Բելառուսի զինծառայողները ստիպված կլինեն կրակել ցուցարարների վրա, եթե դրդեն նրանց. Բելառուսի պաշտպանության նախարար
Բելառուսի զինծառայողները ստիպված կլինեն կրակել ցուցարարների վրա, եթե դրդեն նրանց։ Այս մասին ուժային ստորաբաժանումների ղեկավարների հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։ Հանդիպման ձայնագրությունը հրապարակել է «Նաշա Նիվա» պորտալը։
«Այն քաղտեխնոլոգները, որոնք գրում են Սվետլանա Տիխանովսկայայի տեքստերը, հարց են բարձրացնում՝ բանակ, դուք ժողովրդի հե՞տ եք։ Արդյոք կկրակե՞ք ժողովրդի վրա։ Մեզ կոչ են անում, այդ թվում՝ Տիխանովսկայան, ով ասում է՝ «մի՛ կատարեք հանցավոր հրամանները»։
Այդ կինը մեզ դավաճանության, օրենքի խախտման կոչ է անում՝ հրամաններ չկատարելու կոչ։ Հանցավոր է, թե հանցավոր չէ (իշխանությունը)... Մենք զինվորականներ ենք։ Պետական համակարգը փլուզված չէ, աշխատում է, նախագահն ընտրվել է»,-հայտարարել է նախարարը։
Նա նշել է, որ քանի դեռ բանակը չի անցել ցուցարարների կողմը, պետությունը հնարավոր չէ փլուզել։
Նրա խոսքով՝ այսօր բանակը ժամապահ է, և զենքի կիրառման կարգի համաձայն՝ ժամապահը ինքնակոչների հայտնվելու դեպքում պետք է տա «Կանգնի՛ր, ո՞վ է» հրամանը և եթե հիշյալ անձը հրաժարվում է կատարել ժամապահի կարգադրությունը և շարունակում է ընդառաջ գնալ, ժամապահը պարտավոր է նախազգուշական կրակոց արձակել։
«Ուստի՝ մենք չենք կրակում՝ սպանելու նպատակով, բայց եթե շարունակվեն անտեսվել կարգադրությունները, ապա մենք դա կանենք»,- հավելել է Խրենինը։