Դասամիջոցներին աշակերտները չեն լքում դասասենյակը, նրանց գրատախտակի մոտ կանչելն արգելվում է․ ուղեցույց դպրոցների համար
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց։
Ըստ այդմ՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ:
Յուրաքանչյուր դպրոցում սահմանվելու է կորոնավիրուսային հիվանդության վարակի հսկողության պատասխանատու, ով ի պաշտոնե դպրոցի տնօրենն է։ Ուղեցույցով սահմանված բոլոր կանոնների պահպանման համար պատասխանատու են դպրոցի բոլոր աշխատակիցները։ Բացի այդ, պատասխանատուի պահանջների կատարումը պարտադիր է դպրոցի աշխատակիցների, ծնողների և սովորողների համար։
Դպրոցներն են ապահովելու դիմակներ, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչներ, ախտահանիչ միջոցներ, անձեռոցիկներ՝ առնվազն մեկ շաբաթվա պահուստով։
Օրվա ընթացքում անձնակազմը և սովորողներն ապահովվում են անհրաժեշտ դիմակներով և ախտահանիչ նյութերով, հեռահար օգտագործման ջերմաչափով՝ առնվազն դպրոցի մուտքերի թվով։ Դպրոցներն ապահովվում են նաև անհատական օգտագործման ջերմաչափերով՝ ըստ անհրաժեշտության գործածման համար։
Դպրոցներում արգելվում է զանգվածային միջոցառումների իրականացումը։ Ժամանակավորապես դադարեցվում են երկարօրյա ծառայությունները, դպրոցի կողմից կազմակերպվող արտաուսումնական խմբակների գործունեությունը։
Բացառվում է դպրոցի անձնակազմի մուտքը հաստատություն առանց դիմակի։ Բացի այդ՝ դպրոցում գտնվելու ողջ ժամանակահատվածում անձակամզի անդամները պարտադիր դիմակ են կրում։ Դպրոցի մուտքի մոտ կատարվում է անձնակազմի պարտադիր ջերմաչափում, որի արդյունքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում։ Եթե դպրոցի անձնակազմից որևէ մեկի մոտ նկատվում է սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններ, ապա անհապաղ դադարեցվում է վերջինիս աշխատանքը:
Դասարաններում սովորողների առավելագույն թույլատրելի թիվը 20-ն է: Դասարանները բաժանվում են խմբերի՝ ելնելով 1.5 մետր սոցիալական հեռավորություն ապահովելու հնարավորություններից՝ հետևյալ սկզբունքներով.
ա. 20-ից ավել սովորող ունեցող դասարանը բաժանվում է 2 խմբի:
բ. Մինչև 20 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար ուսումնական գործընթացը կազմակերպվում է նվազագույնը 54 մ2 մակերես ունեցող դասասենյակներում կամ այդ նպատակով կահավորված դահլիճներում, միջանցքներում և բացօթյա տարածքներում:
գ. Մինչև 10 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար ուսումնական գործընթացը կազմակերպվում է նվազագույնը 42 մ2 մակերես ունեցող դասասենյակներում կամ այդ նպատակով կահավորված դահլիճներում, միջանցքներում և բացօթյա տարածքներում:
դ. Ոչ պետական կրթական հաստատությունները կարող են կիրառել դասարանների կոմպլեկտավորման և կահավորման այլ սցենարներ՝ պահպանելով հակահամաճարակային ընդհանուր կանոնները:
Դպրոցներում սահմանվում է 6-օրյա աշխատանքային ռեժիմ՝ դպրոցում գտնվելու ժամանակահատվածը հնարավորինս սահմանափակելու նպատակով:Դպրոցում սովորողները պարտադիր կրում են դիմակներ՝ դրանք փոխելով 4 ժամը մեկ և ըստ անհրաժեշտության: Սույն ուղեցույցի մաս 2-ի 3-րդ կետի դրույթների պահպանմամբ դասերը դպրոցում կազմակերպելիս՝ դասասենյակների թվի անբավարար լինելու դեպքում դրանք կարող են կազմակերպվել այդ նպատակով կահավորված դահլիճներում և միջանցքներում, ինչպես նաև՝ բացօթյա տարածքում՝ նման հնարավորության և բարենպաստ եղանակային պայմանների դեպքում։
Դպրոցում դասարանի ուսումնական ողջ գործընթացը կազմակերպվում է նույն դասասենյակում՝ բացառելով կաբինետային ուսուցումը:
Դասամիջոցների ընթացքում սովորողները չեն լքում դասասենյակը։ Դասասենյակից դուրս գալու դեպքերը կանոնակարգվում են ըստ անհրաժեշտության՝ ուսուցչի հսկողությամբ։
Դպրոցում ուսումնական գործընթացի ժամանակ սովորողների միջև հնարավորինս անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ բացառելով կուտակումները և սերտ շփումները:
Դպրոցում դասերի ժամանակ սովորողների նստեցումը սեղանների շուրջ հնարավորինս իրականացվում է մեկական՝ խաչաձև, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սեղանի հակադիր ծայրերին։
Սովորողները դասին մասնակցում են տեղից:
Սովորողներին գրատախտակի մոտ կանչելն արգելվում է:
Դասը կազմակերպվում է ֆրոնտալ եղանակով:
Արգելվում է խմբային աշխատանքների կազմակերպումն այն բոլոր դեպքերում, երբ հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորություն:
Գրավոր աշխատանքների համար արգելվում է տետրեր օգտագործելը: Դրանք կազմակերպվում են թերթիկների վրա: Գրավոր աշխատանքի ավարտից հետո դրանք ուսուցչի կողմից հավաքվում են դրա համար նախատեսված արկղի մեջ: Գրավոր աշխատանքների ստուգումն իրականացվում է 1 օր հետո: Ստուգված գրավոր աշխատանքներն արգելվում է վերադարձնել սովորողներին: Անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել գրավոր աշխատանքների լուսապատճենները:
Ֆիզկուլտուրայի դասերը կազմակերպվում են դասասենյակում ըստ ուսուցիչներին տրամադրված մեթոդական ցուցումների կամ բացօթյա տարածքներում և սպորտային մարզասրահներում՝ շեշտը դնելով անհատական վարժությունների վրա և բացառելով շփումներ ու մեծ ակտիվություն ենթադրող մարզանքներն ու խմբային խաղերը:
Յուրաքանչյուր առարկայից կիսամյակի ընթացքում կազմակերպվում է 2 թեմատիկ գրավոր աշխատանք: Կիսամյակի վերջում կատարվում է սովորողների գիտելիքների ստուգում կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքի միջոցով:
Սովորողների գնահատումը կատարվում է էլեկտրոնային մատյանում: Գնահատականները սովորողները և ծնողները կարող են տեսնել էլեկտրոնային օրագրում:
Դպրոցներում բուֆետների և ճաշարանների աշխատանքն արգելվում է:
Դպրոցում սննդի կազմակերպման անհրաժեշտության դեպքում դրանք կազմակերպվում են դասասենյակում չոր սննդի տարբերակով։
Կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի՝ ներառյալ 65 և բարձր տարիքի ուսուցիչներին՝ անկախ առողջական վիճակից, կարող են ընտրել՝ աշխատանքի ներկայանալ հատուկ պաշտպանիչ միջոցների կիրառությամբ, որոնք տրամադրվում են ԿԳՄՍՆ-ի կողմից, կամ աշխատանքն իրականացնել հեռավար եղանակով, եթե առկա են դրամ համար անհրաժեշտ պայմանները, կամ չներկայանալ աշխատանքի։
Աշխատանքի չներկայանալու դեպքում ուսուցիչների համար դասաբաշխում չի կատարվում: Նրանց աշխատավարձը հաշվարկվում է նախորդ ուսումնական տարվա դասաբաշխմանը համապատասխան, բայց ոչ ավել քան մեկ հաստիքի չափով, այդ թվում՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում աշխատավարձի հաշվարկն իրականացվում է դպրոցի որոշմամբ` աշխատանքային օրենսգրքին համաձայն: