24 / Օգոստոս / 2020 : 15-50

«Կլարա Բարթոնը և ԱՄՆ-ի Կարմիր խաչի աշխատակիցները ձգտում էին հայոց կոտորածներից փրկվածների մեջ ապրելու և աշխատելու ցանկություն արթնացնել».

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյան

Հայոց ցեղասպանության  տարիներին թուրքական բռնություններից տուժած հայերին բժշկական օգնություն են ցուցաբերել ԱՄՆ բազմաթիվ բժիշկներ:  Անհերքելի փաստեր են նրանցից մի քանիսի թողած վկայություններն ու հուշագրերը:  Ամերիկացի բժիշկ Կլարենս Դուգլաս Ուշերը,  ով միսիոներ էր Վանի շրջանում Հայոց ցեղասպանության ժամանակ և  ԱՄՆ-ի Կարմիր խաչի հիմնադիր, նախագահ Կլարա Բարտոնը, ով ժամանեց Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս՝  կոտորածների զոհ դարձած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար, հետագայում  իրենց հեղինակած գրքերում մանրամասն շարադրել են  կոտորածներից տուժած հայ բնակչության դրության և ամերիկացի արշավախմբերի կողմից նրանց ցուցաբերած օգնության մասին:  Այս և  ԱՄՆ կառավարության արխիվներում պահվող    ԱՄՆ դիվանագետների, հյուպատոսների թողած վկայությունների մասին   «Medifield» հայ-ամերիկյան բժշկական ամսագիրը զրուցել է   Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի հետ:

-ԱՄՆ որոշ պաշտոնյաներ դեռևս ցեղասպանության տարիներին բարձրաձայնել էին Թուրքիայի գործած անօրինությունների մասին: Այդ ամենը փաստող վավերագրեր ևս կան: Ի՞նչ բովանդակություն ու նշանակություն  ունեն այդ փաստաթղթերը:

-Հայոց ցեղասպանության տարիներին բազմաթիվ օտարերկրացիներ` դիվանագետներ, զինվորականներ, միսիոներներ, ճանապարհորդներ և այլք ակամայից դարձան Օսմանյան կայսրության հայ բնակչության բռնագաղթի ու բնաջնջման ականատեսները: ԱՄՆ-ի կառավարության արխիվներում մինչև օրս պահպանվել են դիվանագետների բազմաթիվ հաղորդագրություններ ու զեկուցագրեր, որոնք արժեքավոր տեղեկություններ են հաղորդում արևմտահայության դեմ թուրքական իշխանությունների վարած քաղաքականության, բռնագաղթի ու զանգվածային կոտորածների կազմակերպման ու իրականացման  մասին. Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան  Հենրի Մոգենթաուն /1913-1916/, Մորգենթաուին հաջորդած Աբրամ Էլկուսը /1916-1917/, Գերմանիայում ԱՄն դեսպան Ջեյմս Ժերարդը /1913-1917/, ԱՄՆ-ի հյուպատոսները, և ինչու ոչ, նաև ամերիկացի միսիոներները… Նրանց վկայությունները կարևոր ու անհերքելի ապացույցներ են թուրքական պետության կողմից ցեղասպանության իրագործման վերաբերյալ: Որոշ միսիոներների նամակներ տեղեկություն են հաղորդում այս կամ այն վայրում հայերի կոտորածների կազմակերպման, սպանության ձևերի և այլ մանրամասների վերաբերյալ:

ԱՄՆ-ի կառավարության արխիվներում գտնվող հսկայածավալ նյութը վկայում է, որ ԱՄՆ-ի հյուպատոսները պարբերաբար մանրամասն տեղեկություններ էին հայտնում ԱՄՆ իշխանություններին թուրքական իշխանության կողմից հայերի նկատմամբ իրականացված բռնությունների մասին: Եվ քանի որ այդ տեղեկատվությունը վտանգ էր օսմանյան իշխանություններին` վերջիններս ամեն կերպ խոչընդոտում էին տեղեկատվության փոխանցումը արտաքին աշխարհ` խոչընդոտելով նաև ամերիկյան միսիոներների և հյուպատոսների թղթակցությունը: Եվ, բնականաբար, նման պայմաններում ամերիկյան դեսպանները ոչ միշտ են արագորեն տեղյակ եղել ներքին նահանգներում ծավալվող իրադարձություններին:

Օսմանյան կայսրությունում պաշտոնավարող ամերիկյան հյուպատոսներից մի քանիսը, դեռ տեղահանությունների նախօրեին որոշ վայրերում թուրքական ազգայնականության դրսևորումների և տեղահանության իրական նպատակների մասին իրենց հիմնավոր կասկածներն էին արտահայտում: Նրանցից մի քանիսը, մասնավորապես Խարբերդում պաշտոնավորող ԱՄՆ-ի հյուպատոս Լեսլի Դևսիը այդ նահանգում տեղահանության նախօրեին արդեն կանխազգում էր վերահաս իրադարձության նշանակությունը և մեխանիզմները: Լեսլի Դևիսը Խարբերդում անձամբ է եղել զանգվածային սպանությունների վայրերում` տեսնելով բազմաթիվ դիակներ և սպանությունների հետքեր: Լ. Դևիսը, լուրջ վտանգի ենթարկելով իր կյանքը, հյուպատոսարանի շենքում թաքցրել է շուրջ 80 հայ: Պետդեպարտամենտին գրած հաշվետվության մեջ Դևիսը հայերին փրկելու իր առաքելությունն այսպես է բնութագրում.

«Երբ հասա Խարբերդ, իմ մտքով էլ չանցավ, որ այդպիսի ողբերգություններ պիտի պատահեն և ես ականատես միակ արտասահմանյան պաշտոնյան պիտի լինեմ, ու չնայած կանխելու հնարավորություն չեմ ունենալու, ոմանց գոնե փրկելու եմ մյուսների ծանր ճակատագրից»:

 Օգտագործելով իր կապերն ու անձնական հեղինակությունը՝ նա ապահովում էր փրկված հայերի տեղափոխումը ԱՄՆ: Նրա «Սպանդի նահանգը» գրքում, այդպես էր Լեսլի Դևիսն անվանում Խարբերդի նահանգը Պետդեպարտամենտին ուղղված իր հաղորդագրություններում, Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույցներ են ներկայացված:

Հալեպում ամերիկյան հյուպատոս Ջեսսի Ջեքսոնը Կ. Պոլսի դեսպանությանն ու Պետքարտուղարությանն էր փոխանցել 1916թ. օգոստոսից ի վեր Դեյր էզ Զորի շրջակայքում տեղի ունեցած արյունալի կոտորածների մասին հյուպատոսական գործակալ Աուգուստ Բեռնաուի զեկուցագրերը:

Տրապիզոնում հյուպատոս Հայզերը ականատես է եղել Տրապիզոնում հայ տղամարդկանց ծովում հեղձամահ անելու որոշ դրվագների:

Զմյուռնիայում հայերի և հույների բնաջնջման քաղաքականության, ապա՝ քաղաքի հրկիզման վերաբերյալ կարևոր տեղեկություններ է հաղորդում Զմյուռնիայում հավատարմագրված ԱՄՆ հյուպատոս Ջորջ Հորթոնը (1911-1917, 1919-1922 թ․)։

Հայկական հարցի և արևմտահայության իրավունքների պաշտպանության գործում ամերիկացի պաշտոնյաներից իր դերակատարությամբ առանձնանում է 1913-1916 թթ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն: Ծագումով հրեա ամերիկացի դիվանագետը, ներկայացնելով չեզոք պետության շահերը, ջանք չէր խնայում հայերի կյանքի ու իրավունքների պաշտպամության համար: Կայսրության արևելյան շրջաններում գործող ԱՄՆ հյուպատոսները պարբերաբար զեկուցագրեր ին ուղարկում դեսպան Մորգենթաուին, իսկ վերջինս էլ իր հերթին էր զեկուցագրեր ներկայացնում ամերիկյան կառավարությանը: Այդ զեկուցագրերը պարունակում են ժամանակակից ցեղասպանություն եզրույթը բնորոշող բազմաթիվ բնութագրիչներ, ինչպես` միտումնավոր գործողություններ, ազգի բնաջնջում, ազգի բնաջնջմանն ուղղված արշավ, հայ ազգի կործանում: Իր զեկուցագրերում, որոնք մինչ օրս պահվում են ԱՄՆ Պետդեպարտամետի արխիվներում, Մորգենթաուն հորդորում էր ԱՄՆ կառավարությանը միջամտել կոտորածները դադարեցնելու նպատակով: Այդուհանդերձ, Ամերիկյան կառավարությունը չեզոք դիրք գրավեց տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ, իսկ Մորգենթաուի անմիջական ջանքերով ու նախաձեռնությամբ 1915 թ. ԱՄՆ-ում ստեղծվեց «Հայ-սիրիական նպաստամատույց» կազմակերպությունը, որը հետագայում վերանվանվեց «Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց»: Վերջինս կարճ ժամանակահատվածում հսկայական միջոցներ հավաքեց Մերձավոր Արելքում, հայաստանում ու Հունաստանում օգնության կարիք ունեցող տասնյակհազարավոր վերապրածների համար:

1916 թ. դադարեցնելով իր դիվանագիտական առաքելությունը Օսմանյան կայսրությունում Հենրի Մորգենթաուն շարունակկեց հայանպաստ իր գործունեությունը: ԱՄՆ վերադառնալուց հետո նա տպագրեց «Դեսպան Հենրի Մորգենթաուի պատմությունը» գիրքը, որը երիտթուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության անհերքելի վկայությունն է:  

-Հայտնի է, որ Ամերիկյան Կարմիր խաչը՝ ամերիկացի բժիշկների մասնակցությամբ, օգնություն է ցուցաբերել հայերի զանգվածային կոտորածների ժամանակ: Ի՞նչ նշանակություն ու դեր ունեցավ այն հայերի համար:

Իրականում դա համաշխարհային պատմության մեջ աննախադեպ մարդասիրական օգնության օրինակ է: Ամերիկյան Կարմիր խաչի կազմակերպությունն առաջիններից մեկն էր, որն արձագանքեց թուրքական բռնություններին: Այն հիմնվել է 1881թ. Վաշինգտոնում, և կազմակերպության առաջին նախագահը Կլարա Բարթոնն էր, ով 19-րդ դարի վերջում արդեն ազգային հերոսի համբավ ուներ: Հենց նա գլխավորեց այն պատվիրակությունը, որը համիդյան ջարդերից (1894-98 թթ.) հետո հսկայական օգնություն հասցրեց կոտորածներից փրկված հայերին: Ամերիկյան Կարմիր խաչ կազմակերպությանը Օսմանյան կայսրությունում կոտորածներից տուժած հայերին օգնելու խնդրանքով դիմել էին դեռևս 19-րդ դարի առաջին քառորդում Օսմանյան կայսրությունում հաստատված ամերիկացի միսիոներները, ովքեր հայերի շրջանում քարոզչական աշխատանքներին զուգահեռ կրթական ու բժշկական լայն գործունեություն էին ծավալել: Ամերիկացիները ոչ միայն հսկայական գումար և սննդամթերք հասցրեցին հայկական նահանգներ, այլ առաջին անգամ մասնագիտացված թիմ կազմեցին Կարմիր խաչի հովանու ներքո Օսմանյան կայսրության հայերի շրջանում գործելու համար: Երկար խոչընդոտներից հետո Ամերիկյան Կարմիր խաչի անդամներին թույլատրվեց գործունեություն ծավալել կայսրության տարածքում: Օգնությունը ճիշտ, արագ և տեղին կազմակերպելու համար կազմվեց 5 խումբ և ուղարկվեց Արևմտյան Հայաստան ու Օսմանյան կայսրության հայաբնակ վայրեր: Նպատակն էր տեղում ծանոթանալ իրավիճակին և կազմակերպել անհրաժեշտ օգնություն:

Կարմիր խաչի ներկայացուցիչները բժշկական օգնություն ցույց տվեցին Մարաշում, Զեյթունում, ապա՝ Խարբերդում: Բացի բժշկական օգնությունից Կարմիր խաչի աշխատակիցները կարիքավորներին սնունդ և հագուստ էին տրամադրում, իսկ գյուղացիներին` աշխատանքային գործիքներ և հացահատիկի սերմեր: Այդ աջակցության շնորհիվ հազարավոր գյուղացիներ, ովքեր լքել էին իրենց տները ջարդերից փրկվելու հույսով, վերադառնում էին և լծվում աշխատանքի: Ամերիկյան Կարմիր խաչի ներկայացուցիչներն Օսմանյան կայսրության հայկական շրջաններում աշխատեցին շուրջ 6 ամիս՝ հսկայական մարդասիրական օգնություն ցուցաբերելով հայ կարիքավորներին: Այն քաղաքներում, որտեղ ահռելի չափերի էր հասնում մահացությունը, նրա թիմերը օգնում էին պայքարել բծավոր ու որովայնային տիֆի, դիզենտերիայի և ծաղկի համաճարակների դեմ: Այլ խմբեր սննդամթերք, սերմեր, գործիքներ ու անասուններ էին բաժանում հարյուրավոր գյուղերում: Կ. Բարթոնի հաշվարկներովՙ ամերիկյան ժողովրդի նվիրատվությունները, որոնք այսօրվա գնահատումներով համարժեք են 3 միլիոն ԱՄՆ դոլարին, թույլ են տվել, որ Ամերիկյան կարմիր խաչը փրկի 50000 հոգու կյանք, ովքեր այդ օգնության բացակայության պարագայում «մինչև 1897 թ. մայիսի մեկը կկնքեին իրենց մահկանացուն սովից ու կուտակված դժվարություններից», ինչպես նշում է ինքը` Կ. Բարթոնը: Մինչև հայրենիք վերադառնալը Նյու Յորքից և Բոստոնից հանգանակված բավականին մեծ գումար նրանք հանձնեին Կոստանդնուպոլսում Արտաքին առաքելությունների լիազորների ամերիկյան խորհրդի գանձապահ Ուիլյամ Պիտին: Հետագայում այդ գումարը օգտագործվում է Օսմանյան կայսրության ներքին շրջանների ավերված հայկական բնակավայրերի վերականգնման համար:

Կլարա Բարթոնը և Կարմիր խաչի աշխատակիցները ձգտում էին կոտորածներից փրկվածների մեջ ապրելու և աշխատելու ցանկություն արթնացնել: Ամերիկացիները քաջ գիտակցում էին, որ իրենց օգնությունը մշտական չէր, այն նախատեսված էր առաջին անհրաժեշտ կարիքները հոգալու համար: Այդ իսկ պատճառով նրանք նաև մեծ ջանքեր գործադրեցին մարդկանց աշխատանքով ապահովելու և համայնքների տնտեսական կյանքը վերականգնելու ուղղությամբ:

Ամերիկյան կարմիր խաչը շարունակեց հայերին հսկայածավալ օգնություն ցույց տալ նաև Առաջին աշխարհամարտի տարիներին: Սակայն հայ բնակչությանն օգնություն տրամադրելու միակ եղանակը մնում էր Կոստանդնուպոլսում ամերիկյան դեսպանի միջոցով նվիրատվությունների փոխանցումը: 1915թ. ապրիլի 29-ին «Նյու Յորք Թայմս»-ում (The New Yգrk Times) տպված հոդվածի համաձայն թուրքական կառավարությունը տեղեկացրել էր պետդեպարտամենտին` Վաշինգտոն, որ Կարմիր խաչին չի թույլատրվի վիրաբույժներ և բուժքույրեր ուղարկել թուրքական կայսրության հայերին օգնելու համար: Դա վերաբերում էր ոչ միայն ամերիկացի վիրաբույժներին, բուժքույրերին և գործակալներին, այլև մյուս բոլոր օտարերկրացիներին: Եվ այդուհանդերձ, մինչ 1918թ. հունվարը սույն կազմակերպությունը 1.800.000 դոլարի հասնող գումար է տրամադրում Մերձավոր Արևելքում հումանիտար օգնության համար: Հետագայում այս կառույցի տրամադրած օգնությունը հասնում է 6.000.000 դոլարի: Ամերիկյան կարմիր խաչի աշխատակիցները աչքի են ընկնում նաև թուրքերի և քրդերի կողմից առևանգված հայ երեխաներին իրենց ծնողներին վերադարձնելու և հարեմներում պահված հայ կանանց ազատագրելու գործում: Հազարավոր երեխաներ և կանայք ազատագրվելուց հետո ապաստան էին գտնում Կարմիր խաչի հաստատություններում, մինչ իրենց ընտանիքի անդամներին միանալը: Մուդրոսի զինադադարից հետո Կարմիր խաչի աշխատանքները դադարեցվում են /համաձայն կանոնադրության/, և վերջինիս կողմից Ամերիկյան Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեին առաջարկվում է ստանձնել Մերձավոր Արևելքում իրականացվող աշխատանքների կազմակերպումը Կարմիր խաչի փոխարեն: Այս երկու կառույցների միջև համաձայնությունը ստորագրվում է Կոնիայում 1919թ. մարտին, որի համաձայն ապրիլի 1-ից Կարմիր խաչի միջոցներն ու անձնակազմը դրվում են Նպաստամատույցի տնօրինության տակ: Զինադադարից հետո Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կազմակերպությունը Մերձավոր Արևելք ուղարկեց նաև բժիշկների ու բուժքույրերի անձնակազմ՝ հիվանդներին ու վիրավորներին խնամելու համար: Անձնակազմը ղեկավարում էր բժիշկ Ջորջ Ուոշբըրնը, ով նախկինում աշխատել էր Օսմանյան կայսրության հայերի շրջանում: Նրանց մեծապես աջակցեցին դեռևս տասնամյակներ առաջ Օսմանյան կայսրությունում հաստատված ամերիկացի միսիոներները, որոնց շարքերում շատ էին նաև բժիշկներ և բուժքույրեր: Ցեղասպանությունը վերապրածներին բժշկական օգնություն ցույց տալու գործում անգնահատելի է նաև Ամերիկյան Կանանց հիվանդանոցի (American Wգmen’s Hգspital) աշխատակիցների դերը: Համագործակցելով Ամերիկյան Կարմիր խաչի հետ՝ զինադադարից հետո որոշ բժիշկներ ու բուժքույրեր, տեղափոխվեցին Մերձավոր Արևելք՝ տեղում հիվանդանոցներ բացելու և բժշկական օգնություն կազմակերպելու նպատակով:

ԱՄՆ-ի Կարմիր խաչի հիմնադիր, նախագահ Կլարա Բարտոնի  գիրքը

Քլարենս Դուգլաս Ուշերը  ամերիկացի բժիշկ և միսիոներ էր Վանի շրջանում Հայոց ցեղասպանության ժամանակ: Նա իր կնոջ հետ ջանում էր դարմանել  հիվանդ հայ գերիներին:  Ուշերը հրապարակեց հուշագիր՝ Վանում իր փորձի վերաբերյալ, որը վերնագրված է «Ամերիկացի բժիշկը Թուրքիայում. Պատմվածքներ խաղաղության և պատերազմի մասին»/An American physician in Turkey a narrative of adventures in peace and in war: Գիրքը համարվում է իրադարձությունների առավել մանրամասն պատմություններից մեկը՝ գրված ականատես-վկայի կողմից:

Լուսանկարը Քլարընս Ըշըրի արխիվից, վերնագրված՝ Մի խումբ կարիքավոր հայեր

Բազմաթիվ որբեր և փախստականներ տառապում էին ցրտահարությունից:

Author's cover photo
Ամսաթիվ 24 / Օգոստոս / 2020 : 15-50
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 31470անգամ
Վերջին լուրեր