Մերկելն ու Մաասը կոչ են արել Ռուսաստանին հետաքննել Նավալնիի թունավորման հանգամանքները
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱԳ նախարար Հայկո Մաասը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Ռուսաստանին թափանցիկ և համապարփակ հետաքննություն անցկացնել՝ պարզելու ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջության վատթարացման հանգամանքները:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, համապատասխան փաստաթուղթը երկուշաբթի հրապարակել է Գերմանիայի կառավարության մամլո ծառայությունը:
«Charite հիվանդանոցի բժիշկների թիմի հայտարարության համաձայն՝ կլինիկական հետազոտությունների տվյալները ցույց են տալիս, որ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են»,- հիշեցրել են կանցլերն ու ԱԳ նախարարը: Մերկելն ու Մաասն ընդգծել են, որ «հաշվի առնելով Նավալնիի նշանակալի դերը Ռուսաստանի քաղաքական ընդդիմության շրջանում»՝ իշխանություններն այժմ «պետք է պարզեն մինչև վերջին հանգամանքը և թափանցիկ կերպով հետաքննեն այդ հանցագործությունը»: «Պետք է պարզել և պատժել բոլոր պատասխանատուներին»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ բեռլինյան հիվանդանոցի մասնագետներն ավելի վաղ հաստատել էին, որ Նավալնին թունավորվել է խոլինէսթերազների արգելակիչների խմբի նյութով:
Նավալնիին Օմսկի հիվանդանոցից բեռլինյան Charite հիվանդանոց են տեղափոխել շաբաթ առավոտյան:
Գործչի ներկայացուցիչ Կիրա Յարմիշը հայտնել էր, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչելիս, ինչից հետո ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, որտեղ Նավալնիին հոսպիտալացրել են:
Օմսկի բժիշկները բացառել էին թունավորման վարկածը՝ հայտնելով, որ նրա օրգանիզմում թույն չի հայտնաբերվել: Վերջինս գտնվում է կոմայի մեջ: