10 / Սեպտեմբեր / 2020 : 15-38

Ադրբեջանի դատախազությունը երկու հայ սպաներին միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանի դատախազությունը երկու հայ սպաներին միջազգային հետախուզում է հայտարարել: Այս մասին հաղորդագրություն են տարածել ադրբեջանական լրատվամիջոցները` հղում տալով իրենց երկրի Գլխավոր դատախազությանը: Նշվում է, որ իբր այս սպաները դիվերսիոն հարձակում են կազմակերպել:  

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում  հայտնում է, որ խոսքը Վարդանյան Վազգեն Բախշիկի և Ջամալյան Արմեն Գնելի մասին է։ Հովհաննիսյանը մասնավորապես գրել է.

«Օգոստոսի 23-ին մոլորված և Ադրբեջանի տարածքում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին խոշտանգելու և սուտ ցուցմունք կորզելու արդյունքում Ադրբեջանը փորձում է հայկական կողմին ներկայացնել , որպես ահաբեկչական գործողություններ իրականացնող։ Այն հոդվածներով, որոնցով հայտարարվել է հետախուզում ահաբեկչության մեղադրանքներ են։ Ադրբեջանը գնում է իր ավագ եղբոր՝ Թուրքիայի ճանապարհով։ Փորձում է ահաբեկչության մեջ մեղադրել հակառակորդներին և ստանալ արտաքին ուժերի կանաչ լույսը։ Այս սպաների նկատմամբ հետախուզում հայտարարելը ֆանտաստիկայի ժանրից է և Ադրբեջանի հերթական ապակառուցողական հերթական քայլը»,-գրել է փորձագետը։ 

Հավելենք, որ Ադրբեջանը միջազգային հետախուզում հայտարարելու հարցով մշտապես դիմում է  «Ինտերպոլ» միջազգային կազմակերպությանը, սակայն գերատեսչությունը մերժում է նրանց պահանջը:

Դիտվել է 71609անգամ
Վերջին լուրեր