Այսօր Ֆրիդա Կալոյի ծննդյան օրն է

Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն ոչ միայն մեքսիկական, այլ նաև համաշխարհային կերպարվեստում թողել է իր մեծ ու անջնջելի հետքը։ Նրա գործերից յուրաքանչյուրի ետևում այնպիսի առեղծվածային պատմություններ են, որ ոչ բոլորն են կարողանում հասկանալ դրանք։
Ֆրիդան ծնվել է 1907 թվականի հուլիսի 6-ին։ Ապրելով ընդամենը 47 տարի՝ նա հասցրել է դառնալ հազարավոր արվեստագետների ոգեշնչման աղբյուր։
Նկարչուհուն շատերն էին ասում, որ իր նկարները սյուրռեալ ոճ ունեն, սակայն նա չէր համաձայնում՝ ասելով, որ նա նկարում է այն, ինչ տեսնում է, ոչ թե այն, ինչ պատկերացնում է։ Իսկ այն հարցին, թե ինչու է նա առավել հաճախ ինքնանկարներ անում կամ նկարների մեծ մասում պատկերում իրեն, Կալոն պատասխանել է․ «Ես նկարում եմ ինքս ինձ, քանի որ ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ մենության մեջ, և ես այն թեման եմ, որին ամենից լավ եմ ճանաչում»։
Տաղանդավոր և յուրօրինակ նկարչուհի Ֆրիդա Կալոյի ծննդյան օրվա առթիվ առաջարկում ենք դիտել նրա լավագույն գործերից մի քանիսը։





