02 / Սեպտեմբեր / 2020 : 13-01

«Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկած «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագրի առաջին պտուղները

Այգեշատի դպրոցական շենքը կառուցվել է  1959-1963 թվականներին: Շենքի սանհանգույցն ու  ֆիզկուլտուրայի դահլիճը

(երբևիցե չէին վերանորոգվել) չէին համապատասխանում անգամ ամենատարրական նորմերին:

Տանձուտի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1958 թվականին, տաս տարի անց կառուցվել է մարզադահլիճը, 1976 թ.-ից մարզադահլիճը չէր վերանորոգվել:

Այժմ պայմաններն այլ են հիշյալ դպրոցներում՝ շնորհիվ «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագրի:

«Իմ քայլը» հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի  խթանում» ծրագիրը  միտված է խթանելու ֆիզիկական կրթությունը, հանրայնացնելու ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի մշակույթը, նպաստելու վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, ակտիվացնելու համայնքային կյանքը: Ծրագրի շրջանակներում արդեն իրականացվել են Այգեշատ ու Տանձուտ համայնքների միջնակարգ դպրոցների մարզադահլիճների ու սանհանգույցների հիմնանորոգումը և կահավորումը: Ծրագիրը կարևորում է նաև «ֆիզիկական կուլտուրա» առարկան և «Առողջ ապրելակերպ» դասընթացը դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացումն ու առողջ ապրելակերպի իրազեկման արշավների իրականացումը:   

Ծրագրի մշակման հիմքն այն գիտակցումն է, ըստ որի՝ առողջ սերունդ ձևավորելու համար առաջնային նշանակություն ունի դպրոցական միջավայրը, քանի որ այն անհատի և քաղաքացու զարգացման կարևորագույն դարբնոցն է։

Արդյունքում մշակվել է այնպիսի մոդելային լուծում, որը հաջողությամբ կկիրառվի նաև Հայաստանի մյուս դպրոցներում՝ ապահովելով շղթայական ազդեցություն:

 Նշենք, որ ծրագրում արդեն իսկ ընդգրկվել են նոր դպրոցներ:

«Իմ քայլը» հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանման» ծրագրի մշակմանը մասնակցելու և ԱՄՆ-ի դպրոցներում իրականացված նմանատիպ ծրագրի դրական փորձը Հայաստանին փոխանցելու համար ՀՀ ժամանած UCLA Health-ի («Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան. առողջություն») «Sound Body Sound Mind» («Առողջ մարմնում առողջ հոգի») ծրագրի գործադիր տնօրեն Մեթյու Ֆլիսոքը ծանոթանալով իրավիճակին՝ նշել էր.

 «Հավատացած եմ, որ ծրագիրը մեծ ներուժ ունի բարելավելու Հայաստանի երեխաների առողջությունն ու բարեկեցությունը: Տեսնելով բազմաթիվ դպրոցներում բազային ռեսուրսների ակնհայտ պակասը՝ կարծում եմ, որ կարելի է բազմաթիվ փոքր քայլերով դրական փոփոխություն բերել: Սանհանգույցների հասանելիությունը հիմնարար իրավունք է, և, եթե դրան էլ հավելենք ֆիզիկական ակտիվության համար անվտանգ ռեսուրսների հասանելիությունը, ապա կարող ենք շրջադարձային փոփոխություն բերել Հայաստանի երեխաների կյանքում»:

«Այսօր, բացարձակապես մեզնից յուրաքանչյուրից է կախված, թե քանի դպրոցում կներդրվի այս մոդելը, քանի դպրոց կունենա վերանորոգված մարզադահլիճ, սանհանգույց, հանդերձարան, քանի երեխայի համար կապահովենք լիարժեք ֆիզիկական ակտիվություն ու անհրաժեշտ կենսական միջավայր: Յուրաքանչյուրը կարող է ունենալ իր ներդրումն առողջ դպրոցի կայացման, նրա զարգացման ու տարածման գործում: Կարծում ենք, որ սա շարժում պետք է դառնա՝ ո՛չ մի կիսավեր դպրոց. մեր այսօրվա փորձը ցույց է տալիս, որ ընդամենը երեք ամսում հնարավոր է ունենալ բարեկարգ միջավայր և ընդամենը երեք ամսում կարելի է փոխել մի ամբողջ սերնդի ապագան»,- նշել էր  ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը Արմավիրի մարզի Տանձուտ և Այգեշատ համայնքների միջնակարգ դպրոցների վերանորոգված և կահավորված մարզադահլիճների, հանդերձարանների, սանհանգույցների ու հարակից տարածքի բացման արարողության ժամանակ: 

Հիշեցնենք, որ, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Author's cover photo
Ամսաթիվ 02 / Սեպտեմբեր / 2020 : 13-01
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 18195անգամ
Վերջին լուրեր