Բժիշկ-կոսմետոլոգները ո՛չ միայն պարգևում են գեղեցկություն, այլև կանանց օգնում են վերագտնել իրենց կորցրած «ես»-ը.
բժիշկ-կոսմետոլոգ Ալլա Ավետյան

Բժիշկ-կոսմետոլոգի կերպարի, մասնագիտական նրբությունների, գեղեցկության գաղտնիքների և այլ կարևոր հարցերի մասին իր մտորումներով ու խորհուրդներով «Medifield»-ի հետ անկեղծացել է փորձառու բժիշկ-կոսմետոլոգ, «Kos-Med-bieuty» էսթետիկ բժշկական կենտրոնի և «Art Look Beauty» ուսումնական կենտրոնի հիմնադիր-տնօրեն Ալլա Ավետյանը:
- Ինչու ՞ ընտրեցիք հե՛նց բժիշկ-կոսմետոլոգի մասնագիտությունը:
- Դեռևս մանկությունից ինձ մշտապես հետաքրքրել է գեղեցկության ասպարեզը. ինձ հետաքրքիր էին աստղերը, որոնք գեղեցիկ հագնվում էին ու գեղեցիկ շպարվում: Այդ ժամանակ ես փոքր էի և դեռ չէի հասկանում՝ ի՞նչն էր ինձ գրավում: Ավելի ուշ հասկացա, որ ինձ հետաքրքրում է հենց իմ մասնագիտությունը և որոշեցի սովորել:
Կարծում եմ՝ մասնագիտություն ընտրելիս կարևոր է հասկանալ արդյո՞ք այն քոնն է, թե՝ ոչ: Այդ ճանապարհը ես անցել եմ մեծ հաճույքով և հասկացել եմ, որ ընտրածս մասնագիտությունը հենց այն է՝ ինչ ինձ պետք է. անսպառ կարող եմ աշխատել, և դա ինձ հաճույք է պատճառում:
- Ի՞նչ է նշանակում զբաղվել սիրելի մասնագիտությամբ, արդյո՞ք այս դեպքում սերն առ մասնագիտական գործունեություն ավելին չէ՝ քան պարզապես աշխատանքը:
- Երբ մարդը զբաղվում է իր սիրած աշխատանքով՝ ընդհանրապես չի հոգնում: Մինչև ուշ երեկո աշխատելու դեպքում էլ չեմ հոգնում: Ցանկացած կոսմետոլոգիական նորամուծության դեպքում աշխատանքից հետո սիրով ուումնասիրում եմ այն, նոր գիտելիքներ քաղում, ահա այս պահերին է, որ հասկանում եմ՝ մասնագիտությունը դա մարդու ներաշխարհն է և եթե սիրով ես անում, ապա երբևիցե չես հոգնի: Ես որոշ դեպքերում անգամ հանգստություն եմ զգում:
- Արդյո՞ք դժվար չէ համատեղել աշխատանքը ընտանիքի հետ, քանի որ միաժամանակ 3 տարբեր կառույցների հիմնադիր-ղեկավար եք:
-Երբ երեխաներս փոքր էին՝ շատ դժվար էր. մինչ ուշ երեկո սպասում էին, որ ինձ տեսնեին: Ինձ շատ էին օգնում ծնողներս, ինչի համար անչափ շնորհակալ եմ նրանց: Այժմ երեխաներս հասուն մարդիկ են, աղջիկս զբաղվում է իմ կազմակերպությունների ղեկավարմամբ, իսկ տղաս Գերմանիայում է: Երկուսն էլ շատ ըմբռնումով են մոտենում իմ աշխատանքին, աջակցում են՝ հասկանալով, որ զբաղվում եմ իմ սիրելի մասնագիտությամբ:



- Ինչպիսի՞ն է ժամանակակից կոսմետոլոգիան, ի՞նչ ծառայություններ է առաջարկում, և արդյո՞ք այն այսօր պահանջված է:
