Հաքերները կարողացել են Twitter-ի հազարավոր օգտահաշիվներ կոտրել՝ ընկերության շուրջ 1000 աշխատակցի ծառայողական տվյալներին հասանելիություն ստանալու միջոցով
Twitter-ի ավելի քան 1000 աշխատակից, որոնք ծառայողական հասանելիություն են ունեցել սոցիալական ցանցին, հնարավոր է՝ հայտնվել են հաքերների ուշադրության ներքո, և նրանց օգտագործած տվյալներին հասանելիություն ստանալու միջոցով էլ հազարավոր օգտահաշիվներ են միգուցե կոտրվել:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, 2020թ-ի սկզբին ընկերությունում աշխատած այդ անձինք հասանելիություն են ունեցել սոցիալական ցանցի կարգավորման ներքին գործիքներին, որոնք թույլ են տալիս փոխել օգտագործման կարգավորումներն ու օգտահաշվի կառավարումը փոխանցել այլ անձանց:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հաքերային հարձակման էին ենթարկվել աշխարհահռչակ մի շարք գործիչների՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի, Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսի, SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկի, ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի, նրա ամուսին, ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի, Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի և այլ հայտնիների օգտահաշիվները:
Հաքերային հարձակման հետևանքով կոտրված օգտահաշիվներից գրառումներ են կատարվել, որոնցով հայտնիներն իբրև թե բիթքոինի հաշվին փոխանցումներ կատարելու կոչեր են արել: Դրա հետևանքով հարյուրավոր՝ մոտ 112 հազար դոլարին համարժեք փոխանցումներ են արդեն կատարվել: