03 / Սեպտեմբեր / 2020 : 12-17

Բորիս Ջոնսոնը ՌԴ-ից պահանջում է բացատրություններ՝ կապված Նավալնու թունավորման հետ

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորումը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Նավալնու դեմ քիմիական զենքի օգտագործումն անվանել է սարսափելի և հայտարարել է, որ Բրիտանիան իր միջազգային գործընկերների հետ կանի ամեն ինչ, որպեսզի արդարությունը հաղթի։

Մեծ Բրիտանիայի վարչապետը նման գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Սարսափելի է, որ Ալեքսեյ Նավալնու դեմ օգտագործվել է քիմիական նյութ։ Մենք ինքներս Մեծ Բրիտանիայում տեսել ենք «Նովիչոկի» մահացու հետևանքները։ Ռուսաստանի կառավարությունը պետք է բացատրի, թե ինչ է տեղի ունեցել պրն․ Նավալնու հետ։ Մենք կհամագործակցենք մեր միջազգային գործընկերների հետ, որպեսզի արդարությունը հաղթի», – գրել է Բորիս Ջոնսոնը։

Սեպտեմբերի 2-ին Գերմանիան հայտարարել էր, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկի» խմբի նյութով։ ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Գերմանիայի հետ՝ պարզելու Նավալնու հետ կապված իրավիճակի բոլոր հանգամանքները։ Պեսկովը շեշտել է, որ մինչև Բեռլին տեղափոխվելը Նավալնու մոտ թունավոր նյութեր չեն հայտնաբերվել։

Դիտվել է 5027անգամ
Վերջին լուրեր