Վերջին օրերին, ցավոք, երկրում արձանագրվում է վարակման կտրուկ աճ. պետք է ցուցաբերել զգոնություն. Գախարիա

Վերջին օրերին ցավոք, երկրում արձանագրվում է վարակման կտրուկ աճ, որն ուշագրավ է, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության այսօրվա նիստին, փոխանցում է 1Tv.ge-ն։
Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, Վրաստանի կառավարությունը վերահսկում է իրավիճակը, սակայն անհրաժեշտ է ցուցաբերել ուշադրություն:
«Այսօր մեր զրույցը պետք է սկսենք համաճարակային վիճակի մասին խոսելով: Երեկ ունեցանք 24 դեպք, այսօր՝ 12: Վերջին օրերին, ցավոք, երկրում արձանագրվում է վարակման կտրուկ աճ, որն ուշագրավ է: Չնայած նրան, որ վերահսկում ենք վարակի տարածման արագությունը, պետք է լինենք ուշադիր:
Առանձնապես ուշագրավ է այն հանգամանքը, որ տարածումը կենտրոնացած է հիմնականում Գարդաբանիի շրջանի մի քանի գյուղերում: Հաշվի առնելով, որ այս գյուղերում սոցիալական կառուցվածքն այնպիսին է, որ բազմաթիվ քաղաքացիներ աշխատում են Թբիլիսիի շուկաներում և տոնավաճառներում, կայացվել է համապատասխան որոշում, որ շուկաներում և տոնավաճառներում խստանա վերահսկողությունը, դա կլինի ջերմաչափում և թեստավորում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: