Բեյրութի կենտրոնում բախումներ են սկսվել (տեսանյութ)

Բեյրութի կենտրոնում զանգվածային բախումներ են սկսվել ցուցարարների ու իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև: Ակտիվիստները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որոնք էլ արցունքաբեր գազ են կիրառել, հայտնում է РИА Новости-ն:
Լիբանանի մայրաքաղաքում սկսված հակակառավարական հանրահավաքը վերածվել է անկարգության:
Երկրի հազարավոր բնակիչներն իշխանություններից պատասխան են պահանջում օրեր առաջ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած սոսկալի պայթյունի առնչությամբ:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ նահանջում են՝ չկարողանալով դիմակայել ակտիվիստների գործողություններին: Խորհրդարանի շենք են ուղարկվում լրացուցիչ ուժեր:
Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով ավելի քան 150 մարդ է մահացել, որից 13-ը հայեր են: Ավելի քան 5000 վիրավորների թվում նույնպես հարյուրավոր հայեր կան: