06 / Ապրիլ / 2020 : 18-14

Փնտրվում է «քաղաքում վազվզող» քաղաքապետը

 

Համավարակի` Հայաստան մուտքից հետո անսպասելիորեն անհետացավ մայրաքաղաքաք Երևանի ղեկավար Հայկ Մարությանը` հասարակության շրջանում հայտնի երբեմնի Կարգին Հայկոն, ով, եկեք ընդունենք, հումորի լավ զգացում ունի, բայց ղեկավարել, ինչպես ժամանակը ցույց տվեց, չի կարողանում:

Իհարկե, «ներկաներից» ոմանք հոգեպես նույնպես բացակա էին, որովհետև զբաղված էին մեր քաղաքացիներին «գույքագրելով» ու ոսպի «փոխարինիչներ» գտնելով, բայց Հայաստանի բնակչության համարյա կեսը բնակվում է (մշտական և ժամանակավոր) Երևանում, բացի այդ, այնտեղ են կենտրոնացված պետական բոլոր կարևոր ինստիտուտները, հետևաբար` այսպիսի օրհասական իրավիճակներում Երևանի ղեկավարությունն անելիք ունի համարյա այնքան, որքան Առողջապահության նախարարը, վարչապետն ու մյուսները: Բայց արի ու տես, որ գործելու փոխարեն Հայկ Մարությանը որոշել էր մեկուսանալ:

Ավելին` շշուկներ էին պտտվում, որ քաղաքապետն անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային փոստով է ստանում, ծայրահեղ դեպքում` դռան ճեղքից` մատների ծայրով: Իհարկե, սրանք շշուկներ են, և որևէ մեկը չկա, ով կարող է հաստատել այս ամենը, բայց այն, որ շաբաթներ շարունակ հասարակությունը փնտրում էր Երևանի գործող քաղաքապետին, փաստ է: Ի դեպ, այդ մարդը այն նույն Հայկ Մարությանն է, ով նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր վազվզել Երևանի փողոցներում` հանուն Երևանի բարօրության:

Միայն ավագանու «Լույս» խմբակցության անդամի` Թբիլիսիի ախտահանվող փողոցների մասին տարածած լուսանկարից հետո Հայկ Մարությանը որոշեց երևալ հանրության աչքերին և ուղիղ եթերով պարզաբանումներ անել` իր կորստյան մասով: Պարզվում է, օ, հրաշք, քաղաքապետն այս օրերին ամենևին էլ թաքնված ու ինքնամեկուսացված չի եղել, ավելին` նա աշխատում էր: Այսինքն` վերը բերված ձևակերպումը ճիշտ էր, փնտրվում է Երևանի գործող քաղաքապետը, այո, գործող, որովհետև այս դժվարին շրջանում չգործող, մատը մատին չտվող քաղաքապետն ու նրա զբաղեցրած աթոռն իրարից շատ քիչ են տարբերվում, աթոռը գոնե իր գործն անում է: Եվ միայն պատերկացնել կարելի է, թե չաշխատելու դեպքում ինչպիսին կլիներ քաղաքի վիճակը: Վերջիվերջո Սիթիի Սամոյի նվիրած բեռնատարերի դիմաց լուսանկարվելն աշխատել չէ, որքան էլ  փորձեն այդպես պնդել:

Հուսով եմ`քաղաքագլխի ուղիղ եթերը միայն ինձ մոտ հարցեր չի առաջացրել, օրինակ, եթե նա շաբաթներ շարունակ աշխատել է, որն է եղել այդ աշխատանքը: Այս պահին ամենակրևոր խնդիրը քաղաքի հիգիենային հետևելն է, որը, ինչպես գիտենք, չի իրականացվել, գոնե ախտահանման մասով: Այնինչ, հարևան երկրների մայրքաղաքներն օրը երկու-երեք անգամ մանրակրկիտ ախտահանվում են: Նույնիսկ եկավ մի պահ, որ ստիպված գործի անցան քաղաքի ախտահանման պարտավորություններ չստանձնած, միլիիոնների տեսքով պարգևավճարրների հետ կապ չունեցող անհատներ ու քաղաքական ուժեր: Նույն ժամանակամիջոցում հասարակությունը չէր նկատում գործող քաղաքապետի աշխատանքի արդյունքները, մի պարզ պատճառով, որովհետև նա չէր աշխատում:

Ցավոք սրտի, նրանց շնորհակալություն հայտնելու փախերն, Հայկ Մարությանը կրկին որդեգրեց հեգնանքի և սարկազմի քաղաքականությունը, որը հեռու տեղ տանել չի կարող, որովհետև, բովանդակային առումով, անշնորհակալ ու ապերախտ մոտեցում է:

Միայն այսքանից կարելի է ենթադրել, որ Հայկ Մարությանը ոչ գործելու, ոչ էլ չգործելու ժամանակ, որպես քաղաքապետ, անընդունակ է, նրա մոտ հումարային մանրապատումներն ու սերիալներն ավելի հաջող են լինում, քան աղբահանությունն ու աշխատակազմ ղեկավարելը: Նկատենք նաև, որ Մարությանի ընկճվածության պատճառը կարող էր լինել նրան տրված` ընդհատակ անցնելու հետ կապված նկատողությունը, իսկ թե ով կարող է տալ այդ նկատողությունը, կարելի է ենթադրել Մարությանի` ֆեյսբուքյան ուղիղ եթերների մասին զզվանքով արտահայտվելու պատկերը:

Այնուհանդերձ, փնտրվում է գործող քաղաքապետ:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է 6087անգամ
Վերջին լուրեր