21 / Օգոստոս / 2020 : 14-10

Ո՞ր դեպքերում աշակերտը կարող է դպրոց չհաճախել․ ԿԳՄՍՆ ուղեցույց

ԿԳՄՍՆ-ն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման մասին ուղեցույց է հրապարակել, որում ներկայացված են սովորողի համար կանոններ։ Ըստ այդ կանոնների՝

1․ Բացառվում է սովորողի հաճախումը դպրոց, եթե առկա է ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, երբ՝

ա. սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի հիվանդություններից որևէ մեկը, մասնավորապես՝

*արյան բարձր ճնշում
*շաքարային դիաբետ
*սրտի հիվանդություն
*սրտի կամ գլխուղեղի կաթված (ինսուլտ)
*քրոնիկ շնչառական հիվանդություն
*քաղցկեղ:


բ. տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ:

գ. տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի ընտանիքի անդամ, և առկա է համապատասխան ցուցում բժշկական հաստատության կողմից:

2․ Այն սովորողների համար, որոնց 1-ին ենթակետով սահմանված դեպքերում ցուցված չէ դպրոց հաճախելը, ուսուցումը կազմակերպվում է հեռավար կամ տնային ուսուցման եղանակով: Հեռավար եղանակով ուսուցումը կազմակերպվում է կենտրոնացված՝ առաջնորդվելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 20 մայիսի 2020 թ. N 09-Ն հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգով: Ոչ պետական ուսումնական հաստատությունների պարագայում հեռավար կամ տնային ուսուցումը կարող է կազմակերպվել անմիջապես դպրոցի կողմից:

 

3.Դպրոցը մինչև ս.թ. սեպտեմբերի 5-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Հեռավար ուսուցման կենտրոն է ներկայացնում այն սովորողների տվյալները, որոնց 1-ին ենթակետով սահմանված դեպքերում ցուցված չէ դպրոց հաճախելը։

4.Դպրոց գալուց առաջ ծնողները կամ օրինական ներկայացուցիչները կատարում են երեխայի ջերմաչափում և 37 կամ ավելի բարձր ջերմաստիճան ջերմություն ունենալու դեպքում դիմում երեխայի հաշվառման բժշկական կազմակերպություն և տեղեկացնում դպրոցին՝ երեխայի դպրոց չհաճախելու մասին:

5.Սովորողը դպրոց է գալիս մեկանգամյա կամ բազմակի օգտագործման դիմակով: Մուտքը դպրոց առանց դիմակի արգելվում է: Դիմակ չունեցող սովորողներին դպրոցը մուտքի մոտ տրամադրում է մեկանգամյա օգտագործման դիմակ:

6.Սովորողին կարող է ուղեկցել ոչ ավել, քան մեկ անձ: Ուղեկցողի մուտքը դպրոց արգելվում է՝ բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների։

7.Սովորողի բացակայության դեպքում դասղեկը այդ մասին տեղյակ է պահում դպրոցի բուժքրոջը կամ տնօրենին, ով իր հերթին տեղեկացնում է տարածքը սպասարկող կամ կցագրված բժշկական կազմակերպությանը:

8.Սովորողները ընդունում են իրավիճակով պայմանավորված փոփոխությունները, նոր պահանջները և պատշաճ կերպով հետևում դրանց:

9.Սովորողները աջակցում են հիվանդությունը հաղթահարած և դպրոց վերադարձած ընկերներին:

10.Դպրոցում գտնվելու ընթացքում վարակի համախտանիշների առկայության դեպքում սովորողները տեղեկացնում են ուսուցչին կամ ծնողներին:

11.Սովորողները հետևում են համավարակին վերաբերող հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվությանը:

12.Սովորողները անձնական օգտագործման իրերով, գրենական պիտույքներով՝ չեն կիսվում դասընկերների հետ:

13.Ծնողները ամրապնդում են երեխաների ձեռք բերած նոր հիգիենիկ վարքագիծը տանը գտնվելու ընթացքում:

14.Ծնողներն իրականացնում են ծնող-ուսուցիչ համակարգված հաղորդակցություն և աջակցում առողջ և ապահով դպրոցի պահպանմանը:

Դիտվել է 48379անգամ
Վերջին լուրեր