Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հուլիս / 2020 : 15-09

«Վախթանգ Անանյանի երկերից փչում են մեր երկրի և հողի բույրերը...». Հրանտ Թամրազյան

 

Վախթանգ Անանյան (1905-1980). ­արձակագիր, լրագրող, հայ արկածային գրականության, որսորդական պատմվածքի սկզբնավորողը հայ գրականության մեջ՝ կեն­դա­նա­կան աշ­խար­հի, բնու­թյան պատ­մի­չը։

 

ՀԱՅՏՆԻ ԳՐՈՂՆԵՐԸ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԱՍԵԼ ԵՆ՝

«Անանյանը մի գրող է, որ երեխաներին տոգորում է ազնվության, բարության, գեղեցիկի հանդեպ մեծ սիրո զգացմունքներով։ Իսկ մեծերին վերադարձնում է իրենց մանկության հովիտները՝ մանկության գույները վերստին զգալու, բնության թրթիռներով ապրելու համար»։

Հարի Ազեմիս (գերմանացի գրող)

***

«Վախթանգ Անանյանի երկերից փչում են մեր երկրի և հողի բույրերը: Նա չափել է անդունդների խորքը և զգացել է լեռների սլացքը, թեքվել է բոլոր ծաղիկների և բույսերի վրա: Մշտապես պահպանել է մոր ջերմության և անսահման սրտի զգացողությունը, հյուսել նրա սիրո երգը: Նա հասկանում էր բնության լեզուն և մարդու հոգին, անաղարտ հայացքով նայում մարդկանց և աշխարհին, ժողովրդական մեծ կյանքի ընթացքին»:

Հրանտ Թամրազյան

***

«Վախթանգ Անանյանի «Սևանի ափին» վիպակը մի նոր նվաճում է ինչպես հեղինակի, այնպես էլ մեր գրականության համար։ …Նա գրում է հյութեղ, պարզ ու հասկանալի, ժողովրդական բառ ու բանով հարուստ, հետաքրքիր լեզվով։ Նրա լեզվամտածողությունը գերազանցապես հայերեն է, զերծ օտարություններից»։

Պարույր Սևակ

***

«Անանյանը ունի ինչ ասել ամեն մեկի սրտին։ Ինքը շատ բաներ է տեսել, շատ բաներ գիտի։ Հավատարիմ լինելով հայ դասական գրականության ավանդույթին՝ ինքը գրում էր ժողովրդի լեզվով, ժողովրդի մասին և ժողովրդի համար»։

Սերո Խանզադյան

***

«Վ. Անանյանի ստեղծածը մի գրականություն է, որ հավասարապես կարող է հմայել և՛ մեծերին, և՛ փոքրերին։ Չեխ ընթերցողը երախտապարտ է հայ ականավոր գրողին՝ պատճառած բերկրանքի, հայոց լեռնաշխարհում այդքան հմայիչ հեռակա ճանապարհորդություն տանելու համար»։

Յա Եդլիչկա (չեխ գրող) 

Պարզ ու պատկերավոր, բնական ու գեղեցիկ նկարագրություններով են առանձնանում Վախթանգ Անանյանի ստեղծագործությունները։ Ինչպես նաեւ՝ ինքնատիպ գրելաոճ, մեծ սեր բնության հանդեպ՝ համոզիչ կերպարների եւ մարդ-բնություն գեղարվեստական մարմնավորմամբ։

ՔԱՂՎԱԾՔՆԵՐ. ՆԱ ԳՐԵԼ Է՝

 

«Սիրում եմ անձրևը, կայծակը, որոտը, կախարդական սևագորշ ամպերը…»։

***

«Այն, ինչ մարդը կարող է սովորել ու հասկանալ դժբախտության մեկ օրում, չի կարող հասկանալ բարեկեցիկ կյանքի մի քանի տարում»։

***

«Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլևս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ»։

***

«Քեզանից հողի հոտ եմ առնում...» 

***

«Հովիվ մարդը երազող է լինում։ Գուցե դրա պատճառն այն է, որ նա հեռու է քաղաքի ժխորից և նրա երևակայության թռիչքը չի խանգարվում։ Բնության անդորր ու վսեմ խաղաղության մեջ, նրա հեքիաթային պատկերների ազդեցությամբ, երանության ժպիտը դեմքին երազում է հովիվ պատանին՝ իրեն անծանոթ պայծառ ու լուսավոր ափերի մասին ու իր հոգու խորքում գուրգուրում է նրան՝ իր երազանքի առարկային։

 ***

«Մեր անտառներում և սարերում այնքան չբացահայտված գաղտնիքներ ու առեղծվածներ կան»: 

***

«Տասնմեկ տարեկան էի, երբ զրկվեցի դպրոցից, ուսուցիչներից: Այնուհետև գրքերը դարձան  իմ ուսուցիչները, իմ դաստիարակները, լեռնականի իմ անտաշ հոգին հղկողները»:  

***

«Ես մեծացել եմ կենդանիների մեջ: Եղնիկների հետ, եղնիկի պես»:

 

Մարիա Մարկոսյան 

Նյութի աղբյուր՝ www.yelaket.am 

 

Author's cover photo
Ամսաթիվ 26 / Հուլիս / 2020 : 15-09
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 103873անգամ
Վերջին լուրեր