Լիբանանի բնակչության կեսը կանգնած է պարենային ճգնաժամի վտանգի առաջ. ՄԱԿ
Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո Լիբանանի բնակչության կեսը կարող է կանգնել պարենային ճգնաժամի առաջ: Այս մասին կիրակի նախազգուշացրել է ՄԱԿ-ի Արևմտյան Ասիայի գծով տնտեսական և սոցիալական հանձնաժողովը:
ՄԱԿ-ի գործակալության հայտարարության մեջ նշվում է․ «Բնակչության կեսից ավելին կանգնած է հիմնական անհրաժեշտ սննդամթերքների հասանելիությունից զրկվելու վտանգի առաջ: Անհապաղ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն կանխելու սննդային ճգնաժամը»։
Հանձնաժողովի գործադիր քարտուղարի խոսքով՝ Լիբանանի կառավարությունը պետք է առաջնահերթություն տա Բեյրութի նավահանգստի պահեստների վերականգնմանը, որը երկրի հացահատիկի խոշորագույն պահեստն է:
Լիբանանը տնտեսական խոր ճգնաժամում էր գտնվում անգամ մինչ օգոստոսի 4-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունը, որի հետևանքով հարյուրավոր զոհեր գրանցվեցին և ավերվեց մայրաքաղաքի մեծ մասը:
Այս ամիս` ավելի վաղ, համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր, որ լիբանանցիների 55 տոկոսից ավելին «հայտնվել է աղքատության ճիրաններում և պայքարում է գոյատևելու համար»: