26 / Օգոստոս / 2020 : 00-39

Ինչու՞ Վիկտոր Համբարձումյանը թոռնուհուն Ուլունք անունը տվեց 

«Գարուն» ամսագրի խմբագիր Աշոտ Գաբրիելյանը Լեզվի կոմիտեին է տրամադրել հարցազրույց Վիկտոր Համբարձումյանի հետ, որը տպագրվել է 1985 թվականի փետրվար ամսվա համարում:

Հարցազրույցը վերաբերում է լեզվական հարցերին: Այն ներկայացնում ենք որոշակի կրճատումներով:

ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ. ՄԵՐ ԱՄԵՆԱՄԵԾ ԳԱՆՁԸ՝ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՆ

- Ինչպե՞ս եք գնահատում լեզվի դերն ու նշանակաթյունը, նրա զարգացման ընթացքը ներկա փուլում` հասարակական կյանքում և գիտության բնագավառում:

- Լեզուն շատ մեծ նշանակություն ունի մեր կյանքում: Դա լավ գիտակցում են բոլոր բնագավառների, ինչպես և գիտության աշխատողները: Մասնավորապես ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչների համար լեզուն ոչ միայն հաղորդակցության, այլև մտածելու, հայտնագործելու շատ կարևոր միջոց է: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել լեզվի կատարելության վրա: Անհրաժեշտ է հետևողական և ջանասեր աշխատանք, և դա պետք է կատարվի շատ խնամքով, մտածված, որովհետև, ի տարբերություն մյուս հաղորդակցության միջոցների, լեզուն զարգանալով իր բնական հունով, արդեն ունի իր զարգացում գտած, կատարելագործված օրինաչափությունները: Հենց այստեղ է, որ մենք պետք է շատ զգույշ լինենք և խուսափենք լեզվի մեջ մուտք գործող արհեստական և չմտածված լեզվական միջոցներից, դիպուկ ու հստակ հաղորդակցումը արատավորող շինծու ձևերից: Ինչ վերաբերում է հայոց լեզվին, ապա պետք է համոզված և վստահորեն ասել, որ հայոց լեզուն աշխարհի ամենահարուստ, զարգացած և կատարելագործված լեզուներից մեկն է: Մենք գիտենք, որ, օրինակ, բնական գիտությունների բնագավառում հայոց լեզուն որպես լավ մշակված, ճոխ լեզու, հաջողությամբ ծառայում է իր նպատակին, դառնալով կատարյալ հաղորդակցության միջոց նաև գիտության բնագավառում: Լեզուն ունի նաև գործնական մեծ նշանակություն: Հենց այս տեսակետից էլ մենք պետք է միշտ հոգատար լինենք լեզվի ճիշտ զարգացման նկատմամբ և ավելի ու ավելի ձգտենք նրա կատարելագործմանը: Այժմ մեզանից պահանջվում է, որ մենք իրար հետ խոսենք, գրենք, այսինքն հաղորդակցության մեջ մտնենք միայն ու միայն լավ լեզվով: Իսկ ի՞նչ ենք հասկանում լավ լեզու ասելով: Լավ լեզու ես հասկանում եմ բնական, ժողովրդի ստեղծած և գրականության կողմից մշակված լեզվով խոսելու և գրելու կարողություն: Սա վերաբերում է հայոց լեզվի դրսևորման բոլոր բնագավառներին, հատկապես այժմ, երբ հայոց լեզուն մեր հանրապետության պետական լեզուն է:

Մենք կհասնենք ցանկացած արդյունքի, եթե լեզվի մշակույթի գործնական հարցերը լուծենք միայն այդ սկզբունքով:Ես ուզում եմ այստեղ նորից անդրադառնալ գիտության բնագավառին, որովհետև լեզվի ճշգրտության, դիպուկության, խորության և այլ առանձնահատկությունները բացառիկ դեր են կատարում գիտական աշխարհում: Ես ավելի քան կես դար աշխատում եմ գիտության բնագավառում և նկատել եմ, որ այսօրվա գիտությունը և այն գիտությունն, որ եղել է կես դար առաջ, հսկայական չափերով իրարից տարբերվում են: Շատ են տարբերվում իրարից, ինչ որ այն ժամանակ էինք սովորում և այն, ինչ որ այսօր ենք սովորում: Այսօրվա երիտասարդ գիտական աշատողը շատ բանով է տարբերվում անցյալի գիտաշատողից: Նրա վրա մեծ պարտականություն է դրված: Նա այսօր ոչ միայն պետք է լարված հետևի գիտական գաղափարների զարգացմանն ու տարածմանը, այլև պարտավոր է ապահովել համապատասխան լեզվական մակարդակ, այլ կերպ գիտական աշխատանքը ցանկացած արդյունքը չի տա: Ուրեմն գիտությունը կարելի է դիտել այս տեսակետից, որպես լեզվի զարգացման հետ կապված մարդկային գործունեության ամենակենսունակ ուղղություններից մեկը: Երբ խոսում ենք զարգացած գիտությանը համապատասխան լեզվական մակարդակի մասին, այդ նշանակում է, որ մենք` գիտության մշակներս, պետք է ստեղծենք հայոց գիտական լեզուն և հասցնենք կատարելության: Հենց այդ գիտական լեզուն էլ մեծապես նպաստելու է համաժողովրդական լեզվի զարգացմանը: - Հայոց լեզվի դրսևորման բնագավառները շատ են, բոլորի մասին անկարելի է խոսել: Մեզ հետաքրքրամ է Ձեր կարծիքը դպրոցի, այդ բնագավառի լեզվի մասին:

- Լավ ասացիք, վերցնենք թեկուզ հենց այդ բնագավառը, ժողովրդական կրթության բնագավառը, դպրոցը: Այստեղ անչափ կարևոր է հայոց լեզվի ճիշտ կիրառման հարցը: Կիրառելով մայրենի լեզուն դպրոցներում ճիշտ, կատարյալ ձևով, սովորեցնելով խոսել, գրել և կարդալ ընտիր հայերենով, դրանով մենք հետապնդում ենք երկու նպատակ: Առաջին նպատակն այն է, որ դրանով մենք օգնում ենք աճող սերնդին, զարգացնում նրա ճիշտ մտածողությունն ու տրամաբանությունը:Ես ուզում եմ իմ միտքը ձևակերպել այսպես: Կատարյալ լեզուն ծնում է կատարյալ մտածող, մարդու մտածելակերպը ձևավորվում է լեզվի միջոցով:Երկրորդ կարևոր հանգամանքը, որ կապված է այդ բնագավառի` դպրոցի հետ, լեզվի կատարելագործումն ու պահպանումն է:

Մեր նախնիներից ժառանգելով այդ գանձը, մենք պարտավոր ենք սրբությամբ պահպանել, մշակել ու կատարելագործել այն, հարստացնել և դրանով ավելի հարստանալ: Այս գործում մեր դպրոցը շատ անելիք ունի: Մյուս կողմից, եթե դպրոցը անտարբեր լինի, պատշաճ մակարդակի վրա չդնի մայրենի լեզվի դասավանդման գործը, շռայլի այդ գանձը, ապա վնաս կհասցնի մեր մշակույթին:

- Շատերին է հետաքրքրում, թե Դուք ինչպե՞ս եք սովորել մայրենի լեզուն, ովքե՞ր են եղել Ձեր սիրելի ուսուցիչները և այժմ ինչպե՞ս եք կատարելագործում Ձեր իմացածը:

- Հայրս այն մարդկանցից էր, որ ուղղակի սիրահարված էր իր լեզվին: Սա շատ մեծ ազդեցություն թողեց մեր ընտանիքի, մեզ վրա, որպեսզի մենք էլ սիրենք մեք լեզուն: Հայրս միաժամանակ ինտերնացիոնալիստ էր, պահանջում էր, որ մենք սովորենք նաև այլ լեզուներ, բայց ամենից լավ տիրապետենք մեր մայրենի լեզվին: Բացի դա, ես ունեցել եմ հայոց լեզվի շատ լավ ուսուցիչ, որին միշտ հիշում եմ, իմ այդ սիրելի ուսուցիչս էր Հայկ Հովակիմյանը: Նա ինձ վրա շատ մեծ տպավորություն է թողել, խոսում էր անաղարտ հայերենով, նա, կարելի է ասել, լեզվի սիրահարներից էր, իր մայրենի լեզուն սիրող, պաշտողներից մեկը:: Ես միշտ էլ սիրել եմ կարդալ հայ գրականություն: Դա մեծ դեր է խաղացել մայրենի լեզվի իմացությունս կաւոարելագործելու համար. երբ կարդում ես գեղարվեստական գրականություն, ապա անխուսափելիորեն կատարելագործում ես իմացածդ մայրենի լեզուն: Ինչպես չսիրեմ իմ մայրենի լեզուն, երբ կյանքիս դեպքերից խորապես համոզվել եմ, որ մայրենի լեզուն ավելի շատ է կապված զգացմունքների աշխարհի հետ: Մայրենի լեզուն հարազատ հույզերի հարազատ աշխարհ է: Մարդու հոգեկան աշխարհը այնքան սերտորեն է կապված մայրենի լեզվի հետ, որ այդ լեզվով սովորածը, զգացածը մոր կաթի նման ներծծվում է նրա էության մեջ:

- Աշխարհի անվանի մարդկանցից ոմանք, հայ թե օտար, հայերենը համարել են կատարելագործված, հարուստ և ճկուն լեզու: Դուք ի՞նչ կարծիքի եք, ինչպե՞ս եք բացատրում լեզվի հարստությանը, ճկունությանը:

- Ընդհանրապես լեզուն համարում ենք հարուստ, ճկուն այն դեպքում, երբ նրա միջոցով կարողանում ենք ազատորեն արտահայտել ցանկացած գաղափարները, մտքերը, մանավանդ ժամանակակից կյանքի, որը շատ հարուստ է գիտության և տեխնիկայի բազմազան երևույթներով ու հասկացություններով: Մեր լեզուն հենց այդպիսին է: Հայոց լեզվի հարստության հիմնական պայմանը նաև այն է, որ կարողանում է լավ արտահայտել մարդկային զգացմունքները, դրանց նրբությունները:Մեր լեզուն ոչ միայն շատ ճկուն է, այլև խիստ տրամաբանական է: Օրինակ, մեր թվերի անվանումները. դրանք այնքան պարզ ու հեշտ են կազմված, որ շատ ավելի մատչելի են, քան շատ ու շատ լեզուներում: Օրինակ, տասնմեկ, տասներկու, տասներեք և այլն այնպես են կազմված, որ շատ հեշտ են թվերի գումարման համար: Գերմաներենը, որ նույնպես ճկուն լեզու է, թվականների անունները կազմում է այլ կարգով, քսանից հետո արդեն ուրիշ է, իսկ հայերենում ինչպես տասնմեկ, տասներկու, տասներեքն է, այնպես էլ շարունակվում է. քսանմեկ, քսաներկու, քսաներեք և այլն:Գիտական աշխատանքի ընթացքում համոզվել եմ, որ հայերենը շատ ավելի հարուստ լեզու է, քան բազմաթիվ եվրոպական լեզուներ: Կարող եմ օրինակ բերել հենց աստղագիտությունից: Եվրոպական բոլոր լեզուները ասում են էկլիպտիկա, իսկ հայերը ունեն իրենց սեփական բառը՝ խավարածիր, որը արտահայտիչ ու հասկանալի է, մատչելի, քան օտար բառը: Կամ մի ուրիշ օրինակ, կա էկվատոր, հունարեն բառ է, որը տարածված է բոլոր եվրոպական լեզուներում, իսկ մեր գիտական լեզվում ունենք հասարակած:

- Մեզ հետաքրքրում է այսպիսի մի հարց. Դուք շատ եք եղել արտասահմանում, հանդիպումներ եք ունեցել սփյուռքի հայերի հետ: Որպես հաղորդակցման միջոց ո՞ր լեզուն եք ընտրել:

- Այո, ես շատ եմ եղել սփյուռքահայության շրջանում, և բոլոր տեղերում էլ բնականաբար խոսել ենք հայերենով: Ոչ միայն ես, այլև արտասահման գործուղված աստղագետները, օրինակ, ընկեր Լյուդվիգ Միրզոյանը, հանդիպումների ժամանակ, ժողովներում միշտ էլ Հայաստանի գիտությունների ակադեմիայի գիտական գործունեության, Բյուրականի աստղադիտարանի հաջողությունների մասին հանդես ենք եկել միայն հայերենով: - Մեզ հայտնի է, ոբ Դուք այս կամ այն առիթով կատարում եք լեզվական ուղղումներ, դիտողություններ եք անում ուրիշներին թույլ տված սխալների համար: Կարո՞ղ եք մի քանիսը հիշել ե բացատրել Ձեր նկատառումները: - Օրինակները շատ են, բայց ես կցանկանայի խոսել միայն մեկի մասին: Ասում են՝ գիտական քարտուղար և գիտնական քարտուղար: Ես միշտ դեմ եմ եղել երկրորդին: Շատ է տարածված այս ձևը: Այո, մենք լեզվական կոպիտ սխալ ենք թույլ տալիս, երբ գիտական քարտուղարին ասում ենք գիտնական քարտուղար: Ինչո՞ւ ենք այդպես ասում, որովհետև չենք թափանցում արտահայտության, դարձվածքի էության մեջ, բառացի թարգմանում ենք և չենք նայում խնդրի էությանը: Գիտական քարտուղարը այն մարդն է, որը զբաղվում է հիմնարկի գիտական գործերով, գիտական հարցերի քարտուղարությամբ: Ուրեմն նա գիտական քարտուղար է, իսկ թե նա միաժամանակ պետք է լինի գիտական աշխատող, դա արդեն ինքնըստինքյան հասկանալի է: Գիտական քարտուղարը տարբերվում է մյուս քարտուղարներից նրանով, որ նա գիտական հարցերով է քարտուղար:Պետք է այստեղ նկատել նաև այն, որ հենց գիտնական բառն ենք հաճախ շռայլում, տեղին չենք գործածում, ես կասեի նույնիսկ սխալ ենք գործածում: «Մենք` գիտնականներս…», «գիտնականների ժողով», «երիտասարդ գիտնականները…» և այլն, այսպես շռայլորեն ենք գործածում այդ բառը, առանց խորանալու նրա բուն էության, իմաստի մեջ: Գիտնականների թիվը կարելի է մատների վրա հաշվել, մինչդեռ գիտության բնագավառի ամեն մի աշխատող իրեն գիտնական է կարծում: Դիսերտացիան պաշտպանելուց անմիջապես հետո երիտասարդն արդեն իրեն անվանում է գիտնական: Ես շատ եմ խոսել գիտնական բառի նման գործածությունների մասին և դիտողություն շատ եմ արել, սակայն արդյունքը չեմ տեսնում:

— Ինչպիսի՞ լեզվական աղավաղումներ են Ձեզ ավելի մտահոգում, գուցե և զայրացնում: Ի՞նչ տպավորություն են թողնում այն անձինք, որոնք լավ չտիրապետելով մայրենի լեզվին և ոչ էլ այլ լեզուների, խոսում, գրում են խառնուրդով: Ինչպե՞ս կարելի է պայքարել լեզվախառնուրդով խոսողների ու մտածողների լեզվամշակույթը բարձրացնելու համար:

— Ինձ թվում է, որ բոլոր լեզվական աղավաղումներն էլ պետք է մեզ` բոլորիս, մտահոգեն: Այո, կարելի է նույնիսկ զայրանալ: Լեզվական խառնուրդով խոսողները մեզ ոչ միայն զայրացնում, այլև ծիծաղեցնում են: Ես հաճախ եմ հանդիպել նման դեպքերի: Լեզվական այս տիպի աղավաղումը ինձ այնքանով է մտահոգել, որ տեղն ու տեղը ուղղել եմ: - Մեզ հետաքրքրում է, թե Դուք ի՞նչ նկատառումով եք Ձեր թոռնիկի համար ընտրել Ուլունք անունը: - Ուլունք անունը ես գտա Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան» վեպում: Երբ կարդացի վեպը, գեղջկուհու այդ անունը ինձ դուր եկավ: Ցանկություն առաջացավ իմ մեջ ստուգել, թե որտեղից է առնված այդ անունը: Հանդիպեցի հեղինակի հետ: Հետաքրքրվեցի` ի՞նքն է հնարել Ուլունք անունը, թե կյանքից է առնված: Դաշտենցը բացատրեց, որ այդ անունն ամենևին էլ հնարովի չէ, այլ շատ է տարածված եղել Մշո դաշտում, զուտ հայկական է: Ես ուրախացա, որ ճիշտ է եղել իմ զգացումը:

Զրույցը վարեց Գվիդոն Վահանյանը #գարուն #լեզվի_կոմիտե դիտվել է 71971 անգամ FacebookVkontakteTwitterOdnoklassnikiLinkedIn Այս թեմայով Նյութի աղբյուրը` Yelaket.am

Դիտվել է 97980անգամ
Վերջին լուրեր