11 / Սեպտեմբեր / 2020 : 21-07

Ադրբեջանի ՊՆ-ն պատժել է գերեվարված հայ սպային տեսանկարահանած զինվորականներին

Օգոստոսի 23-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով մոլորված և Ադրբեջանում հայտնված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանին գերեվարողներից 1 սերժանտ, 4 պայմանագրային զինծառայող հեռացվել են բանակի շարքերից, զորամասի ու դասակի հրամանատարներին զրկել են կոչումից, ընդհանուր առմամբ պատժել են 14 զինվորականի։ Հեռացնելու համար որպես պատրվակ է նշվել զինվորականների՝ հայ սպային գերեվարելուց հետո դեպքը սմարտֆոնով նկարահանելը,- հայտնում է Ռազմինֆոն։

Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը։ Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսանյութը համացանցում տարածվել էր նրա մոլորվելու օրն Ադրբեջանի ՊՆ հայտարարությունից մեկ ժամ անց։

Ադրբեջանական «Virtual Azərbaycan» լրատվականը փորձել է պաշտպանության նախարարությունից ճշտել այս լուրը, ինչին ի պատասխան ՊՆ մամուլի ծառայությունից նշել են, թե «ապատեղեկատվություն է, պարզապես հեռացվել են որոշ զինվորականներ, որոնք խախտել են բանակում սմարտֆոն չօգտագործելու մասին օրենքը։ Այդ զինվորականները նկարահանել են հայ սպային և ուղարկել ծանոթ-բարեկամներին»։ Այդպիսով՝ Ադրբեջանի ՊՆ-ն, իրականում, հերքելով հաստատում է տարածված նյութերի պատճառով զինվորականներ հեռացնելու փաստը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը փորձում է Գուրգեն Ալավերդյանին ներկայացնել որպես դիվերսանտ, այդ նպատակով օգոստոսի 24-ի երեկոյան Ադրբեջանի ՊՆ-ն Ալավերդյանի լուսանկարի հետ միասին հրապարակել էր նաև իբրև թե նրա իրերի լուսանկարը, որտեղ կան սև գույնի հատուկ հանդերձանք (разгрузка), ԱԿ-103 ինքնաձիք, պահունակ, նռնակ և կապի միջոց: Սակայն գերեվարման օրը սոցցանցերում վերոհիշյալ զինվորականների տարածած տեսագրությունում Ալավերդյանը առանց այդ հանդերձանքի է, ինչն ակնհայտորեն մատնում է ադրբեջանական բեմադրությունը։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե «դիվերսիոն փորձը» եղել է Գորանբոյի ուղղությամբ: Բեմադրության համար իրեր գտնելու հարցում «շատ հեռու չէր գնացել». հենց Գորանբոյում, համեմատաբար առաջնագծին մոտ, տեղակայված է Ադրբեջանի ԶՈւ զորային հետախույզների լեռնային պատրաստության կենտրոնը, որտեղ կուրսեր անցնող զինծառայողները մարզումների ընթացքում կրում են նաև սև հանդերձանք, ինչպես նաև ցուցադրված разгрузка-ից, կամ դրան շատ նման մոդելներ: Հետաքրքիր զուգադիպությամբ նույն կենտրոնի զինծառայողները զինված են նաև հենց ԱԿ-103 մոդելի ինքնաձիգներով:

Նշենք նաև, ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանի դեմ Ադրբեջանում քրեական օրենսգրքի 5 տարբեր հոդվածով կեղծ մեղադրանքներ են առաջադրվել, որոնցով առավելագույնը 20 տարվա ազատազրկում է նախատեսվում։

Ադրբեջանի ԶՈւ հետախույզները այդ սև (разгрузка)-ով:

Դիտվել է 102803անգամ
Վերջին լուրեր