Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Օգոստոս / 2020 : 03-10

Առաջին ողկույզը միշտ փոքրիկներինն է. Խաղողօրհնեք

Հեղինակ՝ Մարիա Մարկոսյան

«Երբ մտնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը քեզ է տալու իբրեւ սեփականություն, երբ ժառանգես այն ու բնակվես այնտեղ, ապա կվերցնես քո Տեր Աստծո քեզ տված երկրի պտուղների առաջին բերքը, կլցնես զամբյուղի մեջ եւ կգնաս այնտեղ, ուր կընտրի Տեր Աստվածը, որպեսզի իր անունը հայտնի դարձնի այնտեղ: Կգնաս այդ ժամանակ քահանայություն անողի մոտ եւ կասես նրան. «Այսօր գոհություն եմ հայտնում իմ Տեր Աստծուն... Արդ, ահա բերել եմ Տիրոջ ինձ տված երկրի բերքի երախայրիքը...»
(Մովսես Մարգարե (Բ Օր. ԻԶ 1-3; 10):

Խաղողօրհնե՛ք է, տո՛ն է... Սրբազան հայրը կօրհնի նախկինում տարվա առաջին պտուղը համարվող խաղողը, եւ քրիստոնյա հավատացյալները իբրեւ մասունք այն իրենց օջախ կտանեն: Առաջին ողկույզը միշտ փոքրիկներինն է, մնացածն էլ՝ ընտանիքի մյուս անդամներին: Շատերը մինչեւ խաղողօրհնեք չեն ուտում խաղող, հավատքով սպասում են ճաշակելու այն, երբ արդեն օրհնված կլինի՝ սա իր խորհուրդն ունի: Շատերն էլ, պարզապես պահպանում են սովորույթը, իսկ ուրիշներ՝ հավատացյալ, բայց ոչ կրոնասեր կամ էլ հակառակը, անգամ գաղափար չունեն եկեղեցական սովորույթներից, խորհուրդներից: Կան նաեւ անհամբերներ, որ պարզապես չեն դիմանում այս արեւահամ պտուղի համի գայթակղությանը... Ահա այսպիսին է քիչ, թե շատ պատկերը եւ սովորույթը, որ պահպանվել է հայ ընտանիքներում: Սակայն խաղողօրհնության արարողությունը դարերի պատմություն ունի:
Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման (հավերժացման) տոնին, Ս. Պատարագից հետո կատարվող խաղողի օրհնությունը Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու սրբազան արարողություններից է: Այն իր կարեւորությամբ դասվել է հինգ տաղավար տոների շարքին` Քրիստոսի Ծննդյան, Ս. Հարության, Պայծառակերպության, Վերափոխման եւ Խաչվերաց տոները, որոնց հաջորդ օրը մեռելոց է:
Դեռեւս նախաքրիստոնեական շրջանում գրեթե բոլոր ժողովուրդների կրոնական ծիսակարգի մաս է կազմել «Տօն արմտեաց եւ պտղոց»-ը։ Տարվա առաջին պտուղը, ի նշան հնազանդության, հպատակության, երախտագիտության եւ առաջիկա տարվա բերքի առատության, տաճարի սպասավորները՝ քրմերը, հատուկ արարողակարգով նվիրաբերել են տվյալ ժողովրդի դիցարանում պտղաբերությունը մարմնավորող աստվածությանը:
Վերոհիշյալ նվիրաբերման արարողությունը, թեպետ եղել է նաեւ հեթանոս հայոց ծիսակարգում, սակայն, այդ ընծայաբերումն առանձնացված չի եղել իբրեւ «Տօն արմտեաց եւ պտղոց», այլ համարվել է Անահտական տոներից մեկը. հայոց դիցարանում մի շարք այլ հատկանիշների հետ, պտղաբերության ու արգասավորության մարմնավորողը եղել է Անահիտ դիցուհին:
301 թվականին, երբ Հայաստան աշխարհում քրիստոնեությունը պետական կրոն է հռչակվում, Ս. Գրիգոր Լուսավորիչը Հայաստանյաց Եկեղեցում ծիսական որոշ բարեկարգումներ է կատարում: Հայոց Հայրապետը ոչ միայն բարենորոգում է արարողակարգը, այլեւ իր հայրապետական տնօրինությամբ հայ հին կրոնում առկա որոշ ավանդություններ, սովորույթներ ու արարողություններ ընդգրկում է քրիստոնեական մեր եկեղեցու ծիսակարգում: Դրանցից մեկն էլ Անահտական տոներից՝ այգեկութի երախայրիքի (երախտիք) ընծայումն էր: Ս. Գրիգոր Լուսավորիչն այն վերաիմաստավորելով ու քրիստոնեականացնելով՝ ներմուծել է Հայոց Եկեղեցու ծիսակարգ՝ համադրելով Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին: Հայրապետական տնօրինության համաձայն, պտղի նվիրաբերումը պետք է կատարվեր քահանայական օրհնության սրբագործումով:
