Սիրիայում կկառուցվի Սուրբ Սոֆիայի տաճարի կրկնօրինակը
Ստամբուլի կենտրոնում գտնվող բյուզանդական Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածվելուց հետո լուրեր են շրջանառվում, որ տաճարի կրկնօրինակը կկառուցվի Սիրիայում,- գրում է regionmonitor-ը։
Լիբանանյան մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ եկեղեցին ծրագրվում է կառուցել Սիրիայի արևմտյան Համա նահանգի Սուկայլեբիյե շրջանում, որտեղ բնակչության ստվար հատվածը ուղղափառ եկեղեցու հետևորդ քրիստոնյաներ են։ Իսկ տաճարի տարածքը նվիրաբերել է Սուկայլեբիյեի ոստիկանապետ Նաբեուլ ալ-Աբդալլահը։
Նշվում է, որ տաճարի կրկնօրինակի կառուցման գաղափարը նախ հավանության է արժանացել Համայի հույն ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս Նիկոլոս Բաալբակիի կողմից, այնուհետև ներկայացվել է Սիրիայում տեղակայված ռուսական բանակի ներկայացուցիչներին։
Թուրքական լրատվամիջոցներն, անդրադառնալով թեմային, գրել են, որ այդ գաղափարը նույնիսկ հույների մոտ չի հղացել, այնինչ Ռուսաստանը Սիրիայում «փոքր Այասոֆիա» է կառուցում։
Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ՝ Սիրիայի կառավարությունը նման որոշումով փորձում է քաղաքական վրեժ լուծել Թուրքիայից, որն այդ երկրում զորք է տեղակայել և աջակցում է սիրիական ընդդիմությանը։