Բեյրութի նավահանգստում ամոնիումի նիտրատ է պայթել․ Լիբանանի ՆԳՆ

Բեյրութի նավահանգստում պայթյունավտանգ ամոնիումի նիտրատ է պայթել: Այս մասին, ինչպես հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը, ասել է Լիբանանի ՆԳՆ ղեկավար Մուհամմադ Ֆահմին:
Միևնույն ժամանակ, իրավապահները Al Mayadeen հեռուստաընկերությանը հայտնել են, որ «պայթեցվել է պայթուցիկ նյութերի մաքսանենգ բեռը, որը 9 տարի առաջ առգրավվել է նավերից մեկից, որը այս բոլոր տարիներին պահվել է նավահանգստում գտնվող պահեստում՝ հետագա մշակման կամ ոչնչացման համար»:
«Չորս ամիս առաջ զեկույց է պատրաստվել ծովային նավահանգստում այդպիսի պայթուցիկ նյութերի բեռը պահելու մեծ վտանգի մասին»,- ասել է նա: Ըստ որոշ տեղեկությունների, պահեստում տեղի է ունեցել կարճ միացում, որը հրդեհ է առաջացրել, դրա հետևանքով էլ նիտրատը պայթել է: Մինչդեռ Լիբանանի մայրաքաղաքում հիվանդանոցները լեցուն են վիրավորներով: