Ամերիկացի ինժեները ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել

Կալիֆոռնիացի Ալեքս Անիմաշոնը, որը նախկինում Jaguar Land Rover և Mobius Motors ընկերություններում որպես ինժեներ է աշխատել, ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել, գրում է newatlas.com կայքը։
Անիմաշոնը հույս ունի, որ իր հայտնագործությունը տարածում կգտնի հատկապես մեծ քաղաքների բնակիչների շրջանում, որոնք հաճախ հեծանիվներով են քաղաքային հսկա փողոցներից մեկից մյուսը տեղափոխվում։


«Երեք մասի բաժանված պիցցա պատկերացրեք․․․հեծանվի անիվը ծալվում է, երբ մի մասը բարձրացնում ու թեքելով դնում ենք մյուսի վրա։ Նույն պրոցեսը կրկնում ենք ևս մեկ անգամ և իրար վրա դրված երեք մաս ստանում։ Անիվների միացման բոլոր հատվածներում և հանգույցի վրա ամրակ կա»,- մանրամասնում է Անիմաշոնը։
Ծալված դիրքով հեծանիվն ընդհանուր 14 կիլոգրամ է կշռում։
Հայտնագործողի խոսքով՝ նման հեծանվի մոտավոր արժեքը կտատանվի 1600-2500 դոլարի սահմանում։