Նշենք, որ ընծայվելիք բարիքներն էին՝ ցորենը, գարին, խաղողը, թուզը, նուռը, ձիթապտուղը, մեղրը: Այս ընծաների միջից յուրահատուկ նշանակություն ուներ խաղողը, որից պատրաստում են նաեւ «տրտմության լուծիչ եւ ուրախության պատճառ» գինին: Տեղեկությունների համաձայն, իսրայելացիներն էլ ամեն տարի իրենց այգիների առաջին բերքն ընծայում էին Աստծո տաճարին. նրանք հստակ գիտակցում ու անկեղծ հավատում էին, որ այն բոլոր բարիքները, որ իրենք վայելում են, Բարձրյալ Աստծուց է տրված: Ուստի, ի նշան երախտագիտության, իբրեւ Աստծո մշակներ, իրենց արդար վաստակի ու բերքի երախայրիքը պետք է նվիրաբերեին Բարերար Աստծուն: Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին օրհնության համար, որպես այգեքաղի երախայրիք, պտուղների միջից նախապատվությունը տալիս է խաղողի ողկույզին: Այն պայմանավորված է պատմական եւ կրոնական մի շարք հանգամանքներով. աշխարհակործան ջրհեղեղից հետո, Նոյ նահապետը՝ «այր հողագործ» (Ծննդ. Թ 20), Արարատ լեռան ստորոտի դաշտավայրում այգի է տնկում եւ խաղողագործությամբ զբաղվում: Որթատունկի պտուղը դառնում է Արարատյան դաշտավայրի զարդը, համարվում պտուղներից ազնվագույնը եւ կոչվում Պտղոց արքա: Հիսուս Քրիստոսը Իրեն բազմիցս նմանեցրել է խաղողի որթին (Հովհ. ԺԵ 1): Իսկ Ս. Եկեղեցու հայրերի վկայությունների համաձայն, Աստվածամայրն այն ընտիր որթն է, Ով մարդկությանը պարգեւեց անապական ու կենդանարար ողկույզը՝ Հիսուս Քրիստոսին: Ըստ այդմ, պտղի օրհնությունը կատարվում էր Ս. Աստվածածնի տոնին, որը համընկնում էր ամռան վերջին՝ օգոստոսի երկրորդ կիրակին, այդ շրջանում էլ առավելաբար խաղողն էր հասունանում, ուստիեւ այն դարձավ օրհնության պտուղ: Այնուհանդերձ, ընդհանրացած սովորույթի համաձայն, հիմնականում եղանակային հարմարությամբ է պատճառաբանվում պտուղների միջից խաղողի ընտրությունը, սակայն կարծիքներ կան, որ դա այդպես չէ: Տեր Հիսուսը Իրեն նմանեցրել է խաղողի որթին, եւ ըստ ավետարանական վկայության (Հովհ. ԺԵ 1-8)՝ Տիրոջ խոսքով բացահայտվում է խաղողի որթի խորհրդանշական առաքելությունը Ս. Եկեղեցու կյանքում: Ահա այս խորհուրդներով էր, որ Հայոց Եկեղեցին նախապատվությունը տվեց խաղողին: Թեպետ Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետը մասնավոր ոչ մի արարողակարգ չսահմանեց երախայրիքի նվիրաբերման համար, սակայն նրա հաջորդները ոչ միայն պահպանեցին այդ բարեպաշտական ավանդույթը, այլեւ նրանցից Ս. Սահակ Պարթեւն այն կանոնավորեց «որպէս աւրէն», իսկ Ս. Ներսես Շնորհալի հայրապետը պտղի ընծայաբերման ավանդույթը վերածեց արարողության՝ սահմանելով մարգարեական, ավետարանական ու առաքելական ընթերցվածքներ, իսկ քահանայական օրհնությամբ սրբագործման համար՝ օրհնության հատուկ աղոթք:
Այսպիսով, խաղողի օրհնությունը դարձավ Ս. Աստվածածնի տոնին կցված բարեպաշտական արարողություն, որը խորհրդապատկերն է տարվա առաջին բերքը Աստծուն ընծայելու: Աստվածածնի փոխակերպման տոնին նախորդող շաբաթ օրը նշվում է նաեւ Էջմիածնի Մայր Տաճարի կառուցման հիշատակության օրը. 303 թվականի օգոստոսին ավարտվեց Էջմիածնի Մայր Տաճարի կառուցումը, եւ տեղի ունեցավ օծումը։ Տաճարը սկզբնական շրջանում կոչվեց Ս. Մարիամ Աստվածածին։
Չմոռանանք նաեւ, որ այդ օրը իրենց անվանակոչության տոնն են նշում բոլոր Մարիամ, Մարի, Մարինա, Մարինե եւ Մարիաները:
ԽԱՂՈՂՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Օրհնության արարողությունը կատարվում է Աստվածածնի Վերափոխման տոնին (օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը)` հանդիսավոր Ս. Պատարագից հետո, երբ հանդիսապետ եկեղեցականի առաջնորդությամբ հոգեւորականաց դասը բարձրանում է սուրբ խորան:
Խաղողօրհնեքն սկսվում է «Փառք Սուրբ Խաչիդ» շարականի երգեցողությամբ, որին հաջորդում են սուրբգրային ընթերցվածքները (Առակ. Գ 9-10; Ես. ԿԵ 8-10; Եբր. Զ 18 - Է 7; Հովհ. ԺԵ 1-8): Աստվածաշնչյան ընթերցումներից հետո, սարկավագը ձայնում է «Գոհացարուք զբարերարէն Աստուծոյ» քարոզը: Այնուհետեւ հանդիսապետ եկեղեցականը, տասներկու «Տէր ողորմեա» ասելուց հետո, կարդում է Ս. Ներսես Շնորհալի Հայրապետի խաղողօրհնության «Տէր Աստուած Հայր անսկիզբն» աղոթքը, ապա հոգեւորականները երեք անգամ Խաչի նշանով օրհնում են ողկույզները՝ երգելով «Օրհնեսցի եւ սրբեսցի ողկոյզ խաղողոյս...» օրհներգը: Խաղողիօրհնության արարողությունն ավարտվում է «Պահպանիչ» աղոթքով:
Author's cover photo
Ամսաթիվ 15 / Օգոստոս / 2020 : 03-10
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 74409անգամ
Վերջին լուրեր