22 / Հուլիս / 2020 : 19-39

Էրդողանը Twitter-ում Սուրբ Սոֆիայի մասին 9 լեզուներով երգի հոլովակ է հրապարակել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր էջում Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի մասին 9 լեզուներով երգի տեսահոլովակ է հրապարակել, գրում է ria.ru-ն։

Տեսահոլովակին մասնակցել են տարբեր մուսուլմանական երկրների կատարողներ, որոնցից յուրաքանչյուրը երգի մի հատվածը երգում է իր լեզվով՝ ղրղզերեն, բոսնիերեն, ալբաներեն, արաբերեն, ադրբեջաներեն, քրդերեն, սուահիլի, բենգալերեն, թուրքերեն լեզուներով։

«Այա Սոֆիա, փոթորիկներից ու կիզիչ արևից մենք կպատսպարվենք քո ստվերում։ Մենք կկանգնենք քո առջև՝ առանց երկմտելու, և դու կհպարտանաս Ֆաթիհի թոռներով (1453 թվականին Ստամբուլը նվաճած Մեհմեդ II )։ Այա Սոֆիա, դու պարզապես քար չես, քո անունը մենք գովաբանում ենք ամբողջ աշխարհում։ Մենք կարոտել ենք միմյանց»,- հերթով երգել են կատարողները։

Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։

 

Սուրբ Սոֆիայի պատմությունը սկսվում է հռոմեացի կայսր Կոստանդիանոս Ա Մեծի օրոք: Նա է 324 թվականին հիմնել Կոստանդնուպոլիսը որպես կայսրության մայրաքաղաք: 326-ին Կոստանդիանոսը մայրաքաղաքում կառուցել է առաջին եկեղեցին Սուրբ Սոֆիայի անունով՝ Կոստանդնուպոլսի Օգոստոսյան հրապարակում: Սկզբնական շրջանում այն կոչվում էր Մեծ եկեղեցի, քանի որ չափերով գերազանցում էր Կոստանդնուպոլսի իր ժամանակակից մյուս եկեղեցիներին: Իսկ Սուրբ Սոֆիա անվանումը կառույցին տրվել է ավելի ուշ:

Տաճարն առաջին անգամ հրդեհվել է 404 թվականին՝ ժողովրդական ապստամբության ժամանակ: 532 թվականին Թեոդոսիոսի վերակառուցած տաճարը կրկին կործանվել է հրդեհի պատճառով: Հրդեհից քառասուն օր անց Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Ա-ն պատվիրել է դարձյալ վերակառուցել Սուրբ Սոֆիայի տաճարը, վերակառուցումը տևել է 532-537 թթ.:

1453թ.-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ.-ին Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ.-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: 

Դիտվել է 15820անգամ
Վերջին լուրեր