Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Ապրիլ / 2020 : 14-27

«Միշտ նոր կյանքի սպասում». Լեւոն Շանթ

 

Հեղինակ՝ Մարիա Մարկոսյան 

Հիշատակի օր. Լեւոն Շանթ
(1869-1951) 

Իջեք, իջեք երազներ,
Իջեք զգույշ երազներ,
Շոյող անուշ երազներ,
Իջեք քնքուշ երազներ... 

Լեւոն Շանթի ստեղծագործությունների մեջ հիմնական շոշափման թեման հայ գրականության և մշակույթի պատմության մեջ՝ անհատի, բարոյականության խաթարման, անձնազոհության խնդիրների, հասարակության փոխհարաբերությունների մասին է, որը առավելապես արտահայտված է նրա դրամատուրգիայում:

Լևոն Շանթը ծնվել է 1869թ. ապրիլի 6-ին: Նախնական կրթություն է ստացել ծննդավայր Կոստանդնուպոլսի

Սկյուտար թաղամասում, ապա Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1892–99ին սովորել է Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում՝ խորը ուսումնասիրելով մանկավարժություն և հոգեբանություն։ 1899ին վերադարձել է Անդրկովկաս եւ դասավանդել Թիֆլիսի Գայանյան օրիորդաց և Երևանի թեմական դպրոցներում։ Թիֆլիսում անդամակցել է «Վերնատուն» գրական միավորման հավաքույթներին՝ Հ. Թումանյանի, Դ. Դեմիրճյանի, Ղ. Աղայանի, Ա. Իսահակյանի հետ համագործակցելով։

Ծաղիկ, կանաչ, թարմ հյուսեր,
Բախտի կարկաչ ու հույսեր,
Դող ու անցուկ ու կարոտ,
Ծածուկ արցունք վարանոտ,
Խելքի, մտքի հակասում,
Միշտ նոր կյանքի սպասում…

Իջեք, իջեք երազներ... 

1915–19 թվականներին ապրել է Եվրոպայում: Վերադառնալով Անդրկովկաս՝ 1919ին ընտրվել է անկախ Հայաստանի Հանրապետության  խորհրդարանի փոխնախագահ, բայց 1920ին խորհրդային կարգերի հաստատվելուց  հետո,  Շանթը  ձերբակալվել է Երևանի  բերդում։ Ազատվելուց հետո՝ 1921ից հաստատվել է Բեյրութում։
Գրողը Հայ հեղափոխական Դաշնակցության անդամ էր. «համազգային» հայ կրթական և մշակութային միության հիմնադիրներից։

Իջեք զգույշ երազներ,
Շոյող անուշ երազներ,
Իջեք քնքուշ երազներ,

Գգվանք, ժպիտ, գույն ու բույր,

Աչեր վճիտ ու համբույր,
Իղձեր անվերջ, անմեկին,
Տագնապ ու տենչ մոլեգին,
Օրոր, գրգիռ ու հույզեր,
Սրտի թրթիռ, երգ ու սեր…

Հայ գրականության մեջ Լևոն Շանթի «Հին աստվածներ» (1909թ.) դրաման ամենից շատ մեկնաբանված և ուսումնասիրված ստեղծագործություններից է: 1909թ-ին, երբ Հովհաննես Թումանյանը Թիֆլիսում  բանտարկված էր, խիստ  դառնացած Շանթը հարազատներից  առանձնացած, գրում  էր  իր ստեղծագործության գլուխգործոցը՝ «Հին աստվածները»,  որը  լույս  է  տեսնում 1912ին, Պոլսում։ Աշխարհիկ ու հոգևոր սկզբունքների հակադրություն, անհատի զգացմունքների և գործողությունների անազատություն, ազգային կյանքի վերածնման ուղիների խնդիրներն են արտացոլված երկի մեջ, 9րդ դարի պատմական դեպքեր։

 



«Հին Աստուածներ» դրամայի բեմադրություն

Մեծ արձագանք է գտել հայ հասարակության մեջ Շանթի «Հին աստվածներ» դրաման՝ նոր որակ էր հայ գրականության մեջ՝ զգացմունքներ, ապրումներ, մարդու ազատության տենչանքի արտահայտություն։ Բազում անգամ բեմադրվել և մինչև օրս էլ ընդգրկված է Հայաստանի տարբեր թատրոնների խաղացանկերում։ 

հայ գրող, հասարակական գործիչ, անվանի դրամատուրգ, մանկավարժ Լեւոն Շանթի գրչին են պատկանում ինչպես մի շարք բանաստեղծություններ, պոեմներ, վիպակներ, նույնպես գրականագիտական, բանահյուսական, մանկավարժական, գիտահոգեբանական, պատմագիտական բնույթի աշխատություններ, հայոց լեզվի քերականության դասագրքեր։

Անվանի դրամատուրգը  վախճանվել է 1951թ-ին Բեյրութում:

Իջեք, իջեք երազներ,

Իջեք զգույշ երազներ,

Շոյող անուշ երազներ,
Իջեք քնքուշ երազներ,
Աստղեր թովիչ, բոց ու կայծ,
Ցնորքներ վառ ու առկայծ,
Հավատ ուժի, մեծության,
Փառքի, կամքի գոյության,
Շռինդ, թնդյուն, հպարտանք,
Իմաստություն… բյուր պատրանք:

Լևոն Շանթ

«Հին Աստվածներ»

 

Դիտվել է 137807անգամ
Վերջին լուրեր