Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային իրավիճակն անգամ չի խանգարում ոմանց, որ սեփական փիառով զբաղվեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային իրավիճակն անգամ չի խանգարում ոմանց, որ սեփական փիառով զբաղվեն: ԼՀԿ-ից պոկված, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը երեկ «լայվ» մտավ եւ տեղեկացրեց, թե նոր է դուրս եկել «Արմավիր» ՔԿՀ-ից եւ բանտապետի հետ զրույցում լուծել է Միսակ Լազարյանին իր նախկին բանտախուց վերադարձնելու հարցը:
Հիշեցնենք, որ Լազարյանը 9 տարի հետախուզվում է ՌԴ իրավապահների կողմից՝ մի ադրբեջանցու սպանության համար, այժմ «Արմավիր» ՔԿՀ-ում նախնական կալանքի մեջ է, մարտի 10-ից էլ հացադուլ է անում, քանի որ նրան ՌԴ-ին արտահանձնելու որոշում է կայացվել: Լազարյանով զբաղվում է ՄԻՊ-ը:
Պարզվում է՝ նա հացադուլը դադարեցրել է դեռ ուրբաթ օրը, սակայն ինչ որ զննությունների պատճառով խուց տեղափոխելը մի քանի օր ուշացել է, տեղափոխվել է երեկ առավոտյան, երբ դեռ Բաբաջանյանը չէր այցելել:
Ավելին, Բաբաջանյանից մի քանի ժամ շուտ՝ վաղ առավոտյան, ԼՀԿ-ական պատգամավոր Հարություն Բաբայանն է այցելել «Արմավիր» ՔԿՀ, զրուցել Լազարյանի եւ ՔԿՀ պետի հետ, Լազարյանին «դուխ» տվել, որ պետությունը բոլոր ընթացակարգերից օգտվելու է՝ նրա ապահովության համար։ Եվ կազմակերպվել է Լազարյանի՝ հացադուլավորների խցից իր նախկին խուց տեղափոխելը: Սակայն թեմայի «նրբությունը» հաշվի առնելով՝ Բաբայանը ՔԿՀ պետի եւ Լազարյանի փաստաբանի հետ պայմանավորվել են չբարձրաձայնել: Բաբայանը հաստատեց այս տեղեկությունները եւ հրաժարվեց գնահատական տալուց»: