17 / Հուլիս / 2020 : 19-04

Մտորումներ «Ազգ-բանակ» հայեցակարգի մասին

ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մտորումներ «Ազգ-բանակ» հայեցակարգի մասին։

Երեկ գիշերը տեղի ունեցած ուժգին քամուց, ամպրոպից ու կայծակից երեխաները մի թեթև վախեցան։ Առավոտյան մտածում էինք՝ իսկ ինչպե՞ս են քնում Տավուշի կամ Արցախի սահմանամերձ բնակավայրերի երեխաները։ Երևի թե քնում են, որովհետև սովոր են կրակոցներին կամ արկի պայթյուններին։ Սահմանապահ հայերը մայրաքաղաքաբնակներից ավելի կազմակերպված են ու լավ են գիտակցում իրենց անելիքը վտանգի պահին։

Վերջին օրերին Թուրքիայից ամենաբարձր մակարդակով լսեցինք այն, ինչ այդ պետությունն իրոք ուզում է անել մեզ հետ։ Մենք չենք հավատում դրա իրականացմանը ոչ թե որ դա անհնարին է օբյեկտիվորեն, այլ որ ուզում ենք որ ԱՌԱՅԺՄ այդ անհնարինությունը պայմանավորող օբյեկտիվ իրականությունը չփոխվի (wishful thinking)։

Բայց այս աշխարհում ամեն ինչ հարափոփոխ է, այդ թվում՝ միջազգային ու տարածաշրջանային հավասարակշռության համակարգերը։ Հնարավոր է, որ համակարգային ինչ-որ փոփոխությունից մենք շահենք (ինչպես եղավ սառըպատերազմյան համակարգի փլուզման ժամանակ), բայց, քանի որ մենք ունենք գոյաբանական (էքզիստենցիալ) սպառնալիք Թուրքիայի կողմից, մենք պետք է մեզ պատրաստենք վատագույն սցենարների, ինչի համար ահռելի չափերի անելիքներ ունենք (տնտեսության զարգացում, կայուն զարգացում, ռազմապես հզորացում, արդար, իրավահավասար, ազատ հասարակության կառուցում և այլն)։

Տարիներ առաջ, երբ հանրային խոսույթում քննարկվում էր «Ազգ-բանակ» հայեցակարգը, շատերը ողջունում էին այն, մյուսները առողջ քննադատությամբ փորձում մատնանշել հայեցակարգի իրականացման մեխանիզմների թուլությունը կամ բացակայությունը, երրորդները մերժում էին այն՝ հիմք ընդունելով այն առաջ քաշողների քաղաքական թիմային պատկանելությունը, չորրորդները ծաղրում էին այն մոտավորապես «ազգ-պագրիշկա», «ազգ-լվացքի մեքենա» պիտակավորումներով և այլն։

Եթե ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական ագրեսիան չարժանացավ միջազգային հանրության համարժեք արձագանքին, շատերիս կարծիքով, նրա համար, որ նախկին իշխանությունների ոչ լեգիտիմությամբ պայմանավորված՝ մեր պետության դիրքերը թույլ էին, ապա վերջին օրերին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի ու Թուրքիայի բացահայտ սպառնալիքների պայմաններում աշխարհի լռությունը ևս մեկ անգամ փաստում է, որ իշխանության լեգիտիմության հանգամանքը ներքուստ կարևոր, բայց միջազգային քաղաքականության մեջ որոշիչ գործոն չէ։

 

Ուստի մեզանում շատանում են մարդիկ, ում համար համոզմունք է դառնում մոտավորապես այն, ինչ ամերիկացի հայտնի ռեալիստ միջազգայնագետ Միրշայմերը ձևակերպել է որպես «միջազգային քաղաքականության մեջ Աստված օգնում է նրան, ով օգնում է ինքն իրեն»։

Եվ այսպես, բարդ ու անկանխատեսելի տարածաշրջանում մեր գոյությունը պաշտպանելու համար պետք է ճիշտ ընտրենք այն առանցքը, որի շուրջ կապահովվի թե'տնտեսության զարգացումը, թե՛ մարդու իրավունքների պաշտպանությունը, թե' սոցիալական արդարության կայացումը և այլն։ Այդ առանցքն իսկապես պիտի լինի բանակը, այն բանակը, որը չպետք է միայնակ պայքարի թշնամու ագրեսիայի դեմ՝ լավագույն դեպքում զգալով հասարակության բարոյական աջակցությունը, կամ սրտաբուխ, բայց հախուռն գործողությունները։ Չէ՞ որ կարող ենք ունենալ իրավիճակներ, երբ, Աստված մի արասցե, երանի տանք ապրիլյան պատերազմի օրերին։

Մենք մեզ խաղաղության պատրաստելու իրավունք չունենք, քանի դեռ խաղաղեցման միտումներ չենք տեսնում (երևի չտեսնենք էլ) Թուրքիայում։ Ադրբեջանի հանգամանքն այս հարցում միտումնավոր անտեսում եմ։ Խաղաղության պատրաստվելը այժմ կարող է լինել զուտ վերբալ ակտ, տակտիկական գործողություն, այլ ոչ ներքին օրակարգ։

Նույնպես և ինդիվիդուալիստական լիբերալիզմը, (երբ հանրության, պետության կենսագործունեության նպատակակետը ԱՆՀԱՏԻ շահերն ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ իրացնելու հանգրվանն է) աշխարհաքաղաքական այս իրադրությունում մեզ համար կենսունակ մոդել չէ (շատ երկար թեմա է)։

«Ազգ-բանակը» պետք է դառնա ներքին օրակարգը և ազատ, բարեկեցիկ ու ժողովրդավար երկրի մեր մոդելը, մեր նորամուծությունը (իհարկե պատմական և արդի որոշ դեպքերից օգտվելով): Բնավ էլ պարտադիր չէ ազատության ու ժողովրդավարության վերաբերյալ մեր մոտեցումները ամբողջությամբ հիմնվեն արևմտյան այս կամ այն հասարակության ընկալումների վրա։ Եվ այդ հարցում պետք է վեր կանգնել կուսակցական նկատառումներից։ Դրանք մեզ համար ճոխություն են։

Եվ պետք չէ խորշել «ռսզմահայրենասիրական» բառից կամ քմծիծաղել։ Եթե այդ բառն արտաբերում է, օրինակ՝ կաշառքի հանդեպ հակում ունեցող մարդը, դեռ չի նշանակում, որ հայրենասիրությունն ինքնին մտացածին երևույթ է կամ զուտ ամբոխահաճ լոզունգ։ Նույնիսկ վերջին սերնդի պատերազմներում վճռական դերը մարդունն է ու նրա ոգունը։

Հ.Գ. Չեմ ծառայել բանակում (ընդունվելով ասպիրանտուրա) ու խիստ փոշմանել եմ՝ միշտ կրելով ծառայության ու պատերազմի դժվարությունը քաշած հայրենակիցների հանդեպ մեղքի զգացման բեռը»։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է 10018անգամ
Վերջին լուրեր