22 / Հուլիս / 2020 : 15-21

Փայլանը՝ Թուրքիայի ԱԳ նախարարին․ «Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի ԱԷԿ-ին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքը»

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) փոխնախագահ Կարո Փայլանը այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին ուղղված հարցադիմում է ներկայացրել խորհրդարան,- գրում է ermenihaber-ը։

Հարցադիմումի մեջ Փայլանը մեջբերելով հայ-ադրբեջանական լարվածության օրերին Չավուշօղլուի՝ Ադրբեջանին բոլոր հնարավորություններով աջակցելու պատրաստակամության մասին հայտարարությունը, հիշեցրել է, որ Թուրքիան Մինսկի Խմբի անդամ է, ինչից ելնելով պետք է չեզոքություն պահպանի։ Փայլանը նշել է, որ չեզոքություն պահպանելու փոխարեն ցեղային պատճառներից ելնելով, Ադրբեջանին բացահայտ աջակցող հայտարարություններն ավելի են մեծացնում լարվածությունը։

Փայլանը հետևյալ հարցերն է հղել Թուրքիայի գլխավոր դիվանագետին

·        Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծագած հակամարտության մեջ ցեղայի՞ն պատճառներով է, որ կողմնակալություն եք ցուցաբերում։

·        Դեռևս չե՞ք հասկացել, որ ռասիստական արտաքին քաղաքականությունը «կրակի վրա յուղ լցնել» է նշանակում և միայն մեծացնում է հարցերը:

·        Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը ցանկանում է ավելի շատ զենք վաճառել Ադրբեջանին։ Լարվածությունն այս պատճառո՞վ է, որ սաստկացնում եք։

·        Մտածո՞ւմ եք Ադրբեջան զորք ուղարկելու ուղղությամբ:

·        Թուրքիան, եթե ցեղային պետություն չէ, ինչո՞ւ է արտաքին քաղաքականությունը վարում ցեղապաշտական նկրտումներով։

·        Երբեմն հիշո՞ւմ եք արդյոք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եք, որը հիմնադրվել է Հայաստան-Ադրբեջան լարվածությունը նվազեցնելու նպատակով։

·        Դեռ չե՞ք հասկացել, որ Կովկասի ապակայունացումը ձեռնտու է միայն Ռուսաստանին։

·        Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի Պաշտպանության նախարարության այն սպառնալիքը, ըստ որի՝ նրանք պատրաստ են հարվածելու Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող ատոմակայանին։

Դիտվել է 60291անգամ
Վերջին լուրեր