերտում էր կինոցուցադրության մասնագետի մոտ։ Ահա մի օր էլ նրա վարպետը բռնում է ձեռքը և տանում ինքնագործ մի խմբի բեմ։

Նա մի մանկության երազանք ուներ՝ հեծանիվ...

Մուշեղը՝ նրա Հայրը, Մուշից էր, մայրը՝ Սանամը, Վանից։ Հիշողություններում միշտ խոսել է տխուր եւ դժվար իր մանկության տարիների մասին.

«Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ ինչու այն ներկայանում է ինձ հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով: Գուցե նրանից է, որ մանկության տարիներին միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցա: Ժամերով կագնում էի խանութի ցուցափեղկի առաջ և երազում: Մայրս իր չորս որբերին հազիվ էր կերակրում, էլ ուր մնաց, թե հեծանիվ գներ ինձ»։

Նրա մանկության երազանքը՝ հեծանիվ ունենալ, այդպես էլ չիրականացավ, փոխարենը, սակայն, նա հետագայում իր որդու համար մեծ ու փոքր շատ հեծանիվներ գնեց։

Ապագա դերասանը ոչ միայն թատերական խմբակների է հաճախել, այլև սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում։ 1946 թվականին ավարտելով Մռավյանի անվան թատրոնի կից ստուդիան՝ տեղում շարունակել է խաղալ տասնյակից ավելի դերեր՝ բացահայտելով յուրահատուկ տաղանդը։
Կրթությունը շարունակել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում (1951-1956)։
1956 թվականին արդեն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի՝ Մայր թատրոնի դերասան էր:

«Սիրում եմ համեստ մարդկանց, բայց չեմ սիրում համեստ ընդունակությունների տեր մարդկանց», - ասել է նա։

Ինչպես հայտնի է, Մհեր Մկրտչյանը ունեցել է երկու անուն. համաձայն Մհեր Մկրտչյանի թանգարանի տեղեկությունների, այդ տարիներին երեխայի անունը հայտնի մարդկանց անուններով էին կոչում եւ Ֆրունզ անվանեցին նրան ի պատիվ հայտնի քաղաքացիական պատերազմի հերոս Միխայիլ Ֆրունզեի։ Հետագայում սակայն, լսելով, որ այդ անձը օգնություն է ցուցաբերել ազերիներին, նա փոխել է իր անձնագիրը եւ անունը՝ Մհեր Մկրտչյան անվամբ եւ ստորագրությամբ։ Սակայն նա շարունակել է մնալ հայտնի ինչպես Ֆրունզ անվամբ, այնպես էլ իր հանրահռչակ մեծ, հայկական քթով, որը երբեք էլ թերարժեքության բարդույթ չնկատելով՝ մոտեցել է հումորով եւ փիլիսոփայորեն.

«Դեռ փոքրուց ես ավելի շատ մտածում էի ոչ թե այն մասին, թե ինչու է իմ քիթը մեծ, այլ թե ինչու են մյուսների քթերն այդքան փոքր»։

Հայկական քթի մասին նրա հայտնի կատակներից է նաեւ՝

«Երբ Աստված ժողովուրդներին քիթ է բաժանում, հարցնում է մարդկանց` ի՞նչ ձևի քիթ կնախընտրեք։ Ռուսը ցանկանում է այնպիսի քիթ, որը իրեն չխանգարի օղի խմելուց։ Վրացին` Կովկասյան լեռների պես, իսկ հայը հարցնում է՝ ի՞նչ արժե, եւ երբ Աստված ասում է, որ անվճար է, հայը պատասխանում է՝ այդ դեպքում որքան շատ, այնքան լավ»։

Նրան բոլորը «տխուր աչքերով ուրախ մարդ» են անվանել։ Ապրած ընտանեկան տխուր կյանքի դառն ու դաժան իրականությունը թեեւ արտացոլվել, իր հետքն է թողել նրա աչքերում ու հայացքում, սակայն երբեք չի դադարել ժպիտ պարգեւել նա մարդկանց։ Անգամ նրա ամենափոքր դերերը թե՛ թատրոնի, թե՛ կինոյի՝ սիրել է ժողովուրդը. կենսունակ կերպարներ, որ մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։

«Մհեր Մկրտչյանն իր ժողովրդին սովորեցրեց ժպտալ, ծիծաղել, սովորեցրեց կյանքի ծանրությունը թեթևացնել հումորով»,- ասել է Սոս Սարգսյանը:


Նա թեեւ հաջողությամբ մարմնավորել է դրամատիկական կերպարներ, սակայն հիմնականում կատակերգական դերերի համար են հրավիրել իրեն՝ «Կովկասի գերուհին», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», ապա՝ «Նվագախմբի տղաները», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Նահապետ» եւ այլ խաղացած նրա դերակատարումները գնահատվել են եւ արժանացել պետական բարձր պարգևների։

Ազնվություն, հումոր, ագգային դեմք ու դիմագծի արտահայտում, ճշմարիտ զգացողություններ, մասնագիտական բարձրարժեք խաղ... հատկանիշներ, որոնց շնորհիվ հայ կինոյի և թատրոնի մեծ կատակերգուն իր արժանի տեղն է գտել կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։ Նա ասել է՝

«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՛ լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր»:

Մհեր Մկրտչյանը թեեւ վառ ստեղծագործական կյանք է ապրել, բայց բախտը չի ժպտացել անձնականում։ Կան ընդհանրություններ կինոյում իր կերտած որոշ դերերի հետ. «Մեր մանկության տանգոն», որ եղբայրը՝ կինոբեմադրիչ Ալբերտ Մկրտչյանն է նկարահանել ծննդավայր Գյումրիում, կապված է նրա կյանքի հետ։

Նա ամուսնացել է երեք անգամ, կյանքի ողբերգությունը կապված է եղել երկրորդ կնոջ՝ դերասանուհի Դոնարա Մկրտչյանի հետ, ով տառապել է ծանր ժառանգական հոգեկան հիվանդությամբ եւ կյանքի վերջին 25 տարիներն անց է կացրել հոգեբուժարանում: Երկու երեխա են ունեցել. աղջիկը՝ Նունեն, մահացել է 1998 թվականին քաղցկեղից, իսկ որդին՝ Վազգենը, մորից ժառանգել էր հիվանդությունը։ Խնամելով եւ փորձելով փրկել՝ դերասանը որդուն տարել է Ֆրանսիա բուժման, բայց՝ ապարդյուն։ Այդ ընթացքում նա շարունակել է նկարահանվել, ավելի ուշ հրաժարվելով ֆիլմերից՝ կյանքը նվիրել է թատրոնին եւ կերտել իր կյանքի պես տխուր ու դրամատիկ դերեր:

...Վշտից, տխրությունը հոգում տառապելով՝ Մհեր Մկրտչյանը դադարել է տանից դուրս գալ։ Անշունչ մարմինը իր բնակարանի մեջ գտել են հարևանները. մահացել է 1993 թվականին։ Որդին, հոգեբուժարանում ապրելով եւս 9 տարի՝ մահացել է 2003ին։

Թոռնուհին, դստեր՝ Նունեի զավակը, ապրում է Արգենտինայում։

«Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել...»

Ֆրունզիկ Մկրտչյան

Կատակերգությունից՝ ողբերգություն. այսպիսին էր Մհեր Մկրտչյան տաղանդի կյանքի պատմությունը։

Գվիդոն թագավորից մինչև Սիրանո դե Բերժերակ. նա խաղացել է գրեթե բոլոր դասական խաղացանկը, իսկ «խորհրդային աստղը» փայլեց վարորդ Խաչիկյանի դերով «Միմինո» ֆիլմում. 

«Կինոն ի՞նչ է, կինոն սիրուհիդ է, թատրոնն է կինդ: Ինչ ուզում ես արա, վերադառնալու ես տուն»,- ասել է Ֆրունզը։ 

Նրան իսկապես սիրում էր ամբողջ Խորհրդային Միությունը... 

Մհեր Մկրտչյանը այսօր կդառնար 90 տարեկան։ Որպես հարգանքի տուրք, տարիներ անց, նրան շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը. հուլիսի 4, 2020 թվական, ասում են՝ լավ է ուշ քան երբեք։

2001ին հետմահու պարգևատրվել էր ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով: 1978-1979 թվականներին արժանացել ԽՍՀՄ, ՀԽՍՀ պետական մրցանակների:

2002 թվականի մարտի 27ին՝ Թատրոնի միջազգային օրը, Երևանի Հանրապետության փողոցի վերջնամասը կոչվել է Մհեր Մկրտչյանի անունով։ 2004ին, Գյումրիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ բացվել է կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանը՝ 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում, որը Ժամանակին եղել է հայտնի խաշատուն, ուր հաճախ այցելել է Ֆրունզը խաշ ուտելու. նա չի բնակվել այնտեղ։

1986ին Մհեր Մկրտչյանի ջանքերով բացվել էր «Վ. Աճեմյանի» անվան արտիստական թատրոնը «Հացթուխի կինը» ներկայացմամբ. բեմադրել էր եւ գլխավոր դերում հանդես եկել ինքը՝ արտիստը՝ նրա վերջին խաղը, վերջին դերն էր այս ներկայացումը... Մնացած բեմադրությունները անավարտ մնացին: Ետմահու թատրոնը վերանվանվեց նրա անունով՝ «Մհեր Մկրտչյանի» արտիստական թատրոն։

«Ես միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում: Այ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց տոտիկ-տոտիկ անելով իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ: Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է… Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում էի, ապրում և ապրածս դեմքիս վրա ի ցույց դնում…»։

Մհեր Մկրտչյան

ՆՅՈՒԹԻ ԱՂԲՅՈՒՐ՝ www.yelaket.am 

Author's cover photo
Ամսաթիվ 04 / Հուլիս / 2020 : 21-42
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 61828անգամ
Վերջին լուրեր