Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Ապրիլ / 2020 : 15-25

«Շատ քննադատաբար եմ ինձ մոտենում». Անահիտ Կիրակոսյանը` մայրության, երեխաների անակնկալի եւ աղջիկների հետ հաճախ կիսվելու մասին

Անկախ ստեղծված իրավիճակից` Մայրության ու գեղեցկության տոնը ոչ ոք չի կարող հետաձգել, քանի որ այն նվիրված է յուրաքանչյուրիս կյանքի ամենակարեւոր էակներին, որոնց պետք է սեր ու ժպիտ պարգեւել ամեն օր: Տանը մնալն էլ այսօր կնպաստի, որ էլ ավելի երկար ժամանակ նվիրնք մեր մայրերին:

Հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի մայրիկներից է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, որն արդեն դարձել է մայրության եւ գեղեցկության իսկական խորհրդանիշ: Նա կարողանում է ոչ միայն փայլուն հասցնել իր 4 երեխաների խնամքը, այլեւ նկարահանվել ֆիլմերում եւ ամեն առավոտ բարի լույս մաղթել հեռուստադիտողին:

Անահիտի խոսքով` ինքը կլոր տարին է իրեն գնահատված ու սիրված զգում, սակայն կարեւորում է նաեւ կանանց ու մայրերին նվիրված տոները:

Այս խորհրդանշական օրը զրուցել է բազմազավակ մայրիկի հետ, պարզել երեխների հետ հարաբեություններն ու նրա` մայր լինելու պատասխանատու, բայցեւ հաճելի պարտավորությունները:

 

Անահիտը նշեց, որ մայրիկի դերում իրեն վաղուց էր պատկերացնում:

«Կարծում եմ` ցանկացած աղջիկ մանկության տարիքից արդեն իրեն պատկերացնում է մայրիկի կերպարում: Հիշում եմ` դեռ բակային խաղերի ժամանակ արդեն մայրիկ էի խաղում, որը հողից ու ավազից «կոտլետներ» էր պատրաստում երեւակայական կրակի վրա (ծիծաղում է): Բայց չէի պատկերացնում, որ այս ասպարեզում կլինեմ` որպես հայտնի մայրիկ»,-ժպտում է ու խոստովանում,-«Բնականաբար ունեցել եմ վախի զգացողություն եւ այն ունեմ ցանկացած ընտրություն կատարելիս, հատկապես, երբ խոսքը պատասխանատու քայլի մասին է: Մայրանալու հետ կապված վախեր կարծում եմ` բոլորն են ունեցել, ես էլ բացառություն չեմ: Միանգամից հասկանում ես, որ արդեն պատասխանատու ես մեկ այլ հրաշքի կյանքի համար ու արդեն խոսքը միայն քո կյանքի մասին չէ»:

Անդրադառնալով երեխաների հետ փոխհարաբերություններին` դերասանուհին նշում է.

«Ծնողների եւ երեխաների հարաբերությունների թեման երկար կարելի է շոշափել: Կան ժամանակների, մտածելակերպի տարբերություն, մինչեւ ծնող չդառնաս, չես հասկանա դրանք: Երբ երեխա ես, նեղվում ես ծնողից, երբ ծնող ես` երեխայից: Երեխաների հետ ընկերանալը բարդ է, բայց հնարավոր: Պետք է, ուղղակի, հիշես քեզ նրանց տարիքում, չմոռանաս, որ դու էլ ես եղել այդ տարիքում եւ փորձես նրանց հարգելով, նրանց լեզվով խոսելով ստեղծես այդ հարաբերությունները»:

Անահիտը խոստովանում է` որպես մայր իրեն քննադատաբար է մոտենում.

«Չգիտեմ` ինչպիսի մայր եմ, երեւի դա կասեն երեխաներս: Շատ քննադատաբար եմ ինձ մոտենում, երբեմն լինում են պահեր, երբ մտածում եմ` այդքան էլ լավ մայր չեմ, գուցե զբաղվածության պատճառով, կամ էլ` նեղված պահին: Բարկանալ կարող եմ, երբ երեխաներս ստում են, երբ կրկնում են այն սխալը, որի համար արդեն նկատողություն ստացել էին... Շատ էմոցիոնալ եմ»:

Չնայած արտակարգ դրությանը` դերասանուհին այսօր ուշադրության պակաս չի ունենա. այս անգամ էլ դուստրերն անկնկալ են պատրաստել, որը հայտնել են գրառման միջոցով: Իսկ թե ինչ կլինի, դերասանուհին ինքն էլ դեռ չի կռահում, բայց ասում է,-«Անկախ տոնական օրերից` ես միշտ ինձ գնահաված ու սիրված եմ զգում, բայց, իհարկե, այս օրերն էլ են հաճելի առիթ նման զգացողությունների համար»:

Դուստրերի համար Անահիտը վաղուց դարձել է ընկերուհի, որը կարող է լսել նրանց, խորհուրդ տալ ու նույնը ստանալ:

«Աղջիկներս շատ հաճախ են կիսվում ինձ հետ. արդեն 9 տարվա ընկերություն է ձեւավորվել մեր մեջ: Ես էլ շատ դեպքերում նրանց հետ եմ կիսվում, հատկպես` մեծ աղջկաս հետ, նրանից հաճախ խորհուրդներ էլ եմ վերցնում»:

Խոսելով ընտանիքի եւ գործի համատեղելիության մասին` դերասանուհին նշում է.

«Հաճախ են հարցնում, թե ինչպես է հաջողվում համատեղել մայրությունն ու աշխատանքը: Կարծում եմ` դա ստացվում է սիրո, փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի եւ միմյանց օգնելու շնորհիվ: Առանց ինձ օգնողների, առանց ընտանիքիս աջակցության չէի կարողանա ամեն ինչ համատեղել»:

Անահիտի ժպիտն էլ հաճախ կախված է երեխաների հաջողությունների հետ.

«Ինձ ժպտալու համար պետք է, որ երեխաներս լավ զգան, առողջ լինեն, կարողանան ճիշտն ու սխալը տարբերել... Այդ դեպքում ես էլ հաստատ կժպտամ»:

Լուսանկարները` Անահիտ Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է 17987անգամ
Վերջին լուրեր