19 / Հուլիս / 2020 : 22-38

Մեր մանկության տոնը՝ Վարդավա՜ռը...

ՀԵՂԻՆԱԿ՝ ՄԱՐԻԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Մեր մանկության տոնը... Վարդավա՜ռը
Եւ ով չէր շտապում այդ պայծառ արեւոտ օրը դուրս գալ բակ, ջրոցի խաղալ ընկերների հետ, ջրել-ջրվել, զովանալ, զվարճանալ, ուրախ աղմուկի մեջ վայելել ժպիտը մարդկանց, կամ գուցե մի բարկացկոտ հարեւանի հայացք ու «բողոք»՝ ինձ չջրե՜ք... բայց՝ ավա՜ղ... Այդ օրը իրավունքը ջրողինն էր՝ էլ ինչ նազ ու տուզ. Վարդավա՜ռ է, տոն է չէ որ... Ասում են՝ այդ օրը ջրվելը նույնիսկ առողջություն է, քրիստոնեական հավատալիքների համաձայն՝ մաքրագործում, բժշկություն։ Եկեղեցական, ժողովրդական տոների պահպանված ավանդույթներն ու սովորույթները՝ համ ու հոտ, իսկ ծագումը եւ խորհուրդը իրենց պատմությունն ունեն՝ վաղնջական ժամանակներից, մինչեւ մեր օրերը ահա։ Պայծառակերպություն...
Եւ լուսափայլ ամպից եկող ձայնն ազդարարում է. «Նա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, նրան լսեցեք»:
Համաձայն Ավետարանի, Տեր Հիսուս Քրիստոսը առաքյալների հետ, երբ Թաբոր լեռն է բարձրանում՝ աղոթելու, նույն պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Այս տեսարանով զմայլված աշակերտներին Հիսուս հանդարտեցնելով՝ պատվիրում է, որ մինչև Աստծո Որդու փառավորվելը, չպատմեն լսածի ու տեսածի մասին:
Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է Քրիստոսի Պայծառակերպության տոնը։ Իսկ ժողովրդական «Վարդավառ» անունը Տիրոջը վարդի հետ համեմատելու խորհուրդն ունի, համաձայն Ս. Գրիգոր Տաթևացու մեկնության. ինչպես կոկոն վարդը, մինչև բացվելը իր պատյանի մեջ է թաքնված՝ գեղեցկությամբ ու անուշահոտությամբ... մինչեւ կծաղկի, կփթթի եւ գույն ու բույր կհաղորդի մարդկանց. «Եւ կոկոնը բացվելով` երևում է բոլորին, ինչպես Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնում է Իր Աստվածությունը»: Քրիստոնյա աշխարհում Հայոց ավանդական տոնակարգի ամառային այս տոնը նշվում է Քրիստոսի հարությունից հետո՝ 98-րդ օրը։ Նախորդում է շաբաթապահքը, իսկ հաջորդ օրը Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում է հոգեհանգիստ:
«Վարդավառ» կամ «Վարդեվառ»ը ինչպես հայտնի է նախաքրիստոնեական ծագում ունի։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Քրիստոնեությունը ընդունելուց հետո, հայկական շատ տոներ պահպանել է հայոց տոնացույցում եւ հայկական ավանդույթներին ու սովորույթներին նոր կյանք ու շունչ տալու նպատակով, վերջինս փոխակերպել՝ Հիսուս Քրիստոսի այլակերպության տոնով։ Հեթանոսական ժամանակաշրջանում Վարդավառի տոնը նվիրված է եղել Աստղիկին՝ հայոց դիցարանի սիրո և գեղեցկության աստվածուհուն։ Համաձայն ավանդազրույցի՝ Աստղիկը ծնվել է ծովի փրփուրներից, եւ երբ նա քայլել է ոտքերից արյան հետքեր են կաթկթել՝ տեղում վարդեր բուսնելով: Նա երկնքից վարդեր է շաղ տվել հայուհիների գլխին եւ օժտել նրանց աստվածային գեղեցկությամբ: Իսկ ահա համաձայն արիական ավանդույթներից մեկի, երբ ստորգետնյա աստվածն առեւանգել է Աստղիկին, արիների միջից վերացել է սերն ու գեղեցկությունը, նրանք դարձել են տգեղ, անգութ եւ հոգիներում բույն է դրել ատելությունը: Բայց Աստղիկի սիրեցյալը՝ ամպրոպի աստված Վահագնը, հաղթել եւ ազատել է Աստվածուհուն հրեշից, ապա շրջելով Հայոց աշխարհով՝ արիներին դարձյալ օժտել աստղիկյան սիրառատությամբ, օծել վարդաջրով՝ վարդավառ։ Այդ օրվանից բոլորը իրար սեր ու գեղեցկություն են տվել, ջուր ցանել իրար վրա եւ միմյանց նվիրել տոնի խորհրդանիշ վարդը:
Վարդավառը նաև համարվել է ջրի տարերքի պաշտամունքի տոն: Ջուրը՝ պարզության, մաքրության խորհրդանիշ։ Այդ իսկ պատճառով էլ, համաձայն տեղեկությունների, հնում հայերը Վարդավառը նշել են հիմնականում գետերի, լճերի ափին՝ այնտեղ, որտեղ ջուրն առատ է եղել, աղբյուրների մոտ: Հայերը Հայա տիեզերական ջրերի և իմաստության աստծո որդիներն են եղել, ունեցել են ջրի եւ անձրեւաբերության հետ կապված բազմաթիվ ծեսեր, համաձայն շումերական աղբյուրների, իսկ ըստ «Սասնա ծռեր» էպոսի՝ հայերը պաշտել են ջուրը եւ իրենց համարել ջրից ստեղծված (Սանասար և Բաղդասար): Աղավնիներ բաց թողնելը ժողովրդական եւս մեկ պահպանված ավանդույթ է այս տոնի՝ խորհրդանշում է ջրհեղեղը, Նոյի աղավնին եւ ընտանիքի փրկությունը։ Ընդունված է եղել նաեւ մինչև Վարդավառ խնձոր չուտելու սովորույթը՝ մինչ բերքի օրհնությունը, ինչպես խաղողը՝ Խաղողօրհնեքին։ Այսպիսով՝ Վարդավառը համարվել է նաև խնձորի տոն։
Հայոց ավանդական տոնակարգի, հայոց աշխարհում ամենասիրելի «Վարդավառ»ը զվարթ մթնոլորտի մեջ միավորում է ընտանիքի անդամներին, բարեկամներին, ընկերներին... Այնքան հաճելի եւ զով տոն՝ ամռան շոգին ու տապին։ Եւ սակայն, այսքան սպասված ջրոցին այս տարի համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով՝ ավանդական կերպով նշելու հնարավորություն չեղավ։ Խանդավառությունը սահմանափակվեց՝ ամեն մարդ իր բակում խաղալով։ Հիսուս Աստծո Որդին է՝ հաստատված Պայծառակերպությամբ։ «Նրան լսեցեք...»՝ Աստծո պատգամը առաքյալներին և ողջ աշխարհին։
Author's cover photo
Ամսաթիվ 19 / Հուլիս / 2020 : 22-38
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 35240անգամ
Վերջին լուրեր