05 / Ապրիլ / 2020 : 22-45

Ծաղկազարդի տոն. եկեղեցական եւ ժողովրդական սովորույթներ

 

Հեղինակ՝ Մարիա Մարկոսյան 

Ծաղկազարդ... Ծառզարդար... Ծառկոտրուք... Այսպես է հայ ժողովուրդը կոչել ազգային նախահիմք ունեցող իր ամենասիրելի տոներից մեկը։ Այն նվիրված է բնության զարթոնքին, ի մասնավորի՝ կենաց ծառի խորհուրդն ունի իր մեջ։

Հայ Առաքելական եկեղեցին, Ավագ Շաբաթ օրը, Սուրբ Հարության՝ Զատկի տոնից մեկ շաբաթ առաջ է տոնում Ծաղկազարդը՝ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ. «Եվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհին, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա» (Մատթ.21:9):
Ժողովուրդը Տիրոջ մուտքը Երուսաղեմ ընդունել է խանդավառությամբ` աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով... Խաղաղություն երկնքում և փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):

Համաձայն կրոնական եւ ժողովրդական սովորույթների, Ծաղկազարդին օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր եւ բաժանում ժողովրդին: Եթե դրանք անպտուղ են՝ խորհրդանշում են հեթանոսներին, որոնք միայն Քրիստոսին ընծայվելուց հետո պտղաբերեցին, իսկ եթե փափուկ են ոստերը՝ Քրիստոսին հետեւողների խոնարհությունն է խորհրդանշում։

Ծաղկազարդին նախորդող շաբաթ երեկոյան տեղի է ունենում նախատոնակ. եկեղեցիները զարդարում են ուռենու ճյուղերով, ապա բացվում է խորանի վարագույրը։ Կիրակի առավոտյան, հանդիսավոր ժամերգություն եւ անդաստանի կարգ է կատարվում (օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես՝ հայրենիքը, բնակիչները, վանքերը, տարվա պտղաբերությունը)։ Հաջորդաբար, օրհնված ճյուղերը, որ խորհրդանշում են բարիք, առատություն, իմաստություն, խաղաղություն, հաղթանակ՝ բաժանում են հավատացյալ ժողովրդին։
Նույն օրը երեկոյան կատարվում է «Դռնբացեք»ի արարողություն՝ Մեծ Պահքի ավարտն ու Ավագ Շաբաթի սկիզբը, տիրոջ երկրորդ գալստյան, աշխարհի վախճանի և ահեղ դատաստանի խորհուրդով։

Ծաղկազարդի օրը հռչակված է նաեւ որպես մանուկների օրհնության օր. երբ Քրիստոսը Երուսաղեմի տաճար մտավ, մանուկները գոչում էին. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն»:

Համաձայն պահպանված տեղեկությունների, նախաքրիստոնեական ծագում ունեցող այս տոնը նվիրված է եղել ջրի և անձրեւի աստվածուհի Նարին, ով անձրևներ է ուղարկել երկիրը երաշտից փրկելու համար, ծիսական երգերի ուղեկցությամբ։ Ծեսի մաս կազմող տիկնիկը կոչվել է Նուրի, Հուրի, Խուճկուրուրիկ, Չիչի-մամա եւ այլն։

Կենաց ծառի խորհուրդը, որ «Ծաղկազարդ» տոնի հիմքն է՝ ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերություն շեշտում է կյանքի վերընթաց զարգացումը։ Նախկինում, եթե Ամանորին կենաց ծառը զարդարել են չրերով ու մրգերով, Ծաղկազարդին՝ փնջած ձվերով, գունավոր լաթերով, եւ այդ պատճառով էլ տոնը ստացել է Ծառզարդար անվանումը՝ չարխափան նշանակությամբ։

Հեթանոսական արմատներ ունեցող Ծաղկազարդի տոնը Քրիստոնեության ընդունումից հետո համապասխանեցվել է Քրիստոնեության գաղափարախոսությանը և նշվել որպես Տիրոջ՝ Երուսաղեմ մտնելու օր։
Եւ Ինչպես նկարագրել են բոլոր ավետարանիչները՝ Քրիստոսին դիմավորել են ձիթենու կանաչ ոստերով։

Օրվա հետ կապված եղել են նաեւ հատուկ ծիսական խաղեր, պարեր, կերակուրներ, երգեր։
Հիշատակված ավանդույթներից է, երբ Ծաղկազարդի օրը՝ Մեծ պասի ընթացքում առաջին անգամ տեղի է ունեցել հանպատրաստի նշանադրություն. փեսացուի մայրը, նախապես համաձայնեցրած լինելով հարսնացուի մոր հետ, վերցրել է ուռենու ճյուղի վրա տեղադրված մոմերից մեկը, վառել այն ու վրան հագցնելով նշանդրեքի մատանին՝ հանձնել է հարսնացուին, եւ նա այն ընդունելով, այլեւս համարվել է նշանված։

Այսօր էլ՝ դարեր անց, Ծաղկազարդը բնության զարթոնքի իր խորհուրդով, պահպանված եկեղեցական եւ ժողովրդական սովորույթներով՝ հայ ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է։

ՄԱՐԻԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Author's cover photo
Ամսաթիվ 05 / Ապրիլ / 2020 : 22-45
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 273174անգամ
Վերջին լուրեր