Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան տարածքից նետված քարը վիրավորել է ցուցարար հայ աղջկան
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան տարածքից նետված քարը վիրավորել է հայ աղջկան, ով մասնակցում էր Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայ համայնքի ցույցին։
Նախատեսվածից ավելի երիտասարդներ էին հավաքվել Ադրբեջանի դեսպանության դիմաց` իրենց բողոքը հայտնելու Ադրբեջանի սադրիչ գործողությունների դեմ: Հայկական կողմը հոլանդական ոստիկանությանը նախօրոք ծանուցել էր հանրահավաքի ծրագրի մասին։
Այս անգամ ևս ադրբեջանական կողմը դավադրություն էր կազմակերպել` փորձելով լարվածությունը տեղափոխել հայ-նիդերլանդական դաշտ և բախում հայերի ու ադրբեջանցիների միջև: Ամեն բան ծրագրված էր ի սկզբանե` վիժեցնելու հայերի բողոքի ձայնը:
Դեսպանատան շենքը «պաշտպանող» ճաղավանդակների շուրջբոլորը փակցվել էին հայկական «ագրեսիան» դատապարտող, «Ղարաբաղը Ադրբեջանին է» և նմանաբովանդակ հրահրող պաստառներ։ Դավադրության մյուս բաղադրամասը` աջակցող ադրբեջանցիներին դեսպանության ճաղավանդակների ներսում, այլ խոսքով՝ դեսպանության տարածքում պահելն էր։