Բոլոր ռեստորաններն էլ կարող են աշխատել. արգելվում են կենդանի կատարումները, պարերն ու սերտ շփում ենթադրող միջոցառումները

Ռեստորանային ոլորտի աշխատակիցները, որոնք այսօր բողոքի ցույց էին անում կառավարության շենքի մոտ, դժգոհում էին, թե ինչու պիտի Հայաստանում համատարած աշխատեն բոլոր սրճարանները, մոլերն ու հանրային վայրերը, իսկ ռեստորանները չաշխատեն:
Պարետատնից ՀԺ-ին հայտնել են, որ այս պահին աշխատելու հնարավարություն ունեն հանրապետության տարածքում գտնվող բոլոր ռեստորաններն անխտիր՝ իհարկե հակահամաճարակային կանոնները պահպանելով:
«Անհրաժեշտ է բացառել մարդկային կուտակում ենթադրող միջոցառումներն ու ժողովները` բացառությամբ բացօթյա տարածքներում իրականացվողների, իսկ դրա անհնարինության դեպքում՝ դրանք կարող են անցկացվել առավելագույնը 10 հոգու մասնակցությամբ: Ե՛վ փակ, եւ՛ բացօթյա տարածքներում միջոցառումները պետք է իրականացվեն՝ պահպանելով մասնակիցների միջեւ առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն»,- պարետի որոշումը մեջբերել է պարետատան խոսնակը:
Սակայն, չնայած ռեստորանները աշխատում են, նույն որոշման համաձայն այնտեղ արգելված են կենդանի կատարումներն ու սերտ շփում ենթադրող միջոցառումները: Բացառվում են ուղեկցող ֆոնային երաժշտությունից զատ կենդանի կամ վերարտադրված երաժշտության մատուցմամբ կատարումները, իսկ սոցիալական սերտ շփում ենթադրող այլ միջոցառումների թվում են պարերը, ժամանցի եւ զվարճանքի այլ գործողությունները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Առողջապահոթյան նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձել էր կենդանի կատարումներին: Նա հայտարարել էր, որ կորոավրուսի տարածման ամենանինտենսիվ ձեւերից է երգեցողությունը. մեծ քանակի վիրուսային մասնիկներ հենց երգելիս են արտաշնչում շրջակա միջավայր:
Թերեւս նման սահմանափակման պարագայում ռեստորանների գործունեությունը թույլատրված լինելը այնքան էլ չի հուսադրում բողոքավորներին, քանի որ նրանց մեծ մասը հանդիսավարներ են, երգիչներ ու պարողներ: Եվ եթե արգելված են հարսանիքներն ու լայնամասշտաբ միջոցառումները, ապա ավելորդ է նշել, որ հանդիասավարները, երգիչներն ու տարատեսակ միջոցառումների կազմակերպիչները ակնհայտ տուժող կողմ են: