Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Օգոստոս / 2020 : 19-08

Նանեն շատ էր տեսել տատիկին արտասվելիս, բայց պապիկին՝ երբեք 

Լիալուսին է, պապի՛կ, նայի՜ր, լիալուսին է,- ասաց փոքրիկ Նանեն ոգևորված ։

-Պա՜հ, թե ինչ կա լիալուսնի մեջ, որ այդպես ոգևորվել ես,- քրոջը նախատեց Արսենը։

Լուսամուտի գոգին նստած Նանեն չարաճճի կախվեց պատուհանից՝ ետ տանելով ճակատին թափված գանգուրները, որոնք խանգարում էին իրեն ամբողջությամբ տեսնել լիալուսինը։

-Հազար եմ ասել, գոնե տանը հավաքի՛ր մազերդ. սա ի՞նչ սովորություն է`հա՛մ քեզ խանգարում է, հա՛մ արձակած ես թողնում,- Նանեին սաստեց մայրը։

Նանեն իր գանգուրների արանքից զայրացած նայեց մորը, ապա արագ շրջվեց․

-Պապի՛կ, լիալուսինը որքա՞ն ժամանակը մեկ է գալիս։

-Ես չգիտեմ, բալա՛, տատիդ հարցրու, դրա մասնագետը տատդ է։

Արսեն պապը սովորություն ուներ իր վրայից պարտականությունը հեռացնելու համար տատին «շնորհել» բազմաթիվ փեշակներ։

-Օքեյ, բայց վախենում եմ տատիկին հիմա բան հարցնել.իր վերջին հանձնարարած բանաստեղծությունը չեմ սովորել։

-Էտ օքեյդ էլ կամաց ասա, քանի չի լսել, իսկ վաղվա դասերդ սովորե՞լ ես։

-Հա, պապի՛կ, մայրիկն ստուգել է արդեն։

-Դե, ապրե՛ս,- ետ տանելով Նանեի դեմքին անփույթ թափված գանգուրները՝ համբուրում է մի այտում գոյացած փոսիկը։

***

-Պապի՛կ,նայի՛ր, կրկին լիալուսին է,-անսովոր ոգևորությամբ ներս վազեց Նանեն,-լիալուսինը որ․․․

-Բալա՛, անցած անգամ էլ ասեցի, ես էտ լիալուսնից բան չեմ հասկանում, ինձ ֆիլմերից հարցրու, երգերից, սպորտից, հեքիաթներից, գրքերից, տատիդ ասա․ ասացի, որ դրա մասնագետն ինքն է։

-Հա՜, պապի՛կ, ճիշտ ես ասում, համ էլ վերջապես հանձնարարծը սովորել եմ։

-Ո՞րն էր հանձնարարել։

-«Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած, Հազա՛ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,

Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին, Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,

Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,

Իմ նո՛ր հայրենիք, Հըզո՛ր հայրենիք»:

Նանեն արտասանելիս նկատեց, թե ինչպես պապի չորացած աչքից մի արցունք եկավ հավաքվեց ժամանակի ձեռքերում նեղացած բիբի շուրջ, ապա անհետացավ։

-Ու՞ր կորավ արցունքդ ։

-Ի՞նչ արցունք, Նանե՛։

-Ես տեսա, աչքիդ մեջ մի հատ մեեեե՜ծ արցունք հայտնվեց ու կորավ,- աչքերը կլորացնելով՝ սկսեց պապին համոզել Նանեն։ -Ա՛յ բալա, էտ քեզ թվացել է, համ էլ կամաց ասա՝ տատդ չլսի; -Ինչի՞, պապիկ, ի՞նչ կլինի, որ լսի։

-է՜հ, դու էն ասա, անցած անգամ ո՞րն էիր սովորել։

-«Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք:

-Էն, որ ունի բարձր երկինք, Էն, որ ունի կարմիր արեւ` Յուր կապուտակ գլխի վերեւ»,- սա, պապի՛կ։

-Դե, վե՛րջ, գնա հանգիստ տատիդ տուր հարցերդ լիալուսնի մասին։

Նանեն մի տեսակ երկար նայեց իր բարի պապիկին. դեռ այն արցունքն էր փնտրում, որ կորավ:

«Տեսնես ե՞տ գնաց, թե՞ վայր ընկավ»,- զարմացած մտածում էր նա։

Նանեն շատ էր տեսել տատիկին արտասվելիս, բայց պապիկին՝ երբեք։

***

-Տատի՛կ, տատիկ ջա՜ն, էս ո՞ր տիկնիկն եմ գրկել,- քնաթաթախ հարցրեց Նանեն՝ ընդհատելով հեքիաթը։

-Է՜հ, Նանե՛, քնի՛ր էլի, աղջի՛կս, ի՞նչ տարբերություն որ մեկն է։ -Լավ։

-Սպասիր լույսը միացնեմ, տեսնեմ, ո՞ր տիկնիկդ է։

-Չէ՛, տատիկ, ի՞նչ տարբերություն՝ որ մեկն է։ -Կա տարբերություն,-խորը շունչ քաշեց տատը,- ես փոքր էի, մայրս ինձ քնելիս կոնֆետ տվեց. դրանք կենդանիների պատկերներով կոնֆետներ էին, ինձ հետաքրքիր էր՝ որ կենդանու տեսքով է, բայց ծուլացա միացնեմ լույսը ու կերա կոնֆետը: Երկար տարիներ այդ հարցն ինձ հանգիստ չէր տալիս, թե ինչ պատկեր էր։

-Հա՜, տատիկ ջա՛ն, միացրու լույսը,- անհանգիստ համաձայնվեց Նանեն։

-Նանե՜։

-Տատի՛կ, գիտե՞ս՝ այսօր լիալուսին է, պապիկն ասաց, որ դու լիալուսնի մասին շատ բան գիտես,- լռությունը կոտրեց Նանեն իր համարձակ ձայնով։

-Քեզ ի՞նչն է հետաքրքրում,- ժպտաց տատիկը։

-Լիալուսինը որքա՞ն ժամանակը մեկ է գալիս։

-Ամեն ամիս։

-Միշտ նու՞յնն է։

-Ո՞նց՝ միշտ նույնն է։

-Միշտ նույն տե՞սքն ունի, նույնը չա՞փսը, նույն գու՞յնը։

-Դե, լինում է, որ տարբեր է լինում։

-Տատի՛կ, Հայաստանում լիալուսինն ի՞նչ տեսք ուներ. հիշու՞մ ես։

Տատիկի դունչն սկսեց դողալ․ այդպես լինում է նաև Նանեի մոտ, երբ նա խեղդվում է հուզմունքից, երբ նրանից, ասենք, եղբայրը տիկնիկն է խլում: Նանե՜ն, որ անասելի նման է տատիկին, ափսոսեց հարցի համար։

-Հիշում եմ,- պատասխանեց տատը։

Նյութի աղբյուրը`https://www.facebook.com/anush.zohrabyan.1/posts/1060406624100384 

Author's cover photo
Ամսաթիվ 26 / Օգոստոս / 2020 : 19-08
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 47265անգամ
Վերջին լուրեր