- Այսօր ժամանակակից կոսմետոլոգիան ծառայությունների լայն ընտրանի է առաջարկում: Մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք դեմքի օվալի, ինչպես նաև մարմնի կառուցվածքի շտկումներ: Այսօր դարի խնդիր է գիրությունն ու ճարպակալումը, այս խնդիրների լուծման համար մենք ունենք համապատասխան բոլոր սարքավորումները: Հարկ եմ համարում նշել, որ մենք պարբերաբար նորացնում ենք դրանք՝ ընդգրկելով ավելի գերժամանակակիցները: Նշեմ նաև, որ «Kos-Med-bieuty» էսթետիկ բժշկական կենտրոնում զբաղվում ենք թե՛ ներարկումային կոսմետոլոգիայով, թե՛ սարքավորումային: Ունենք «HIFU ULTERA» սարքը, որի միջոցով իրականացնում ենք օվալի շտկում՝ կրճատելով դեմքի մկանային շերտը: «Cryolipolysis» սարքի միջոցով էլ տեղի է ունենում ճարպային շերտի այրում: Կատարում ենք նաև ներարկումային բազմապիսի պրոցեդուրաներ, մեզոթելեր և այլն, կարծում եմ, որ չկան այնպիսի սարքավորումներ, որոնք մեր կենտրոնում չլինեն: Ժամանակակից կոսմետոլոգիայում կիրառվող բոլոր մեթոդները մենք իրականացնում ենք: Կարևոր է նաև, որ մոտեցումը մեր կենտրոնում անհատական է, մեթոդների ընտրությունը կատարվում է ըստ տարիքի, ըստ անհատի տվյալների ու պահանջների:
-Որո՞նք են ըստ ձեզ գեղեցկության գաղտնիքները:
-Իմ կարծիքով բոլորը գեղեցիկ են յուրովի, չկա տգեղ կին, պարզապես ցանկալի է շտկել գեղեցկությունը: Բոլոր կանայք իրենց զգում են ավելի ինքնավստահ, երբ գեղեցիկ ու խնամված են: Մեր կենտրոն այցելում են այնպիսի կանայք, որոնք պարզապես ուզում են հասկանալ՝ ի՞նչ խնդիրներ ունեն շտկելու, գալիս են նաև այնպիսիք, որոնք հստակ համոզված են ու գիտեն ինչ խնդրի համար են դիմելու: Հաճախորդների համար մենք թե՛ ընկերներ ենք, թե՛ հոգեբաններ:
Հայաստանում ի տարբերություն մյուս երկրների մի փոքր ուշացած են գալիս: Գալիս են այն ժամանակ, երբ որ նկատելի են խնդիրներ: Ուստի, պետք է հորդորեմ կանանց, որ ավելի վաղ տարիքից դիմեն բժիշկ-կոսմետոլոգի, քանի որ գոյություն ունեցող հրաշալի մեթոդները՝ կոկտելային և սարքավորումային կոսմետոլոգիայի միջոցով կարող են շատ ավելի վաղ տարիքից կանխել հետագա խնդիրները:
-Դու՛ք, ձեր աշխատանքով վերադարձնում եք մարդկանց երբեմնի կորցրած գեղեցկությունը, հավատը, ինչու չէ նաև ապրելու և կյանքը նորովի վայելելու ցանկությունը. շատերի դեմքին կրկին հայտնվում է ժպիտ, երջանկությանը բնորոշ յուրահատուկ փայլ, ի՞նչ եք զգում, երբ ձեր բուժայցելուն գոհ է և երջանիկ:
-Մենք ամեն օր բախվում ենք տարբեր խնդիրների: Օրինակ, գալիս են կանայք, որոնց աչքերում կա թախիծ, կորցրած ինքնավստահություն և ցանկություն՝ ինչ- որ բան փոխելու: Մենք նաև հոգեբանական աշխատանք ենք իրականացնում՝ հասկանալու համար կնոջը տանջող խնդիրները, որոնց էլ աշխատում ենք լուծում տալ: Գիտե՛ք, ինչքա՜ն արցունքոտ աչքեր ենք տեսնում, և երբ իրենք իրենց հայելու առաջ տեսնում են կերպարանափոխված, ավելի գեղեցկացած, ապա դառնում են ավելի ինքնավստահ, ավելանում է ապրելու ցանկությունը: Բժիշկ-կոսմետոլոգները ո՛չ միայն պարգևում են գեղեցկություն, այլ օգնում են վերագտնելու կնոջ կորցրած «ես»-ը:


-Բացի բժշկական հմտություններից էլ ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի բժիշկ-կոսմետոլոգը:
-Պետք է օժտված լինի մարդկային բոլոր լավ հատկանիշներով, պետք է փորձի հասկանալ մարդուն, ընդունել նրան այնպիսին՝ ինչպիսին որ կա, որովհետև լինում են այնպիսի մարդիկ, ովքեր կոսմետոլոգի այցելելով ուզում են գտնել և՛ ընկերոջ, և՛ պրոֆեսիոնալ բժշկի, ով իրեն ճիշտ կուղղորդի: Իմ կարծիքով՝ բժիշկ կոսմետոլոգը պետք է լինի լավ մարդ, լավ ընկեր, լավ մասնագետ:
- Դուք հիմնել եք ուսումնական կենտրոն, որտեղ զբաղվում եք մասնագետների կրթմամբ: Արդյո՞ք փորձի փոխանակումն ու նոր մասնագետներ պատրաստելը ինքնաբուխ էր և կապված էր արդեն իսկ ամբարված գիտելիքներով ու ասելիքի հզոր պաշարով:
-Ուսումնական կենտրոն ունենալու միտքը վաղուց կար. ցանկանում էի իմ փորձը փոխանակել մատաղ սերնդին: Բացի այդ, ես որոշեցի ներգրավել նաև գեղեցկության մյուս ոլորտների մասնագետների: Այժմ միաժամանակ ՀՀ-ում և Արցախում գործում են «Art Look Beauty» ուսումնական կենտրոններն ու «Kos-Med-bieuty» էսթետիկ բժշկական կենտրոնը: «Art Look Beauty» ուսումնական կենտրոնը պատրաստում է մասնագետներ ժամանակակից այնպիսի մասնագիտությունների գծով, ինչպիսիք են՝ վարսահարդարումը, մատնահարդարումը, դիմահարդարումը և այլն: Կրթություն ստացած մասնագետներն էլ կարողանում են մեզ մոտ վերապատրաստվել: Պետք է նշեմ, որ կոսմետոլոգիական դասընթացները դասավանդում եմ ես անձամբ: Կենտրոնում ստացած գիտելիքներով մեր աշակերտները կարող են աշխատել թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս:
- Ի՞նչ կհղեիք կամ խորհուրդ կտայիք «Art Look Beauty» ուսումնական կենտրոնների սաներին և ընդհանրապես՝ հայ կանանց:
-Մեր աշակերտներին ցանկանում եմ կանաչ ճանապարհ, աշխատասիրություն, քանզի մենք տալիս ենք գիտելիքներ, իսկ մնացած ճանապարհը իրենք են հարթելու, այլ կերպ ասած՝ մենք տալիս ենք հիմքը, իրենք սկսում են կատարելագործվել: Ես կցանկանայի նաև, որպեսզի հասնեն մեծ բարձունքների, քանի որ կոսմետոլոգիան սահմաններ չունի և միշտ աշխատելու, կատարելագործվելու անհրաժեշտություն կա, կցանկանայի միշտ կատարելագործվեն և դա մեզ հպարտություն կպարգևի:
Հայ կանանց ցանկանում եմ երջանկություն, թո՛ղ որ լինեն ավելի ինքնավստահ: Պետք է ավելացնեմ նաև, որ մեր կանայք ավելի ուժեղ են, ավելի համբերատար, ավելի կանացի, ուստի կցանկանայի, որ ընդգծեն իրենց հմայքն ու գեղեցկությունը:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ: